21/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Անահիտ Մանասյանի համար էլ այդ օրը կգա՝ որքան շուտ, այնքան՝ լավ․ Կարապետյանց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որևէ հստակ պատասխան չունի` արդյոք խախտվե՞լ են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի իրավունքները։ ՀՀ կառավարության նիստից հետո հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց նրանից` արդյոք ՄԻՊ–ի համար ևս, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի դեպքում, Գարեգին 2–րդը կաթողիկոս չէ՞։

«Ես այս հարցին բազմիցս եմ անդրադարձել. ես ՄԻՊ եմ, որը որևէ իրավասություն չունի որևէ մեկին ճանաչելու կամ չճանաչելու եկեղեցու ղեկավար, կրոնական կազմակերպության ղեկավար։ Ես պաշտպանում եմ նրանց իրավունքները և զբաղվում եմ իրավունքների պաշտպանությամբ»,– հայտարարեց Մանասյանը։

Լրագրողի մյուս հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք խախտվա՞ծ են Ամենայն հայոց կաթողիկոսի իրավունքները` հաշվի առնելով գործադիր մարմնի ղեկավարի հայտարարությունները, ինչպես նաև հարուցված քրեական գործը, և նաև` արդյոք օմբուդսմենը պլանավորո՞ւմ է Գարեգին 2–րդի հետ հանդիպում, թե ոչ։

«Խնդրի վերաբերյալ ես բազմիցս խոսել եմ, հատուկ շեշտադրել եմ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը հարգելու կարևորությունը։ Սրա մասին նոր չէ, որ արտահայտվում եմ, առավել ևս վերջին իրադարձությունների հետ կապված, որոնք վերաբերել են դատական ակտը չկատարելու հիմքով քրեական վարույթ նախաձեռնելուն, քրեական հետապնդումներին։

Հատուկ խոսել եմ նաև այն մասին, որ թեև մենք հիմա գործ ունենք դատական ակտի հետ, և բոլորս ենք ինչ–որ առումով սահմանափակված հարցի վերաբերյալ շատ ավելի կոշտ դիտարկումներ ներկայացնելու հանգամանքով»,– հայտարարեց նա։ Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը իբրեւ թե խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Իրավապաշտպան, քաղաքական գործիչ Նինա Կարապետյանցը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Անահիտ Մանասյանի վերոնշյալ հայտարարությունների մասին, նկատում է. «Անահիտ Մանասյանը որոշակի մանիպուլյացիայի էլեմենտ կիրառեց իր խոսքում: Երբ դու խոսում ես կաթողիկոսի մասին, հատկապես այն ձևով, այն բառերով, որոնցով որ խոսում են վերջինիս մասին ՔՊ-ականներն ու ՔՊ-ի պրոպագանդիստները, դա բացահայտ գործողություն է խղճի ազատության դեմ: Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը Առաքելական եկեղեցու հետևորդ է: Այդ բոլոր մարդկանց կրոնական զգացմունքները այսօր ոտնահարվում են, այս պատմությունը կաթողիկոսի մասին չէ, սա յուրաքանչյուր Հայ առաքելական եկեղեցու հետևորդի խղճի ազատության դեմ խախտում է: Երբ կրոնական կազմակերպություններ են ներխուժում անձինք, ովքեր ոչ մի կապ չունեն կազմակերպության հետ, երբ արարողությունների ժամանակ զեղչումներ են իրականացվում` մի մարդու հրահանգով, ով չունի նման բան անելու լիազորություններ, երբ եկեղեցիների դռները ջարդելով բացում ու ներս են մտնում, դա մեզանից յուրաքանչյուրի դեմ կոնվենցիոն իրավունքի խախտում է: Չտեսնել ու չլսել այդ ամենը և ասել` ես կաթողիկոսով չեմ զբաղվում, կամ զբաղվում եմ, ինձ հետաքրքիր է, կամ հետաքրքիր չէ, խիստ տգեղ ու ոչ կոռեկտ է: Տիկին Մանասյանը ստիպված է այդպես խոսել, քանի որ մեծ կախվածության մեջ է իշխանություններից, ինչպես նաև ջերմ հարաբերություններ ունի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ցավում եմ նրա համար, քանի որ Ա. Մանասյանի լռությունը որպես ՄԻՊ, ցավոք, անդրադառնում է ողջ հայ հասարակության վրա: Այս ամենը նաև հոգեբանական ճնշման ձև է, հոգեբանական բուլինգ է: Մեր գրեթե բոլոր ՄԻՊ-երը իրենց պաշտոնավարման սկզբնական շրջանում դժվար են կողմնորոշվել, սակայն ավարտական փուլում ճիշտ գործողություններ են արել և ամեն մեկը ցույց է տվել, որ կարող է լինել նորմալ ՄԻՊ, հուսամ Անահիտ Մանասյանի դեպքում էլ այդ օրը կգա, այն որքան շուտ գա, այնքան լավ իր համար»: