22/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Կգնա՞ Փաշինյանը «վա-բանկ»

Անցած տարվա նոյեմբերից այս կողմ քաղաքական տարբեր ուժերի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաեւ հրապարակավ բազմիցս կարծիք եմ հայտնել, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը կիրառելու է նաեւ սահմանադրական հանրաքվե՝ փաստացի գնալով «վա-բանկ»:

Այսինքն՝ գնալու է երկճակատ ընտրության ճանապարհով, ինչը նշանակում է ԱԺ ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի միաժամանակյա անցկացում, որի համատեքստում քվեարկության կներկայացվի Նիկոլ-Իլհամ զույգի համատեղ հեղինակած ՀՀ նոր սահմանադրությունը՝ առանց Անկախության հռչակագրի եւ առանց հայրենիքի:

Պարզ է, որ ժողովրդի մեծամասնությունը չի գնա քվեարկելու նման Սահմանադրության օգտին, քանի որ, ի տարբերություն սովորական ընտրության, որի դեպքում մասնակիցների նվազագույն շեմ չկա, հանրաքվեի ժամանակ կարեւոր է ոչ միայն մասնակցության, այլեւ կողմ քվեարկածների նվազագույն թիվը։

Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլը գնում «վա-բանկ»։ Հասկանալով, որ ինքն ունի ռեկորդային ցածր վարկանիշ՝ փորձում է իր գործած բոլոր զանցանքները փաթաթել ժողովրդի վզին ու նրան կարգել մեղավոր։

Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, Ադրբեջանը մի թեթեւ կկրակի սահմանին։ Երկրում խուճապ կտարածվի, Նիկոլը ռազմական դրություն կհայտարարի ու կասի, թե հայ ժողովրդի մեղքով է Ալիեւը բարկացել։ Հիշում ենք, որ 2024-ի աշնանը ԱԺ-ում ընդունված օրենսդրական փոփոխություններով ռազմական դրության ժամանակ կասեցվում կամ չեղարկվում են ընտրության արդյունքները։

Այսինքն՝ եթե 2026-ին Նիկոլը չստանա անհրաժեշտ թվով ձայներ (անշուշտ՝ չի ստանա), Ալիեւի հետ կկազմակերպի փոքրիկ սահմանային բախում, որպեսզի օգտվի առիթից ու չեղարկի ընտրության արդյունքները։

Այս պայմաններում Նիկոլը կմնա երկրի ղեկին այնքան ժամանակ, մինչեւ փակի ընդդիմադիր ազգային կուսակցությունները, բանտերը լցնի ընդդիմադիր գործիչներով ու ժողովրդին ստիպի քվեարկել ըստ Ալիեւի ուզած «սահմանադրության», ինչպես նաեւ ՔՊ-ի վերարտադրվելու օգտին։ Ահա թե ինչու իշխանությունը շտապում է մինչեւ 2026-ի մարտ ամիս ավարտել նոր Սահմանադրության տեքստի մշակումը։ Սա է Փաշինյանի ու Ալիեւի մշակած մոտավոր ծրագիրը։ Լավ, իսկ ի՞նչ ունի այս ամենին հակադրելու հայրենի ընդդիմությունը։

Այս թեմայով խոսել եմ շատերի հետ։ Ոմանք հեգնել են, թե Նիկոլը չի գնա այդպիսի ռիսկի։ Կարծում եմ, մեր ընդդիմադիր գործիչներից շատերն ուղղակի չեն ճանաչում Նիկոլին ու չգիտեն, որ նա հաջողության հասնում է հենց ռիսկի շնորհիվ, մանավանդ որ ինքը խաղում է առանց կանոնների, իսկ ընդդիմադիր դաշտը եւ եկեղեցին կռիվ են տալիս կանոններով, ինչը Նիկոլի դեպքում պարտության տանող ճանապարհ է։

Երբ դու անկանոն մարտում կռվում ես կանոններով, պարտությունը անխուսափելի է։ Ես ունեմ պլան Բ, Գ, Դ եւ բազում այլ տառերով արտահայտված։ Բայց, դե, ես կուսակցական չեմ եւ ազդեցություն չունեմ ընդդիմադիր ուժերի վրա: Ուրախ կլինեմ կամեցողների հետ կիսվել իմ տեսլականով:

Նաիրի Հոխիկյան