Փետրվարի 20-ին, ղարաբաղյան Շարժման տարեդարձի օրը, Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել Հայտարարությամբ և վստահեցրել, որ «ամեն ջանք գործադրելու են՝ ժողովրդի Արցախ վերադառնալու իրավունքը իրացնելու համար»:
Խորհրդարանականները գնահատել են նախընթաց պատմական շրջափուլը և ձևակերպել, որ հազարավոր «նվիրյալների կյանքի ու մեր աղջ ժողովրդի հերոսական պայքարի գնով մենք… մոտ էինք մեր ու մեր նախնիների դարավոր երազանքի իրականացմանը՝ մայր հայրենիքի և պետության հետ լիարժեք միասնությանն ու համաքայլ ընթացքին»:
Ի՞նչը կասեցրեց այդ «համաքայլ ընթացքը»: Ըստ Արցախի ԱԺ խմբակցությունների, «Հայաստանի ներկայիս իշխանությունների արկածախնդրի «քաղաքականության», Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմանադրությունների և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն խախտումների արդյունքում» Արցախի ժողովուրդը «ոչ միայն կորցրեց … ձեռք բերվածը, այլև արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտումների ու ցեղասպանության՝ ամբողջովին արտագաղթելով Արցախից»:
Փետրվարի 15-ին ֆրանսիական հեղինակավոր France 24 հեռուստաընկերությանը հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրությանը ներկայացրել է, որ «Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ փոխգործակցության մի քանի փուլ է եղել, բայց վերջում նրանք նախընտրել են տեղափոխվել Հայաստան»:
Արցախի ԱԺ խմբակցությունները, փաստացի հաստատում են, որ 2023թ. սեպտեմբերի վերջին օրերին Արցախի բնակչությունը ոչ թե բռնատեղահանության է ենթարկվել, այլ «արտագաղթել» է: Եվ դա տեղի է ունեցել «Հայաստանի ներկայիս իշխանությունների արկածախնդիր «քաղաքականության», նրա կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն խախտումների արդյունքում»:
Եթե սույն ձևակերպման հեղինակները չգիտեն, թե ինչ վտանգավոր թեզեր են միջազգային շրջանառության մեջ դնում՝ Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի, ԼՂՀ պետականության լուծարման եւ բնակչության տոտալ բռնատեղահանության պատասխանատվությունը բարդելով Հայաստանի գործող իշխանության պատասխանատվությանը, ապա պետք է նրանց քաղգրագիտության «մակարդակի» համար խորապես ցավել:
Իսկ եթե դա արվել է գիտակցաբար և այն ըմբռնումով, որ հակաքարոզչությունը դիվիդենտներ է բերելու Նիկոլ Փաշինյանի և ՔՊ կուսակցության մրցակիցներին, ուրեմն գործ ունենք ԼՂ հայ բնակչության ազատ կամարտահայտությունը մանիպուլյացիայի ենթարկելու և նրան ընտրություն պարտադրելու դիրքորոշման հետ:
Այդ ճանապարհով հաստատ Արցախ վերադարձի իրավունքը հնարավոր չէ իրացնել:

Բաց մի թողեք
Ռուսաստանն անոնսավորում է երկարատև պատերազմ
Թեհրանում ներքաղաքական ճգնաժամ կհասունանա՞, Խամենեին արժանապատվությունը բարձր կգնահատի՞
Հաջիևը բացահայտել է, որ «դատավճիռները» փետրվարին են կայացել