Վերջին շրջանում Ֆեյսբուքում շատերն են ակտիվացել, այդ թվում` էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նա խոսում է ՀՆԱ-ի ավելացման մասին, հայտարարում, որ արտաքին պարտքը թեպետ բացարձակ թվով կրկնապատկվել է, սակայն իրականում նվազել է: 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 11,5 մլրդ դոլար է եղել, 2025-ին` 29,2 մլրդ դոլար, եւ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է: Մինչդեռ ՀՆԱ-ի այդ աճի հիմնական մասը խաղային բիզնեսն է, դա ռեալ տնտեսական աճ չէ, այլ՝ տոքսիկ աճ:
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Պապոյանի հայտարարությունների մասին, նկատում է. «Ես ընդհանրապես այդ պարզունակ համեմատությունը չեմ հասկանում: Մարդիկ ինչպե՞ս են ներկայիս տնտեսական կյանքը համեմատում, ասենք, 2017 թվականի տնտեսական կյանքի հետ: Սա ամենասխալ ու պարզունակ մոտեցումն է, այն պրոֆեսիոնալ մոտեցում չէ, ինչպես նաեւ՝ հասարակությանը մոլորության մեջ է գցում: Նույն սկզբունքով եկեք 2008-ի ՀՆԱ-ն համեմատենք 1996-ի ՀՆԱ-ի հետ, այն անգամներով ավել է: Կամ, ասենք, 2016-ի ՀՆԱ-ն եկեք համեմատենք 2006-ի ՀՆԱ-ի հետ, կտեսնենք, որ էական ավել է ստացվում: Չի կարելի նման բան անել: Ես հասկանում եմ, որ նրանք քաղաքական կուրս ունեն, որ պետք է ցույց տան՝ ՀՆԱ-ն աճել է, բայց դա բնական է` պետք է աճի: Տնտեսական աճ կա, ակնհայտ է, որ ՀՆԱ-ն պետք է չաճի: Այստեղ հարցն այն է, թե ինչու տնտեսական ցուցանիշների հետ մեկտեղ չի լավանում հասարակության սոցիալական վիճակը եւ դեռ մի բան էլ` ավելի է վատանում: Պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, ի վերջո՝ հասարակությունը միայն բարձր եկամուտ ստացողներից չէ բաղկացած: Տնտեսական քաղաքականություն մշակողների թիվ մեկ մարտահրավերն այն է, որ միավոր տնտեսական աճից շատ ավելի օգտվում են միջին եւ բարձր եկամուտ ունեցողները, քան սոցիալականապես անապահովներն ու խոցելիները: Ինչո՞ւ են տնտեսական քաղաքականություն մշակողները ջանքեր գործադրում, որպեսզի միջամտեն այն բանին, որ երեւույթը շարունակական չլինի:
Այն հանգեցնում է եկամուտների եւ ունեցվածքի բեւեռացման: Որքան քո տնտեսությունն ու հասարակությունը բեւեռացված են, այնքան փոքրանում է տնտեսական քաղաքականության արդյունքում նոր արժեքներ ստեղծելու հնարավորությունը, ու տնտեսական պոտենցիալը թուլանում է: Մեկ միլիոն դրամը 1 անձի գրպանում եւ 10 անձի գրպանում՝ տարբեր երեւույթներ են առաջացնում: Մեկ անձը կարող է այդ գումարից միայն 200 հազար դրամը ծախսել, մնացածը պահել: Արդյունքում` քո տնտեսական կյանքին չի մասնակցում: Սակայն, եթե 1 միլիոնը 10 անձի գրպանում է, քո տնտեսական կյանքն ավելի է ակտիվանում: Ես այս օրինակը բերում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է բեւեռացվածությունը վատ: Երբ նայում ենք տնտեսական ցուցանիշներին, այո, 2018-ից հետո նկատում ենք աճ: 2025 թվականին ցուցանիշի աճ ենք արձանագրել 9,2 տոկոսով, ինչն իսկապես բարձր է, դրանից առաջ` 2024-ին, ունեցել ենք 8,2 տոկոս աճ: Ի՞նչն է խնդիրը, որ հասարակության մոտ աղքատությունը խորանում է, իսկ լավագույն դեպքում՝ մնում է նույն հարթության վրա: Խնդիրն այն է, որ տնտեսական քաղաքականության մեջ կան տարբեր խոռոչներ: Հարկաբյուջետային քաղաքականությունն իր վերաբաշխման ֆունկցիան այդքան էլ լավ չի կատարում` կառավարության ծրագրերի արդյունքում: Մեկ օրինակ բերեմ: Ունենք եկամտային հարկի վերադարձի արդյունքում բնակարան ձեռք բերելու ծրագիր: Նախորդ կառավարությունը, ես եւս, հայտարարեցինք, որ այն ժամանակավոր բնույթ է կրելու: Մեզ զսպաշապիկ էին հագցնում, սակայն այդ ամենի նպատակը բնակարանաշինությանն իմպուլս տալն էր, իսկ հետո` հետ քաշվելը: Նոր իշխանությունները 2018-ին հայտարարեցին, որ այն պոպուլյար է, հրաշալի է եւ այլն: Ես մի հաշվարկ էի կատարել, որ այդ գործիքից օգտվում են միայն բարձր եկամուտ ունեցող անձինք: Որպեսզի 55 միլիոն դրամանոց բնակարան գնես, դու առնվազն պետք է 1,8 միլիոն աշխատավարձ ստանաս: Այսինքն` բացառում եմ, որ սոցիալապես անապահով մարդը կարող էր այդ ծրագրի շրջանակներում բնակարան գնել: Մեր ժամանակ ընդամենը 8 միլիարդ էր բյուջեից գնում այդ ծրագրին: 95 տոկոսով ունեւոր մարդիկ են ձեռք բերել այդ բնակարանները, միայն 5 տոկոսն է, որ դրա կարիքն իսկապես ունեցել է: Իրականում, մենք չունենք պրոգրեսիվ համակարգ, մերը ռեգրեսիվ է, այդ պատճառով էլ մեր երկրում աղքատի վիճակը գնալով վատանում է, հարուստի վիճակը գնալով լավանում է: Իմ պարկեշտությունն ինձ թույլ չի տա օգտվել այն բաներից, որոնց ես դեմ եմ արտահայտվել, թեպետ դա իմ սահմանադրական իրավունքն է, սակայն ճիշտ չեմ համարում դա: 2018 թվականին թատերաբեմ եկած կառավարության անդամներն ասպարեզ նետեցին ամբոխահաճո խոսույթ: Հայտարարեցին, որ վարկերը մարելու են, քանի որ ժողովրդին տարիներով թալանել են, տույժերն ու տուգանքները վերանալու են եւ այլն, տեսանյութերը մինչեւ հիմա առկա են: Միջին ու ցածր կրթական ցենզ ունեցող մարդիկ, լսելով այս խոսքերը, անմիջապես նետվեցին սպառում անելու՝ մտածելով, թե Փաշինյանի իշխանությունը Մոնումենտի տները քանդելու է եւ նվիրի իրենց: Սպառողական վարկերի վարքագծին նայեք, անգամներով աճում ու աճում են: Այս ամբողջը դնելով իրար կողք՝ մենք հասկանում ենք, որ մեր տնտեսական աճի կառուցվածքը սխալ է: Աճում են միայն բնակարանային շինարարությունն ու առեւտուրը, ոչ արտահանելի հատվածը միայն: Քանի որ մեր տնտեսության մեջ չենք կարողանում եկամուտները հարկել պրոգրեսիվ ձեւով, մեր երկրում շահառուն միայն բարձր եկամուտ ունեցողն է, որքա՞ն է ստանում փոքր ու միջին բիզնես ունեցողը` չնչին գումար: Փաշինյանի կառավարությունն ասում է, որ մարդկանց եկամուտն աճում է, այո, անվանական աշխատավարձերն աճում են, սակայն պետք է ճշգրտել գնաճով: Աճը տեղի է ունեցել 36 տոկոսով, թվում է, թե կյանքը պետք է լավացած լիներ, սակայն սխալը որտեղ է, մարդիկ տարեցտարի ավելի շատ վարկային պարտավորություններ են ստանձնում, թանկացումներ են, ահռելի աճ եւ այլն: Վարկերն աճել են 2,5 անգամ: Աշխատավարձն աճում է 36 տոկոսով, վարկերը` անգամներով: Իսկ ո՞վ է սպառողական վարկ վերցնում, բարձր եկամուտ ունեցող մարդն ինչո՞ւ պետք է ապառիկով հեռախոս կամ պլանշետ գնի, պարզ է, որ ցածր ու միջին եկամուտ ունեցողներն են դիմում այդ քայլին»:

Բաց մի թողեք
Փաշինյանի նախկին խորհրդականը միացել է Աբրահամ Գասպարյանին
ՔՊ-ում չեն դադարում կրքերն ու «ռազբորկաները»
Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել