22/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Ամբոխը ատում է ուժեղին, քանի որ ուժեղը նրան հիշեցնում է իր թուլությունը

Շուրջ ութ տարի՝ Հայաստանի Հանրապետությունը վստահված է «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ երիտասարդ մի կուսակցության, որի կառավարումից դժվար է գլուխ հանել: Համենայնդեպս՝ միջին վիճակագրական քաղաքացու համար:

Ինքը՝ իշխող քաղաքական ուժի առաջնորդը, անկեղծորեն խոստովանում է, որ իրենք, ըստ էության, «տգետների» կառավարություն են՝ «7 տարի նույն դասարանում մնացած»: Սակայն սույն ինքնագնահատականը վերծանելու կարիք ունի, թե ինչպես եղավ, որ «անուսների» այդ խմբակը՝ դեղին մամուլի մի խմբագրի, ընդդիմադիր գործչի գլխավորությամբ, որ Նիկոլ Փաշինյանն է, 2018-ի գարնանը ուղղակի փողոցից եկավ իշխանության:

Հետագա տարիները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը պատահական երեւույթ չէ. նա հետեւանք է մի հանրության, որը տարրականորեն հոգնել է պատասխանատվությունից։ Նիկոլը պարտության հոգեբանության նյութականացումն է։ Նրա կերպարը ծնվել է այն ներքին բարդույթից, որով ժողովուրդը չի համարձակվում սիրել ուժեղին, չի վստահում խելացուն եւ վատաբանում է գեղեցիկը։

Նման հանրությունը հոգեբանորեն ընտրում է իր նմանին, ոչ իր կատարելատիպին: Եվ այդ ընտրությունը ինքնապաշտպանական բնազդի հակազդեցությունն է։ Ավելի հեշտ է հավատալ մեկին, ով արդարացնում է թուլությունը, քան մեկին, ում դեպքում պահանջվում է վերընթաց։

Նիկոլ երեւույթը հնարավոր դարձավ ոչ թե իր քաղաքական հմայքի, այլ հանրության ինքնաճանաչման ճգնաժամի պատճառով։ Այս երեւույթը՝ իբրեւ զանգվածային ինքնության փլուզում, հստակ նկարագրված է սոցիոլոգիական ձեւանմուշներում։ Ամբոխը չունի հիշողություն, նա ապրում է սոսկ այդ պահին։

Նրա վարքը կառավարում են հույզերը, ոչ արժեքները։ Ըստ այդմ՝ նրա առաջնորդը դառնում է ոչ թե լավագույնը կամ արժանավորը, այլ՝ ամենահասկանալի արժեզուրկը։ Ահա թե ինչու Նիկոլը դառնում է հոգեբանական «հարմարություն»՝ իրականում լինելով վախկոտի, միջակության եւ տկարության խորհրդանիշ։

Ամբոխը ատում է ուժեղին, քանի որ ուժեղը նրան հիշեցնում է իր թուլությունը։ Ատում է խելացուն, քանի որ խելացին նրան ստիպում է մտածել։ Ատում է գեղեցիկը, քանի որ գեղեցկությունը պահանջում է ներդաշնակություն, իսկ ինքը ապրում է ներքին քաոսում։

Ահա թե ինչու Նիկոլը սիրելի է. նա չի խանգարում այդ քաոսին, այլ հարմարվում է դրան՝ ինչպես խավարին ընտելացած աչքը։ Նիկոլը դարձավ հոգեբանական արդարացում միջակության համար եւ, այս տեսանկյունից, նաեւ հոգեւոր հետընթացի նախանշան:

Նիկոլ Փաշինյան երեւույթը պետք է դիտարկել ոչ թե որպես անհատական պատմություն, այլ՝ հավաքական ենթագիտակցության ամբողջություն։ Նա հիվանդության ախտանիշն է, դրա պատճառը չէ։

Նիկոլ երեւույթը մենք դեռ պետք է խորապես հասկանանք, որովհետեւ «Նիկոլ» անձից ազատվելուց հետո,- իսկ դրա ժամանակը շատ մոտ է,- «Նիկոլ» երեւույթից երկար մի շրջան տակավին չենք ազատագրվի, քանզի նոր նիկոլներ կան հերթի կանգնած։ Ու քանի դեռ հայկական պետականությունը կա՝ նիկոլները շարունակելու են մեզ հետապնդել:

Ուստի, ինչպես իր հայտնի հոգեվերլուծության մեջ սովորեցնում է Ֆրոյդը, արատից ազատվելու համար պետք է այն ենթագիտակցականից վեր հանել գիտակցականի շերտ, հասկանալ գոյացման պատճառները, որից հետո հնարավոր կլինի ազատագրվել։ Այսինքն՝ պետք է հասկանալ, գիտակցել եւ դուրս մղել հոգեկան խանգարումը՝ պսիխոզը։

Ուրեմն՝ ի՞նչ երեւույթ են Նիկոլն ու նիկոլիզմը։ Արդի գրականության, կինոարվեստի ու արդեն նաեւ քաղաքականության մեջ այդ երեւույթն ունի անվանում՝ trickster. Հայերեն այն թարգմանվում է խաբեբա, աճպարար, ճարպիկ: Մշակութաբանության մեջ բառեզրը ներդրել է ամերիկացի մարդաբան Պոլ Ռադինը, որն ուսումնասիրում էր Ամերիկայի հնդկացիների Վինեբագո ցեղի առասպելները, որից հետո trickster-ի նախատիպը մտել է ժամանակակից գիտության ու մշակութաբանության մեջ: Իսկ XX դարի փիլիսոփայության ու մշակութաբանության մեջ trickster-ը համարվում է մարդկային մշակույթի առանցքային կերպարներից մեկը:

Հին հունական դիցաբանությունից սկսած՝ մինչեւ միջնադարյան եւ արդի գրականություն, trickster-ների մի շարք կերպարներ են նկարագրված, որոնցից մեկն էլ, ի դեպ, Թումանյանի «Քաջ Նազար»-ն է: Մերօրյա քաջնազարներին նույնիսկ հաջողվում է քաղաքականություն խցկվել: Հայաստանը դրա վառ օրինակն է եւ, կարծես թե՝ ոչ վերջինը:

«Հայացք Երեւանից»