«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն դադարում կրքերն ու «ռազբորկաները»՝ խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի ձեւավորման քվեարկության շուրջ։
Հրապարակ թերթը գրել է․ Անցած շաբաթ տեղի ունեցած եռօրյա ընտրություններից հետո իշխող թիմում դժոհության մեծ ալիք է առաջացել։ Ոմանք կարծում են, որ ցուցակի շուրջ ներկուսակցական ընտրություններն արդար եւ թափանցիկ չեն եղել, այլ ուղղորդված են եղել եւ շատ սուբյեկտիվ:
Բանն այն է, որ ընտրություններից առաջ արգելված էր կուսակցության պատվիրակների շրջանում քարոզարշավ անելը: Թեկնածուները կարող էին ընդամենը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ անել եւ քվե խնդրել կուսակից ընտրիչներից, որոնց թիվը 1000-ից մի փոքր անցնում էր։
Սակայն ընտրությունների արդյունքներն այնպիսի արտասովոր եւ անհավանական պատկեր են ուրվագծել, որ շատերի մոտ այլեւս կասկած չկա, որ տակից ոմանց համար լավ էլ ուղղորդել են, որոշներն էլ իրենք են իրենց հարցերը լուծել` բարեխոսել պատվիրակների մոտ։
Մի բան փաստ է, որ ՔՊ-ում, ինչպես օրեր շարունակ թմբկահարում են, դեմոկրատական ազատ եւ արդար ընտրություններ չեն եղել, եթե անգամ ներկուսակցական ընտրություններում են այս մարդիկ կեղծում, ապա սին են այն հավաստիացումները, թե իրենք ո՛չ նախորդ, ո՛չ էլ գալիք ընտրությունները չեն կեղծել ու չեն կեղծելու։
Տեղի ունեցած մանիպուլյացիաներն առավել ցցուն երեւում են ՔՊ-ական մարզպետների ստացած ձայներից։ Անգամ թիմում ակնկալել են, որ գործող պատգամավորները, գործադիրի անդամները, որոնք ի պաշտոնե առավել ակտիվ կուսակցական աշխատանքով են զբաղված, քաղաքական հայտարարություններ են անում եւ ծանոթ են հանրության լայն շերտերին ու կուսակցական շարքերին, ավելի շատ ձայներ կստանան, քան մարզպետները։
Ընդունենք, որ մարզպետներից յուրաքանչյուրին կարող էին իր ղեկավարած մարզի պատվիրակները միայն ձայն տալ, մի քանի համայնքի տարածքային կառույցների անդամները, ինչպես նաեւ՝ կոլեգաները կամ նրանց ենթակաները: Այսինքն՝ հաշվարկում էին, որ այս ամենի հանրագումարում առավելագույնը 100-150 ձայն պետք է նրանք հավաքեին, սակայն կան մարզպետներ, որոնք իրենց ստացած ձայներով տեղ են զբաղեցրել ցուցակի առաջին 50-յակում։
Ամենաշատ քվե ստացել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ 500 ձայն, որն ամիսներ առաջ է խորհրդարանից Լոռի գործուղվել, պատգամավորի կարգավիճակում էլ առանձնապես ակտիվ չէր, մեկ-երկու էմոցիոնալ ելույթներ է ունեցել՝ նախկինների թեմայով։ Հաջորդը Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն է՝ 308 ձայնով, ապա՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը` 294, 3-ն էլ առաջին 50 հոգու մեջ են մտել, սակայն Մովսիսյանը ստիպված է տեղը զիջել կանանց, քանի որ առաջին 50 հոգու մեջ առկա կանանց քանակը չի բավարարում օրենքով պարտադիր համարվող կանանց քվոտան լրացնելուն։
Հաջորդ մարզպետը, որը կրկին բարձր ձայներ է ստացել, նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Վահրամ Խաչատրյանն է՝ 240 ձայն: Այսինքն ստացվում է՝ ՔՊ-ում մի կողմից քլնգում են նախկիններին, մյուս կողմից լավ էլ արժեւորում ու տեղ են տալիս նախկին ռեժիմի կամակատարներին։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էլ քիչ ձայներ չի ստացել` 224, չնայած Յոթ վերքում պատարագից հետո համառ լուրեր էին շրջանառվում, որ շուտով հրաժեշտ է տալու պաշտոնին, քանի որ Փաշինյանը դժգոհ է` կեղծ պատարագին անհրաժեշտ մասնակցություն չի ապահովել: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ վատ թվեր չունի՝ 207 ձայն, նախկինների մեկ այլ ներկայացուցիչ՝ Վայոց Ձորի ղեկավար Վահագն Արսենյանը՝ Աշոտ Արսենյանի որդին, 189 ձայն է ստացել, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որը մարզպետների ցանկի հետնամասում է` 188 ձայնով։ Իսկ ամենաքիչ թվով ձայներ ստացել են Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը՝ 177, եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը`132։
Ընտրությունների արդյունքների այսպիսի պատկերը մի բան է ցույց տալիս, որ մարզպետներով պայմանավորվածության են եկել, գոնե մասնակի, որ մեկը մյուսի համար քարոզչություն է անելու կամ հրահանգելու է, բարեխոսելու է իր ղեկավարած մարզի տարածքայինների ղեկավարներին, որ գործընկեր մարզպետներին շատ ձայն տան, եւ նրանք ընտրական ցուցակի վերին հորիզոնականներում տեղ գտնեն` ապահովագրելով իրենց ապագա պաշտոնավարումը։

Բաց մի թողեք
Փաշինյանի նախկին խորհրդականը միացել է Աբրահամ Գասպարյանին
Պրոֆեսիոնալ մոտեցում չէ, ինչպես նաեւ՝ հասարակությանը մոլորության մեջ է գցում
Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել