21/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Կրեմլում ոչ բոլորն են տեղյակ եղել Հատուկ ռազմագործողություն սկսելու որոշման մասին. «The Guardian»

Նույնիսկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մինչև վերջ տեղյակ չեն եղել, որ Վլադիմիր Պուտինը որոշել է Հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի դեմ, գրել է «The Guardian»-ը։

Գործողությունից 1 շաբաթ առաջ ռուսական էլիտայի մեծ մասը պատկերացում անգամ չի ունեցել, թե ինչ է պատահելու։ «Կրեմլի բարձրաստիճան մի անձ զանգահարեց ինձ և ասաց. «Պուտինի շուրջ շատ զինվորականներ կան, մթնոլորտը լարված է, ինչ-որ բան է կատարվում, բայց մենք չգիտենք՝ ինչ»», – ասել է հրատարակության աղբյուրներից մեկը։

«The Guardian»-ի աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն իմացել է մի բան, որը մյուսները չեն իմացել։ Պուտինը ցանկացել է, որ բոլորը մասնակցեն այս որոշմանը։

Միայն մեկ մարդ է բացահայտորեն դեմ եղել Կրեմլի հանդիպմանը։ Դա Նախագահական վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակն է եղել․ Պուտինի ամենահին համախոհներից մեկը, որը նրան ճանաչում էր 1990-ականների կեսերից։ Կոզակը «սարսափած է եղել» Պուտինի ծրագրերից, բայց թե ինչ է կատարվում, հասկացել է միայն Կրեմլի հանդիպման օրը։

Հրապարակման համաձայն՝ այդ հանդիպման ժամանակ Կոզակը Պուտինի հետ վիճել է ոչ թե բարոյական, այլ ռազմավարական տեսանկյունից։ Կոզակի կարծիքով՝ որ հարձակումն աղետալի կլինի, չնայած չի իմացել, թե ինչ է պլանավորում Ռուսաստանի նախագահը՝ Դոնբասի հետ կապված սահմանափակ գործողությո՞ւն, թե՞ լայնածավալ պատերազմ։ Հանդիպումից հետո Կոզակը մնացել է միայնակ Պուտինի հետ և շարունակել է վիճել։ Կոզակի ելույթը կտրվել է հեռուստատեսային հեռարձակումից։ 2025 թվականի վերջին նա հրաժարական է տվել նախագահի վարչակազմում իր բոլոր պաշտոններից։

Մոսկվան գնահատել է, որ ուկրաինացիների միայն 10%-ը պատրաստ կլինի դիմադրել ռուսական զորքերին։ Մնացածը (90%), Կրեմլի կարծիքով, կա՛մ ակտիվորեն կաջակցի ռուսական զորքերի տեղակայմանը, կա՛մ, ի վերջո, կընդունի այն «մի փոքր դժգոհելուց» հետո։

Ռուսաստանի Հատուկ ռազմական գործողությունից մեկ օր առաջ Վլադիմիր Զելենսկին փորձել է կապվել Պուտինի հետ, բայց մերժում է ստացել։