Ուկրաինայի դեմ պատերազմի չորրորդ տարելիցի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տասներկու զինվորականի Ռուսաստանի հերոսի «Ոսկե աստղ» մեդալ է շնորհել:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ պարգևատրվածների ցուցակում առաջինը Կենտրոնական ռազմական օկրուգի միացյալ զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հարություն Դարբինյանն է:
Այդ կոչմանն արժանացել է նաև գեներալ-մայոր Եվգենի Կովիլինը, գնդապետ Վյաչեսլավ Վեդենինը, փոխգնդապետ Ինալ Գերիևը: «Ոսկե աստղ» մեդալի են արժանացել ավագ լեյտենանտներ և լեյտենանտներ: Ազգային գվարդիայի երկու զինծառայող արժանացել են «Արիություն» մեդալի:
Դիմելով պարգևատրված և հանդիսավոր արարողությանը հրավիրված զինվորականներին, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «մարտնչում է հանուն ապագայի, արդարության և ինքնիշխանության»: Պարգևատրման արարողությունից հետո Ռուսաստանի նախագահը Կրեմլի պատի մոտ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեսպսակ է տեղադրել և մեկ րոպե լռությամբ հարգել զոհվծաների հիշատակը:
Խորհրդանշական այդ քայլով Վլադիմիր Պուտինը հավասարության նշան է դրել ֆաշիզմի դեմ Խորհրդային Միության և ռուս-ուկրաինական պատերազմի միջև և նույնականացրել երկու պատերազմների զոհերին:
Չորս տարի առաջ «հատուկ ռազմական գործողությունը» մեկնարկել է Կիևի «նացիստական ռեժիմից Ուկրաինան ազատագրելու» քարոզչությամբ, որ հետագայում մշակվել է որպես դիվանագիտական հայեցակարգ և բազմիցս հնչեցվել է «խաղաղություն հաստատելու համար պետք է վերացվեն հակամարտության սկզբնապատճառները» ձևակերպմամբ:
Փետրվարի 23-ին Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում պատերազմող ուժերն անվանել է «երկրի սահմանների պահապաններ, որ ապահովում են ռազմավարական հավասարակշռությունը»:
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ն հարցազրույցում ասել է, որ Պուտինը «երրորդ համաշխարհային պատերազմ է սկսել, խնդիրն այն է, թե ինչքա՞ն տարածքներ նա կգրավի և որտե՞ղ է պետք նրան կանգնեցնել»:
Խոսելով Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի «սահմանները պաշտպանելու և ռազմավարական հավասարակշռությունը պահպանելու» գերխնդրի մասին, Վլադիմիր Պուտինը փաստացի համաձայնել է Վլադիմիր Զելենսկու գնահատականին և, թերևս, առաջին անգամ գրեթե բաց տեքստով հանրայնացրել, որ պատերազմը հետապնդում է գլոբալ հավասարակշռության վերականգնման նպատակ:
Նախօրեին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը զգուշավոր լավատեսություն է հատնել, որ Ժնևի բանակցությունների հաջորդ փուլում հնարավոր է քննարկվի Պուտին-Զելենսկի հանդիպման հավանականությունը, որին «կարող է միանալ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»:
Պուտինը, որքանով հասկացվում է նրա ելույթից, այդ հեռանկարը նպատակահարմար չի տեսնում: Նույն օրը նրա մամուլի քարտուղար Պեսկովը «ոչ օգտակար» է գնահատել ուկրաինական կարգավորման բանակցություններին «եվրոպացիների մասնակցությունը»:
Կրեմլի քաղաքական նպատակադրվածությունը մեկն է՝ Եվրոպայի աշխարհաքաղաքական դերի մասին համաձայնության հասնել միայն ԱՄՆ-ի հետ: Նախապես, հավանաբար, առնվազն մերժած չլինելով այդ գաղափարը, Դոնալդ Թրամփը վերջին երկու-երեք ամիսներին, կարծես, խուսափում է նման պատասխանատվություն վերցնելուց:
«Կիսել» Ուկրաինան՝ նշանակում է ճանաչել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ աշխարհաքաղաքական ազդեցության հասնելու Ռուսաստանի «իրավունքը»: Դոնալդ Թրամփի ներքին ու արտաքին քաղաքականությանը վստահում է ամերիկացիների ընդամենը 39-ը տոկոսը, իսկ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները «շնչում են Թրամփի ծոծրակին»:
Այդ իրավիճակում նա Պուտինի հետ «գլոբալ հավասարակշռություն հաստատելու գործարքի» կգնա՞: Իսկ եթե դա նոր, ավելի լայնածավալ և արյունալի պատերազմի «կազուս-բելի» լինի՞:

Բաց մի թողեք
Անկարան Վաշինգտոնի հետ խորհրդատվություններ անցկացրե՞լ է
Իսրայելի նախաձեռնած «վեցյակի ալյանսը» ներգրավելո՞ւ է Ֆրանսիա-Հնդկաստան գլոբալ ռազմավարական գործընկերությանը
Բաքուն կհետևի Երուսաղեմի՞ն, թե՞ կներգրվի Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան «եռյակին»