12/06/2026

EU – Armenia

Երբ «իրանական խաղի մեջ է մտնում» Չինաստանը՝ խաղադրույքը չափազանց բարձր է

Չինաստանը և Պակիստանը մշակել են Իրանում և նրա շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման իրենց առաջարկությունը: Այդ մասին դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձեն Israel Inside-ին:

Ըստ այդմ, Պեկինը և Իսլամաբադը առաջարկում են «անհապաղ հրադադար հաստատել և բանակցություններ սկսել՝ պայմանով, որ լիովին հարգվում է ինչպես Իրանի, այնպես էլ Պարսից ծոցի արաբական երկրների կատարյալ ինքնիշխանությունը»:

Չինաստանը և Պակիստանը «երաշխավորել են, որ հրադադարի հաստատման և ռազմական գործողությունները չվերսկսելու կայուն համաձայնության դեպքում կհաջողվի Հորմուզի նեղուցում վերականգնել ազատ նավագնացությունը»:

Պեկինը և Իսլամաբադը միաժամական առաջարկել են «վերջ տալ էներգետիկ ենթակառուցվածքների, նավթավերամշակման ձեռնարկությունների, քաղցրահամ ջրի արտադրության կայանքների փոխադարձ հրթիռակոծությանը»:

Ավելի վաղ Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով, ինչպես հայտնի է, Իսլամաբադում կայացել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների խորհրդատվական հանդիպում:

Դատելով այդ մասին տեղեկատվության գրեթե բացակայությունից, կողմերին, կարծես, չի հաջողվել հասնել որևէ փոխըմբռնման: Ըստ որոշ աղբյուրների, Պարսից ծոցի արաբական միապետությունները Միացյալ Նահանգներից «պահանջում են պատերազմը հասցնել հաղթական ավարտի»՝ զգուշանալով հետկոնֆլիկտային Իրանի «վրեժխնդրությունը»:

Ուշագրավ է, որ Չինաստանը, ֆորմալ առումով հանդիսանալով Իրանի ռազմավարական դաշնակիցը, պատերազմի մեկնարկից ավելի քան մեկ ամիս հետո հանդես է գալիս որպես միջնորդ, ընդ որում՝ տարածաշրջանի ազդեցիկ երկրներից մեկի՝ Պակիաստանի, հետ միասին: Կարելի է ենթադրել, որ Չինաստանը «սառնասրտորեն սպասել է իր ժամին»:

Ըստ երևույթին, Պեկինի և Իսլամաբադի հաշվարկը կառուցված է հեռանկարի վրա, որ Իրանի դեմ պատերազմում «երկընտրանքի առջև կանգած Դոնալդ Թրամփը կարող է ընդունել այդ առաջարկությունը», մանավանդ որ այն ոչինչ չի կանխորոշում, բացի երաշխավորված հրադադարից:

Իսրայելական աղբյուրները Չինաստանի և Պակիստանի համատեղ նախաձեռնության մասին տեղեկությունը «սրերով են ընդունել»: Ռուսալեզու vesty-ն փոխանցել է «կառավարության իրազեկ պաշտոնյայի» տեսակետը, որ եթե չին-պակիստանյան «նախաձեռնությունը Միացյալ Նահանգների կողմից ընդունվի, ապա դա կնշանակի Դոնալդ Թրամփի գլոբալ պարտություն, իսկ Իրանի կրոնապետական վարչակազմը պատերազմից դուրս կգա որպես հաղթող կողմ»:

Անցյալ շաբաթ իսրայելական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ նախագահը «Իսրայելի անկախության օրը՝ ապրիլի 9-ին, կժամանի Երուսաղեմ և կհայտարարի Իրանի դեմ պատերազմում հաղթանակի մասին»:

Նույն աղբյուրները նաև հայտնել են, որ «նախատեսված է Կնեսեթում Թրամփի ելույթը, որից հետո նա կարժանանա Իսրայելի հատուկ մրցանակի»: Ըստ երևույթին, դա տեղի չի ունենա:

Երբ «իրանական խաղի մեջ է մտնում» Չինաստանը, ուրեմն խաղադրույքը չափազանց բարձր է: Եվ խնդիրն ամենից առաջ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ազդեցության պահպանման-չպահպանման մասին է: