25/02/2026

EU – Armenia

EU – Armenia

GTB Holdings-ն աջակցում է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ժառանգության պահպանմանը

Փետրվարի 24-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և GTB Holdings ընկերությունը կնքեցին համագործակցության հուշագիր։

GTB Holdings-ը փետրվարի 21-ին մեկնարկած Ժամանակակից երաժշտության փառատոնի ռազմավարական գործընկերն է։ Հուշագիրը ստորագրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և GTB Holdings ընկերության հիմնադիր-տնօրեն Գրիգոր Տեր-Ղազարյանը։

Հուշագրով Սիմֆոնիկ նվագախումբը և GTB Holdings ընկերությունը համատեղում են ջանքերը՝ ուղղված հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի, դրա ավանդույթների ժողովրդականացմանը, ժառանգության պահպանմանը և ճանաչման ընդլայնմանը հայ և արտասահմանյան ունկնդրի շրջանում: Համագործակցության հուշագիրը միտված է հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգության թվայնացմանը, միջազգային հանրահռչակմանն ու պահպանմանը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է բիզնեսի աջակցությունը մշակույթի ոլորտին, հատկապես ժամանակակից երաժշտությունը հանրահռչակող փառատոնին, որի շուրջ դժվար է համախմբել գաղափարակից գործընկերների․ «Ժամանակակից երաժշտության փառատոնն այն բարդ ուղղությունն է, որի մասին շատ չենք խոսում․ այն հեշտ հասկանալի և պոպուլյար երաժշտություն չի մատուցում։

Սակայն մենք հպարտ ենք, որ Սիմֆոնիկ նվագախումբը երկար տարիներ հաջողությամբ իրականացնում է այս փառատոնը, և կրկնակի հպարտ ենք, որ ունենք GTB Holdings ընկերության նման ռազմավարական գործընկեր։ Այս համագործակցությունը մեզ թույլ կտա ավելի մեծ նպատակներ սահմանել և առաջ գնալ»։

Նշենք, որ Ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստը հայ ունկնդրին ներկայացնելու և հանրահռչակելու առաքելությամբ։