21/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Ուր է տանում ՆԱՏՕ-ն Դոնալդ Թրամփը

Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ուժեղացել է ամերիկյան կողմի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա։ Միացյալ Նահանգները, բացի ռազմական ծախսերի ավելացման պահանջից, ձգտում է հասնել նրան, որ սահմանափակվեն մի շարք արտաքին գործունեության ուղղություններ, որոնք իրականացվել են Արեւմտյան ռազմաքաղաքական դաշինքի կողմից, այդ թվում նաեւ՝ ավարտվի առաքելությունը Իրաքում։

Այս մասին գրում է Politico պարբերականը, չորս իրարից անկախ դիվանագիտական աղբյուրների փոխանցած տեղեկությունների վրա հիմնվելով։

Համաձայն հոդածի, ամերիկյան կողմը պնդում է, որպեսզի Ուկրաինան եւ դաշինքի Խաղաղօվկիանոսյան գործընկերները՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, չհրավիրվեն ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովներին, որոնք տեղի են ունենալու այս տարվա հուլիսին՝ Անկարայում։

Վաշինգտոնը նաեւ պնդում է, որպեսզի սահմանափակվի դաշինքում Կոսովոյի ներկայությունը։ Միաժամանակ, Միացյալ Նահանգներն առաջարկել է, որ մինչեւ այս տարվա սեպտեմբեր ավարտվի Իրաքում դաշինքի առաքելության իրականացումը։ Առաքելությունը հաստատվել էր 2018 թվականին՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետում եւ հետագայում մի քանի անգամ ընդլայնվել էր Բաղդադի խնդրանքով։

Այդ առաքելության նպատակն էր ամրապնդել իրաքյան անվտանգային համակարգերը եւ կանխել «Իսլամական պետության» վերադարձը։ Վաշինգտոնի եւ Բաղդադի միջեւ 24 թվականին ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ Սպիտակ տունը նախատեսում է ավելի քան 2,5 հազար զինվորականների դուրս բերում Իրաքից։ Դա ամերիկյան գործող վարչակազմի ընկալմամբ, մաս է կազմում նախագահ Թրամփի՝ «անվերջանալի պատերազմներին վերջ դնելու» նախընտրական խոստման։

Դաշինքի ներսում այս հարցը դիմադրության է արժանացել․ Շատերը ՆԱՏՕ-ի ներսում կողմ են եղել Իրաքյան առաքելության կրճատմանը, սակայն ավելի հեռու ապագայում։ Վերջնական որոշում դեռ չկա եւ դրա համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի բոլոր 32 անդամների համաձայնությունը։

Այս ամենը Politico-ն գնահատում է որպես դաշինքի մեծածավալ վերանայում, որի հիմքում Վաշինգտոնի մտադրությունն է, դաշինքը վերաձեւավորել եւ կենտրոնացնել զուտ միայն եվրաատլանտյան պաշտպանության վրա։

Դա նշանակում է, որ դաշինքը վերադառնում է իր նախնական դիրքերին, որի պարագայում արտաքին գործընկերային ֆորմատներն ու նախաձեռնությունները կասեցվում են։ Այս դեպքում, դաշինքի արտաքին գործունեությունը միայն այն դեպքում կլինի թույլատրելի, եթե համապատասխանի պաշտպանության եւ զսպման հիմնական առաջադրանքներին եւ նպատակներին: