Օրինագծով առաջարկվում է պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը՝ սահմանելով հստակ շեմեր և ազատելով քաղաքացիներին մի շարք եկամուտների հայտարարագրումից։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակվել էր «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նոր կարգավորմամբ քաղաքացիներն ազատվում են մի շարք եկամուտների հայտարարագրումից՝ պայմանով, որ դրանք չեն գերազանցում սահմանված շեմերը։ Քաղաքացիները կարող են կամավոր հայտարարագրել այդ եկամուտները՝ անկախ շեմը չգերազանցելու հանգամանքից, սակայց եթե շեմը գերազանցվում է, հայտարարագրման ենթակա է ամբողջ գումարը։
Հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակները և շեմերը
Մինչև 300 հազար դրամի շեմով՝
Ժառանգության և նվիրատվության կարգով ոչ ընտանիքի անդամներից ստացվող գույք և դրամական միջոցներ՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։ Այս շեմը չի տարածվում բազմաբնակարան շենքերի կառուցապատողներից նվիրատվությամբ ստացվող գույքի վրա։
Ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները և ծառայությունները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները և ծառայությունները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։
Սեփական գույքի օտարումից ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։ Բացառություն են կազմում բազմաբնակարան շենքերի կառուցապատողներից շենքերի, բնակարանների օտարումից և հողամասերի օտարումից ստացվող եկամուտները։
Աշխատողի ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ ստացվող օգնության գումարները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։
Մինչև 5 միլիոն դրամի շեմով՝
Ոչ ընտանիքի անդամներից ստացվող փոխառությունների գումարները՝ մինչև 5 միլիոն դրամը ներառյալ։ Սա չի տարածվում այն դեպքերի վրա, երբ պարտատերը զիջում է փոխառության գումարը կամ համաձայնում է այն չվերադարձնելու։
Պետության կամ համայնքների կարիքների համար անշարժ գույքը վերցնելու դիմաց վճարվող եկամուտները՝ մինչև 5 միլիոն դրամը ներառյալ։
Մինչև 3 միլիոն դրամի շեմով՝
Ավտոտրանսպորտային միջոցի թրեյդ-ին օտարումից լիցենզավորված կազմակերպություններից ստացվող եկամուտները՝ մինչև 3 միլիոն դրամը ներառյալ։
Սեփական գույքի օտարումից բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտները, եթե այդ գույքը հետագայում տրամադրվում է լիզինգով՝ մինչև 3 միլիոն դրամը ներառյալ։
Մինչև 1 միլիոն դրամի շեմով՝
Ոսկու և թանկարժեք քարերի հարկային գործակալին օտարումից ստացվող եկամուտները՝ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ։
Հայտարարագրումից լրիվ ազատվող եկամուտները՝ անկախ գումարից
Վարկերի գումարները՝ լրիվ ազատվում են հայտարարագրումից, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտատերը զիջում է վարկի գումարը կամ համաձայնում է այն չվերադարձնելու։
Ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները՝ անկախ գումարից։
Պետական պարգևները՝ անկախ գումարից։
Գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները՝ յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով։
Մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակները՝ յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով։
Վիճակախաղերից, տոտալիզատորից և խաղատներից ստացվող շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով։
Գործուղման ծախսերի փոխհատուցման վճարները՝ օրենքով սահմանված չափերի սահմաններում։
Ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների, հաշմանդամ ճանաչվածների կամ անհայտ կորածների ընտանիքներին տրված վարկերի ներման արդյունքում ստացվող եկամուտները՝ անկախ գումարից։
Եթե եկամուտը գերազանցում է սահմանված շեմը, այն հայտարարագրման ենթակա է ամբողջ գումարի չափով, ոչ թե միայն շեմը գերազանցող մասը։ Վարկերը՝ անկախ գումարից, ազատ են հայտարարագրումից, իսկ փոխառությունները՝ միայն մինչև 5 միլիոն դրամի շեմով։ Ընտանիքի անդամներից ստացվող եկամուտները ընդհանրապես հայտարարագրման ենթակա չեն՝ անկախ գումարից։ Ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները։
Նոր շեմերը կիրառելի են միանվագ ստացվող եկամուտների դեպքում։ Քաղաքացիները կարող են կամավոր հայտարարագրել նաև այն եկամուտները, որոնք շեմը չեն գերազանցում։ Սա կարող է օգտակար լինել սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի և հետագա հաշվետու տարիների համար ներկայացվող եկամտային հարկի տարեկան հաշվարկների վրա։

Բաց մի թողեք
Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական են ճանաչվել․ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը
Հնդկաստանի արհեստական բանականության գագաթնաժողովի ամենատարօրինակ պահերը. կորած աստղեր, երթևեկության քաոս և ռոբոտ-շան վեճ
Հունգարիան արգելափակում է Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը