ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին, ով, սակայն, նշված ժամանակահատվածից մինչև 2024 թվականի նոյեմբերն ընդհանրապես աշխատանքի չի հաճախել և իր աշխատանքային պարտականությունները չի կատարել:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տնօրենը, նույն բժշկական կենտրոնի աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ, վերը նշված անձի՝ աշխատանքի հաճախելու վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ, որի հետևանքով ԲԿ-ի բյուջեից որպես աշխատավարձ ավել է վճարվել 2.238.745 ՀՀ դրամ գումար:
ԲԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Տնօրենի մտերիմ անձին և ԲԿ-ի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 2.238.745 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Բաց մի թողեք
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են. Լուսանկար
Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել. Լուսանկարներ