21/02/2026

EU – Armenia

EU – Armenia

«Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին եւ սպասիր` ջուրը թշնամուդ դին կբերի»

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, հավանաբար, հետեւում է չին հայտնի փիլիսոփայի խորհրդին. «Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին եւ սպասիր` ջուրը թշնամուդ դին կբերի»:

Հրապարակ թերթը գրել է․ Ոմանք, իհարկե, համաձայն չեն այն մարտավարության հետ, որը որդեգրել է Վեհափառը, եւ որով առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցին, ու կարծում են, որ Մայր Աթոռը պետք է կտրուկ գործողությունների դիմի, պայքարող լինի, թույլ չտա, որ իր զավակներին կալանավորեն ու խոշտանգեն:

Բայց պարզ է, որ պետության, նրա ուժայինների, նրա լծակների դեմ միայն արդարությամբ, Աստծո զորությամբ եւ համբերատարությամբ չես կարող պայքարել: Մանավանդ՝ երբ իշխանությունն այդ պետական լծակները կիրառելու հարցում ո՛չ կոմպլեքսներ ունի, ո՛չ օրենքը պահելու խնդիր եւ օտար զավթիչի նման է վերաբերվում սեփական Եկեղեցուն ու նրա սպասավորներին:

Գուցե հիստերիկ ու անօրեն իշխանության դեմ պայքարելու ոչ պակաս արդյունավետ միջոց է «գետի ափին նստելն ու ջրի բերած դիակին սպասելը», ինչը եւ անում են Մայր Աթոռն ու նրա առաջնորդը: Ընդ որում, արդեն փոքրիկ, բայց հաստատուն հաջողություններ ունեն իրենց սպասումի մեջ:

Չնայած բոլոր խոչընդոտներին, ապօրինություններին եւ իշխանության սահմռկեցուցիչ անամոթությանը, որով փորձեցին կանխել Եպիսկոպոսաց ժողովը, այն կայացավ եւ բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ:

Չնայած իշխանական բոլոր լծակների, ճնշումների կիրառմանը, գայթակղություններին, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմանը, 7-8 ամիս տեւող հակաեկեղեցական պայքարը զրո արդյունք է գրանցել եւ փակուղի մտցրել նենգ ծրագրի հեղինակներին:

Եվ, վերջապես, անասելի ճնշումների պայմաններում Եկեղեցուց պոկված 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկը դարձի եկավ ու վերադարձավ կանոնական ուղի: