12/06/2026

EU – Armenia

Սասունի վախն են բռնում

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին ԵԿՄ նախագահ, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանին եւ ԵԿՄ-ին առնչվող մեղադրանքների մասին։

«Հրապարակ» թերթը գրում է․ Դեռ անցած տարեսկզբին մի քաղաքացի, որը ԵԿՄ-ի կազմում ծառայություն է իրականացրել սահմանին, իսկ այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանքի տակ է, հաղորդում է ներկայացրել, թե իբր Սասուն Միքայելյանի գիտությամբ` ԵԿՄ սահման պահողները զինվորի համար նախատեսված ուտելիքը, զենք-զինամթերքն իջեցրել են պոստերից եւ էժան գնով վաճառել:

Բացի այդ, նույն ԵԿՄ-ականները նաեւ թմրանյութ են վաճառել։ Իրավապահներն այդ հաղորդումից մոտ մեկ-մեկուկես տարի անց որոշել են կալանքի տակ գտնվող քաղաքացու եւ Միքայելյանի միջեւ առերեսում անել։ ՔՊ մեր աղբյուրները վստահ են, որ անձամբ Փաշինյանի հրահանգով է Միքայելյանի դեմ գործը նոր ընթացք ստացել:

Որոշել են Սասուն Միքայելյանին, որն «ուրախ ավտոբուսի» տխուր «պասաժիրներից» է եւ ներկուսակցական ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է 50-յակում, մի թեթեւ պատժել:

Մարզային վոյաժների ժամանակ ուղիղ եթերներից պարզ է դառնում, որ նա ձեւական ներկայություն է ապահովում ավտոբուսում, մեկ անգամ էլ բացահայտ մերժեց Փաշինյանի՝ ձեռքով սրտիկ ցույց տալու առաջարկը։

Ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է բոլորին բռի մեջ հավաքել եւ հասկացնել, որ բոլորը պետք է անեն այն, ինչ ինքն է ուզում, եւ որեւէ մեկը չի կարող մազաչափ անգամ ինքնուրույնություն դրսեւորել։