Նախօրեի ուշ երեկոյան Մայր Աթոռն Ավստրիայում տեղի ունեցող Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունը տարածեց, ինչը բավականին արագ ու լայն տարածում գտավ եւ ոչ միանշանակ ընդունվեց հավատավոր հանրույթի կողմից:
Մի մասը ողջունեց եւ համարեց, որ այն բավականին սուր եւ հոգեւոր աշխարհին սազական հայտարարություն էր, որով ՀԱԵ 25 եպիսկոպոսներն իրենց վճռականությունն են հայտնում, որ հայոց եկեղեցին ամուր է, իսկ նրա հայրապետը՝ անփոփոխելի: Մյուս մասը որոշակիորեն հիասթափված էր, քանի որ այլ սպասելիքներ ուներ հավաքից:
Օրինակ` ակնկալում էին, որ տիրադավ հոգեւորականները կարգալույծ կարվեն, իսկ հավաքը եւ Վեհափառը նրանց կարգալույծ հռչակելու փոխարեն արդեն քանիերորդ անգամ դարձի գալու կոչեր են անում, եւ այնպիսի տպավորություն է, որ Գարեգին Բ կաթողիկոսը եւ բարձրաստիճան հոգեւորականները դեռ հույսեր են փայփայում՝ իշխանությունների հետ հարաբերությունները լավացնելու, շտկելու առումով: Կարծում են, որ իրենց ամենավատ բառերով պիտակավորած, իրենց եղբայրներին բանտարկած Փաշինյանն ու թիմը դեռ կարող են գիտակցել իրենց պահվածքի անթույլատրելիությունը եւ դարձի գալ, ինչպես Կճոյանն ու մյուս 8 տիրադավները:
Ի դեպ, այն, որ Փաշինյանի այս պայքարը լիովին ձախողված է, ոչ միայն ապացուցվում է նրանով, որ նա այլեւս քայլեր չունի անելու` ինչ հնարավոր էր, արել է եւ արդյունքի չի հասել, այլ նաեւ նրանով, որ 10 տիրադավներից մեկը` ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, վերադարձավ կանոնական դաշտ եւ ստորագրել է եպիսկոպոսների այս հայտարարությունը: Պարզապես միամտություն է կարծել, որ Նիկոլ Փաշինյանի հետ կարելի է կոմպրոմիսի գալ` ով ծնկում է նրա առաջ, վաղ թե ուշ զղջում է եւ ավելի թանկ վճարում. Առուշ Առուշանյանի, Արմեն Չարչյանի, Հովիկ Աբրահամյանի եւ շատ ուրիշների օրինակն ապացուցում է դա:
Հրապարակ թերթը փորձել է Հայաստանի մի քանի եպիսկոպոսներից մեկնաբանություն ստանալ՝ Եպիսկոպոսաց ժողովի եւ ամփոփիչ հայտարարության վերաբերյալ, սակայն հավաքին մասնակցած եպիսկոպոսներից մի քանիսը հայտարարեցին, որ չեն ուզում խոսել, մեկն ասաց` չի պատրաստվում բավարարել մեր ընթերցողների հետաքրքրությունները:
Զրուցել են Տեր Զարեհ քահանա Աշուրյանի հետ:
– Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը շատերի մոտ տարակուսանք է առաջացրել, մարդիկ ավելի կտրուկ, վճռական հայտարարության էին սպասում: Ի վերջո` ինչո՞ւ է Վեհափառը, ըստ Ձեզ, տիրադավներին շարունակ հորդորում դարձի գալ եւ վերադառնալ Եկեղեցու կանոնական դաշտ: Չէ՞ որ նրանք այդքան հայտարարություններ են արել Եկեղեցու դեմ, փնովել են կաթողիկոսին, դավաճանել: Առհասարակ` իշխանությունների հետ այս փուլում կոմպրոմիսի գնալու փորձերը տեղի՞ն են:
– Ամեն դեպքում, Եկեղեցին չի կարող հասարակության կարծիքով եւ պահանջներով առաջնորդվել: Եկեղեցին միշտ էլ սխալներից հետ կանգնելու համար մարդկանց հնարավորություն է տալիս: Աստվածաշնչի մեջ հստակ գրված է, որ Աստված մեղավորի մահը չի ուզում…. ցանկացած մարդ, ով գործում է սխալներ, ունի հնարավորություն՝ դրանցից հետ կանգնելու: Եկեղեցին հենց այս սկզբունքով է առաջնորդվում, այ, եթե Եկեղեցին լիներ աշխարհիկ կառույց, բնականաբար, մարդկանց սպասելիքները կլինեին տեղին, սակայն ո՞րն է Եկեղեցու շահը` մարդկանց ապաշխարած հոգիները: Ի վերջո` Եկեղեցու նպատակը մեղավորներին դարձի բերելն է: Քրիստոսը 99-ին թողեց ու գնաց մեկ մոլորվածի հետեւից: Այդպես է գրված Ավետարանում:
– Իսկ հնարավոր չէ՞ նրանց Եկեղեցուց դուրս բժշկել: Ի վերջո, այդ մարդիկ արդեն քանիցս Եկեղեցու դեմ կոնկրետ հայտարարություններով ու գործողություններով են հանդես եկել: Հավատավոր մարդիկ այլեւս նրանց չեն վստահում:
– Դա արդեն ամեն մեկի անձնական մոտեցումն է` նմաններին կվստահեն, թե ոչ, բայց, ամեն դեպքում, եթե նրանք վերադառնան Եկեղեցի, Եկեղեցին պետք է նրանց հնարավորություն տա: Ապաշխարող մարդուն չենք կարող մերժել: Եթե մարդն ուզում է դարձի գալ, մենք չենք կարող նրա դարձի ճանապարհը փակել: Կարող ենք մեղավորին հանել Եկեղեցուց, դա Եկեղեցու իրավունքն է, սակայն մեր շահը ապաշխարող հոգին է, մեր շահը կորցնելը չէ, դա ամենահեշտ բանն է: Մենք պետք է շահենք:
– Ինչպե՞ս է ստացվում, որ Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդին այդպես էլ Եկեղեցին չներեց եւ գնաց նրան կարգալույծ անելու քայլին, իսկ մյուս 8-ի դեպքում չի գնում, ինչո՞վ է այդ մեկը տարբերվում մյուս տիրադավներից:
– Եթե նա էլ ապաշխարության խոսքով հանդես գա, նրան էլ չեն զրկի հնարավորությունից, բայց եթե մարդը շարունակում է մեղք գործել, ամենուր վարկաբեկում է Եկեղեցին, Վեհափառին մեղադրում է պետական դավաճանության մեջ եւ այլն, արդեն իսկ դա նշանակում է, որ նա քանդող է, արդեն իսկ նա պառակտիչ է ու գայթակղող մարդկանց համար:
– Այդ դեպքում` մարդիկ ճի՞շտ են մտածում, որ նաեւ իշխանությունների հետ կարող է Եկեղեցին կոմպրոմիսի գնալ:
– Ես չեմ կարող նման հարցեր մեկնաբանել: Ես անձամբ կարծում եմ, որ մեղավոր մարդը քանի դեռ ապրում է, Աստված նրան ապաշխարելու հնարավորություն է տալիս, դարձի գալու: Եթե պատկերավոր ասեմ, ապա, եթե երկու զավակ ունես, մեկը՝ հիվանդ, մեկը` առողջ, որի՞ն ավելի շատ ուշադրություն կդարձնես: Հիվանդին, չէ՞, քանի որ նա ունի խնամքի կարիք: Եկեղեցին միշտ էլ այդպես է առաջնորդվել, անձի հարցը չէ այստեղ: Կարեւորը՝ մեղավոր մարդը հետ կանգնի մեղքերից:

Բաց մի թողեք
Տեղի համայնքապետը գյուղում ավազի հանք է շահագործում
«Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին եւ սպասիր` ջուրը թշնամուդ դին կբերի»
Ինչպես է լավ կառավարման պատրանք ստեղծվում