04/03/2026

EU – Armenia

Հակակոռուպցիոն կոմիտեն սեմինարիներին մասնակցելով է կոռուպցիայի դեմ պայքարում. Թվեր

«ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն Ազգային ժողովին ներկայացրել է իր 2025 թվականի գործունեության հաղորդումը։ Փաստաթղթում առանձնահատուկ շեշտադրվում է միջազգային համագործակցությունը, մասնագիտական պատրաստվածության բարձրացումը և քննությունների արդյունավետության ամրապնդումը։

«Ժողովուրդ» օրաթերթը հաշվետվության թվերը և փաստական արդյունքները համադրելով՝ արձանագրեց մի շարք խնդրահարույց կետեր։

Միջազգային համագործակցություն՝ լայն ծավալներով

Տարեկան հաղորդման համաձայն՝ Կոմիտեն համագործակցել է միջազգային մի շարք կառույցների հետ։ Մասնավորապես՝

• ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) հետ շարունակվել են գործընկերային հարաբերությունների խորացման աշխատանքները։

• 3 քննիչ մասնակցել է Բուդապեշտում կազմակերպված հակակոռուպցիոն դասընթացների շարքին։

• Ապօրինի հարստացման թեմայով վերապատրաստվել է ևս 3 քննիչ։

• ԵՄ ֆինանսավորմամբ, Ecorys կազմակերպության կողմից, 9 քննիչի համար անցկացվել են փողերի լվացման հատկանիշներով քրեական վարույթների քննության առանձնահատկություններին նվիրված դասընթացներ։

• 17 ծառայող վերապատրաստվել է գույքի և եկամուտների հայտարարագրերի հետ աշխատանքի ուղղությամբ։

• 11 ծառայող մասնակցել է հանցագործությունների քննության և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների կիրառման վերաբերյալ դասընթացների։

Թվերը, առաջին հայացքից, տպավորիչ են։ Միջազգային աջակցությունը՝ համակարգված։ Վերապատրաստումները՝ բազմաբովանդակ։ Բայց ինչպիսի՞ն են արդյունքները։

Մեկ վարույթ՝ տասնյակ վերապատրաստումների դիմաց

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց հաշվետվությունը, և պարզվեց, որ վերապատրաստված քննիչները տարվա ընթացքում քննել են ընդամենը մեկ քրեական վարույթ՝ երկու անձի վերաբերյալ, որը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Այսինքն՝ այն ուղղությամբ, որի շուրջ միջազգային աջակցությունն առավել ակտիվ է եղել, արձանագրվել է միայն մեկ գործ։

Ավելին՝

• Հաշվետվությունում որևէ տեղեկություն չկա գործող, ՔՊ-ական կամ նրանց հարող բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրության հիմքով հարուցված վարույթի մասին։

• Փողերի լվացման հատկանիշներով նոր, արդիական վարույթների վերաբերյալ նույնպես տեղեկատվություն չի ներկայացվում։

• Եթե առկա են նման բովանդակությանը մոտ գործեր, ապա դրանք հիմնականում վերաբերում են 2000-ականների սկզբի դեպքերին՝ նախկին պաշտոնյաների մասնակցությամբ վաղուց հայտնի իրողությունների շուրջ՝ կիսատ-պռատ։

Այլ կերպ ասած՝ լայնածավալ վերապատրաստումները չեն վերածվել տեսանելի, համակարգային արդյունքների։

Արդյունավետությո՞ւն, թե՞ ձևական ակտիվություն

 

Հակակոռուպցիոն համակարգի առանցքային չափանիշը ոչ թե վերապատրաստումների քանակն է, այլ այն, թե քանի վարույթ է հարուցվել գործող պաշտոնյաների նկատմամբ։

Եթե 17 ծառայող վերապատրաստվում է հայտարարագրերի հետ աշխատանքի ուղղությամբ, սակայն այդ ոլորտում հրապարակային արդյունքներ չկան, ապա առաջանում է տրամաբանական հարց՝ արդյո՞ք համակարգը լիարժեք կիրառում է ստացած գիտելիքը։

Եթե 9 քննիչ մասնագիտանում է փողերի լվացման գործերով, սակայն նոր, հանրային հնչեղություն ունեցող վարույթներ չեն արձանագրվում, ապա խնդիրը կարող է լինել ոչ թե մասնագիտական կարողությունների, այլ քաղաքական կամ կառավարչական որոշումների դաշտում։

Կոռուպցիայի դեմ պայքարը չի չափվում սեմինարներով

Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի հաղորդումը, այս տեսքով, ավելի շատ ներկայացնում է վերապատրաստման օրակարգ, քան կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունքներ։

Իսկ հակակոռուպցիոն մարմնի արդյունավետությունը չափվում է ոչ թե մասնակցած սեմինարների թվով, այլ համակարգային կոռուպցիայի դեմ իրական, արդիական և համարձակ քայլերով՝ ուղղված գործող իշխանության ապօրինի գործողությունների դեմ»։