ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, պաշտպանության նախարար Հեգսեթը, ԿՀՎ տնօրեն Ռետկլիֆը և միացյալ շտաբների կոմիտեի նախագահ Քեյնը մարտի 4-ին «Սենատում ավելի քան ութսուն րոպե տեւողությամբ հանդիպում են ունեցել»:
Այդ մասին հայտնել է թուրքական «Անադոլուն»՝ հղելով ամերիկյան The Hill պարբերականին: Քննարկումները, ինչքանով հասկացվում է, նվիրված են եղել մի շատ կարեւոր հարցի. «Միացյալ Նահանգները հնարավո՞ր է համարում Իրանի դեմ ցամաքային ռազմագործողության անցկացումը»: Սենատորները դահլիճից հեռացել են այն տպավորությամբ, որ «դա միանգամայն հնարավոր» է:
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն լրագրողներին ասել է, որ դաշինքը «պատրաստ է Իրանի դեմ ԱՄՆ ռազմագործողության շրջանակներում կիրառել հավաքական պաշտպանության պայմանագրի հինգերորդ հոդվածը»:
Ռյուտեն մեկնաբանել է, որ Դաշինքը «միտումնավոր չի բացահայտում հոդվածի գործարկման ժամկետները, որպեսզի թշնամիները և հակառակորդները այդ մասին իմանան»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այս հայտարարությունը հաջորդել է Իրանից Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին տեղեկությանը: Ուշագրավ է, որ նույն երեկոյան մուսուլմանական իֆթարի սեղանի շուրջ հանդիպելով երկրի բարձրաստիճան զինվորականներին, նախագահ Էրդողանը հավաստիացրել է, որ «Թուրքիան ունակ է ինքնուրույն պաշտպանել իր սահմանները»:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում գերիշխում է այն տեսակետը, որ Իրանի «կրոնապետությունը միայն օդային հարվածների միջոցով հնարավոր չէ տապալել»: Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է Իրանի օդային տարածքում «գերիշխող ներկայություն հաստատելու» մասին:
Մարտի լույս 5-ի գիշերը և առավոտյան Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում դարձյալ պայթյուններ են որոտացել: Չնայած իսրայելական հրամանատարության հավաստիացումներին, թե Իրանը «համարյա սպառել է բալիստիկ հրթիռների պաշարները», Թել-Ավիվը ենթարկվել է հարձակման:
Վերջին օրերի ուշագրավ տեղեկություններից մեկն այն է, որ իսրայելական օդուժը «ռմբակոծում է Իրաքի հետ Իրանի սահմանային դիրքերը»: Ենթադրվում է, որ դա արվում է Իրաքից «զինված քրդերի Իրան մուտքը դյուրացնելու նպատակով»:
Մինչ այդ Իրանը հրթիռային և ԱԹՍ-երի հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի տարածքում ամերիկյան հենակայաններին: Ավելի վաղ Թուրքիան «փախստականների ներհոսքը կանխարգելելու» պատրվակով փակել է Իրանի հետ սահմանը:
Իրանի քրդաբնակ շրջանները սահմանակից են ոչ միայն Թուրքիային, այլև՝ Նախիջեւանին: Անցած տարիներին Իրանը և Ադրբեջանը սահմանի այդ հատվածներում «հակաահաբեկչական» առնվազն երկու զորավարժություն են անցկացրել:
Բաքվի լրատվամիջոցները «մտահոգ են», որ Իրանի քրդական խմբավորումները «կարող են գրավել ադրբեջանական Խոյ և Սալմաստ քաղաքները»: Եթե ԱՄՆ-ը և Իսրայելը «հովանավորեն, և Իրաքից զինված քրդերը մտնեն Իրան», ապա բացառված չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը միջամտեն:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մարտի 4-ին հարևան երկրներին հորդորել է միանալ «պատերազմը դադարեցնելու ջանքերին»: Խոսքն, իհարկե, առաջին հերթին ուղղված է Պարսից ծոցի արաբական երկրներին, բայց Իրանին հարևան են նաև Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը:
Ըստ երևույթին, եթե առաջիկա օրերին իսրայելա-ամերիկյան օդային հարվածները լիովին չկազմալուծեն Թեհրանի կառավարման համակարգը և զինված ուժերի հրամանատարությունը, ապա Իրանի դեմ ցամաքային ռազմագործողություն կսկսվի:
Իրավիճակն այնպիսին է, որ ԱՄՆ նախագահը հետքայլի հնարավորություն պարզապես չունի:

Բաց մի թողեք
Վախ «դևերից». «Baku TV»-ի նոր անդրադարձը «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամին
ԵՄ վերազինումը փորձարկում է կայունությունն ու վստահությունը Արևմտյան Բալկաններում
Պուտինը կանգ առնելու ծրագրեր չունի։ Ուկրաինան Ռուսաստանի սառեցված ակտիվների կարիքն ունի ավելի քան երբևէ