14/02/2026

Ի՞նչ օրակարգ և ժամանակացույց ունի Ալիևի Մյունխեն այցը

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնել է, որ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Ինչպես հայտնի է, փետրվարի 14-15-ին գումարվում է Մյունխենի անվտանգության ամենամյա խորհրդաժողովը:

Առայժմ հստակ չէ, թե ի՞նչ օրակարգ և ժամանակացույց ունի Ալիևի Մյունխեն այցը, հայտնի է, որ նա հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի և Իրաքյան Քրդստանի ինքնավարության ղեկավար Նաչիրվան Բարզանիի հետ:

Սլովակիայի հետ Ադրբեջանը վերջերս սպառազինությունների գնման խոշոր պայմանագիր է ստորագրել: Ըստ տեղեկությունների, խոսքը վերաբերում է ինքնագնաց ականանետերի մասին:

Ադրբեջանական մամուլը գրել է, որ հաշվի է առնվել ռուս-ուկրաինական պատերազմի փորձը, երբ հրետանային և համազարկային ռեակտիվ կրակի համակարգերը ԱԹՍ-երի համար «վերածվում են հեշտությամբ խոցելի թիրախների»:

Ինչ վերաբերում է Իրաքյան Քրդստանի ինքնավարության ղեկավարին, ապա, նրա հետ Ալիևը վաղեմի կապեր ունի:

Նույն օրը սոցիալական X հարթակում գրառում է կատարել Իրանի թագաժառանգ Ռեզա Պահլավին: Նա արտերկրում բնակվող իրանցիներին կոչ է արել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում կազմակերպել և բողոքի ցույցեր անցկացնել, իսկ Իրանի բնակիչների հորդորել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի օրերին «դուրս գալ պատշգամբներ, բարձրանալ շենքերի կտուրներին և կրոնապետության դեմ կարգախոսներ հնչեցնել»:

Պահլավին Իրանի ժողովրդին և արտերկրում բնակվող իրանցիներին տեղեկացրել է, որ մեկնում է Մյունխեն, որպեսզի անվտանգության խորհրդաժողովի նիստին ելույթ ունենա:

Ե՞րբ է, ի՞նչ լսարանի համար է ծրագրված ելույթը, Պահլավին չի մանրամասնել: Հայտնի է, որ Մյունխենի խորհրդաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը, ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, Չինաստանի արտգործնախարար Վան Ին: ԱՄՆ պետքարտուղարը, Չինաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը լսելո՞ւ են Իրանի թագաժառանգ Պահլավիին:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Բաքու այցից մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Նասիրզադեին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել:

Թագաժառանգ Պահլավին, անկասկած, Մյունխենում բարձրացնելու է Իրանի ժողովրդին «կրոնապետության բռնություններից ազատելու անհրաժեշտության» հարցը:

Ադրբեջանի նախագահը կմասնակցի՞ Պահլավիի ելույթի նիստին, կլսի՞ Իրանում կրոնապետությունը տապալելու և ժողովրդավարական պետություն կառուցելու մասին նրա փաստարկները:

Պահլավին խոստացել է կրոնապետության տապալման հաջորդ օրը ճանաչել Իսրայել պետությունը և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Մյունխենի խորհրդաժողովին ընդառաջ՝ Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքը պարսկերեն կոչ է հղել Իրանի ժողովրդին և համագործակցության առաջարկ արել:

Պահլավիի ելույթին Ալիևի ներկայությունը կդիտվի իբրև Իրանում ռեժիմի փոփոխությանն աջակցություն: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանամետ մամուլը և պատմագիտական շրջանակները Պահլավիին օրինական թագաժառանգ չեն համարում:

Նրանք պնդում են, որ Իրանը մի քանի հարյուրամյակ կառավարվել է թուրքական ծագման՝ Սեֆյան և Ղաջարական, արքայատոհմերի կողմից: Թագաժառանգ Պահլավին շուրջ մեկամսյա լռությունից հետո կրկին հրապարակ է իջել: Դա որևէ կապ ունի՞ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Բաքու այցի հետ: