21/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Ռուսաստանն անոնսավորում է երկարատև պատերազմ

Հարցին, թե Ժնևի եռակողմ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկին արդյունքների մասին նախագահ Պուտինին արդեն զեկուցե՞լ է, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրական է պատասխանել, բայց որևէ այլ տեղեկություն չի փոխանցել:

Նա միայն հավաստիացրել է, որ «նոր շփումներ կլինեն մոտ ապագայում»: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, հղում անելով պաշտոնական աղբյուրին, հայտնել է, որ Ժնևից մեկնելուց առաջ ՌԴ նախագահի օգնական Մեդինսկին «մոտ երկժամյա փակ հանդիպում է ունեցել ուկրաինական կողմի հետ»:

Ուկրաինական աղբյուրներն այդ փաստը հաստատել են: Ըստ տեղեկությունների, Մեդինսկին հանդիպել է Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովի և Գերագույն ռադայում իշխող խմբակցության ղեկավար Արախամիայի հետ:

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները, հղելով արևմտյան անանուն աղբյուրնների, գրել են, որ ուկրաինական պատվիրակությունը «մասնատվել» է:

Ուշագրավ է, որ պաշտոնապես Ուկրաինայի պատվիրակության ղեկավար է հանդիսանում նախագահի գրասենյակի ղեկավար Բուդանովը, բայց Մեդինսկին հանդիպել է Ումերովի և Արախամիայի հետ:

Ըստ երևույթին, այդ փակ հանդիպման արդյունքները կամ հետագա քննարկումների հեռանկարը Մոսկվայի համար այնքան էլ հուսդրող չէ: Ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը հերքել է տեղեկությունը, թե Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «տասներկու տրիլիոն դոլարի ընդհանուր արժեքով բիզնես-առաջարկությունների փաթեթ է ներկայացրել», թեև նախօրեին ասել է, որ «համատեղ գործունեության ծրագրերի արժեքն ավելին է, քան ներկայացրել են արևմտյան լրատվամիջոցները»:

Անցած մեկ օրվա ընթացքում ի՞նչ կոմունիկացիա է եղել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, մնում է անորոշ: Տպավորություն է, որ ԱՄՆ-ը «բիզնես-գործարքի առաջարկությանը սառն է արձագանքել» կամ դրսեւորվել է սկզբունքային այլ անհամաձայնություն:

Այս վարկածի օգտին է խոսում ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որ նա փետրվարի 19-ին արել է Սվերդլովսկի մարզ աշխատանքային այցի ընթացքում: Խոսելով Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման մասին, Մեդվեդևն ասել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է, «այն, անկասկած, կհասցվի ավարտին»:

Արևմտյան ռազմական փորձագետների գնահատմամբ՝ որպեսզի մարտական գործողությունների առկա տեմպով գրավի Դոնբասի մնացած հատվածը, Ռուսաստանին «հարկ կլինի պատերազմը շարունակել առնվազն ևս տասնութ ամիս»: