ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի պարզաբանում-հերքում է ներկայացրել «Հրապարակ»-ի՝ «Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։
«Ապրիլի 3-ին «Հրապարակ» օրաթերթը տպագրել է «Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածը, որը արտատպվել է մի շարք հայաստանյան լրատվամիջոցներում:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ նյութում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և առերևույթ պարունակում է իրական խնդրից շեղելու միտում:
«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից, քանի որ խախտել է աշխատանքային որոշ պարտականություններ, որոնք արձանագրել է վերջերս ՀՀ կրթության տեսչական մարմինը։
Ստորև ներկայացնում ենք իրականացված տեսչական և իրավական գործընթացների ողջ համայնապատկերը՝ անաչառ դիտորդի մոտ հնարավոր կասկածները և թյուրըմբռնումները վերացնելու նպատակով:
Այսպես՝
ՀՀ կրթության տեսչական մարմնի խորհրդի՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ի N5-L որոշմամբ հաստատված ՀՀ կրթության տեսչական մարմնի 2026 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 10 ՊՈԱԿ-ներ՝ «Արաքսի միջնակարգ դպրոց», «Արևաշատի միջնակարգ դպրոց», «Դաշտի միջնակարգ դպրոց», «Հայթաղի Հ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց», «Նորակերտի միջնակարգ դպրոց», «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց», «Ջրարբիի միջնակարգ դպրոց», «Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոց», «Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան N11 հիմնական դպրոց» և «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներ (պաշտոնական կայքէջ՝ https://www.eib.am/hy/applications, «ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ» բաժին)։
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2026 թվականի մարտի 25-ի N01/05.1/251-2026 գրության համաձայն՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի փետրվարի 24-ի N35-Ա հրամանի հիմքով «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել է տեսչական ստուգում՝ դպրոցի կողմից կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Նույն գրությամբ ներկայացվել է ՀՀ տեսչական մարմնի 2026 թվականի մարտի 20-ի N10/Դ-Ա ակտը՝ ՊՈԱԿ-ում իրականացված ստուգման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մարտի 20-ի NԴ-23-Ա կարգադրագիրը, որի համաձայն՝ խախտումների վերացման ուղղությամբ դպրոցի տնօրենին տրվել են հանձնարարականներ:
ՀՀ Արմավիրի մարզպետի՝ 2026 թվականի մարտի 26-ի N01/11.1/02231-2026 և N01/11.1/02211-2026 գրություններով, ՀՀ կրթության տեսչական մարմնի 2026 թվականի մարտի 20-ի N10/Դ-Ա ակտով արձանագրված խախտումները գնահատելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի հիմքով «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է նույն ակտի 10-րդ կետի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի վերաբերյալ եռօրյա ժամկետում ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան գրավոր բացատրություն:
Ակտի առանձնացված կետերի խախտումները վերաբերելի են ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համալրման կարգի խախտումների, համապատասխան մրցույթներ չհայտարարելու, դպրոցի որոշ աշակերտների հեռավար ուսուցումը սահմանված կարգով չիրականացնելու, ինչպես նաև դպրոցի ծնողական խորհրդի նախագահի ընտրության և ընդգրկվածությունը մանկավարժական խորհրդում չարձանագրելու փաստերին։
«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տված համապատասխան բացատրությամբ չեն ընդունվել Ակտով արձանագրված խախտումները։
Նշվածի հիմքով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 123-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, նաև հիմք ընդունելով ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մարտի 25-ի N01/05.1/251-2026 գրությունը, ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 26-ի NN 01/11.1/02231-2026 և 01/11.1/02211-2026 գրությունները և «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 2026 թվականի մարտի 27-ի թիվ-թիվ 236 և 237 գրություններով ներկայացված բացատրությունները, Կարինե Սմբատյանի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 30-ի N177-Ա որոշմամբ նա ազատվել է «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից և լուծվել է նրա հետ 2021 թվականի հուլիսի 7-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։
ՀՀ Արմավիրի մարզպետի՝ 2026 թվականի մարտի 30-ի N177-Ա որոշումը հրապարակված է մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով՝ http://armavir.mtad.am/decisions/ «Իրավական ակտեր» բաժնի «Մարզպետի որոշումներ» ենթաբաժնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսկ Հրապարակ թերթը գրել է․ Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանին պաշտոնանկ անելու մասին․ նրան հրահանգել են Արցախի դրոշը հանել, հրաժարվել է, ինչից հետո առաջարկել են դիմում գրել, հեռանալ: Բայց պարզվում է` սա դեռ ամբողջը չէ․ նրան հեռացնելը քաղաքական դրդապատճառ ունի։
Սմբատյանը, պարզվում է, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու։ Այդ մասին իմացել են իշխանություններն ու, իրենց ոճին հավատարիմ, հետեւել Սմբատյանի ու նրա ընտանիքի գործունեությանը։ Ու քանի որ մասնագիտական գործունեության մեջ անօրինական բան, որեւէ թերացում չեն գտել, այլ պատճառներ են որոնել՝ պաշտոնից ազատելու համար: Պարզվում է` Սմբատյանը, երեխայի հիվանդության պատճառով, իր 8-օրյա արձակուրդի օրերին մեկնել է Գերմանիա` երեխայի բժշկի հետ հանդիպելու, հիվանդության պատմությունն ու դիսկերը փոխանցելու, եւ Հայաստան է վերադարձել մեկ օր ուշացումով, որովհետեւ զրույցը բժշկի հետ երկարել է` ուշացել է ինքնաթիռից։ Անմիջապես հետդարձի տոմս է գնել՝ Չեխական ավիաուղիներով, բայց 1 օրվա ուշացումը «քթից են բերել»` կանչել են մարզպետարան։ Նրան ընդունել են մարզպետի տեղակալ, ԱԱԾ-ական Արամ Գրիգորյանն ու կրթության վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։
Հաշվի չառնելով երեխայի առողջության հետ կապված մոր հոգեվիճակը, սկսել են վիրավորել, թե դպրոցը սեփական կլան է դարձրել, գերմանացիներ է տանում-բերում, նվերներ ստանում, որոնց մասին մարզպետարանին չի հայտնում։ Նկատենք, որ Սարդարապատի դպրոցը գյուղական եզակի ուսումնական հաստատություններից է, որտեղ կրթությունն իրականացվում է նաեւ միջազգային ծրագրերով։ Դպրոցը երկար տարիներ համագործակցում է Գերմանիայի կառավարության հետ․ կազմակերպվում են դպրոցականների փոխադարձ այցեր, կրթական միջոցառումներ, անցած տարի էլ գերմանական կողմը դպրոցին կոնֆերանսների սրահ է նվիրել։ Մարզպետարանում դա են «երեսով տվել»։ «Նվերներ եք ստանում, մենք տեղյակ չենք»,- ասել է կրթության վարչության պետը։ Մարզպետարանում տեղի ունեցած ծանր խոսակցությունից հետո Կարինե Սմբատյանը հասկացել է, որ հեռացնելու են պաշտոնից։ Հրամանը չի ուշացել․ այն դպրոց է հասել ժամեր անց՝ անվստահության հիմնավորմամբ։ Չի ուշացել նաեւ պաշտոնակատարի նշանակումը։ Շատ արագ տնօրենի թափուր պաշտոնի համար ուսուցչական կազմին է ներկայացվել ԱԻՆ-ի ինչ-որ պաշտոնյայի կին։
Հիշեցնենք նաեւ, որ Սարդարապատի դպրոցի հիմնական մասնաշենքն անցած տարվա օգոստոսից քանդել են, որ վերակառուցեն, bայց մինչ օրս որեւէ աշխատանք չի իրականացվել։ Դպրոցում կարծում են, որ միտումնավոր են ձգձգել՝ Սմբատյանից ազատվելը վաղուց է ծրագրված եղել, որից հետո շինարարությունը կսկսեն իրենց սրտի տնօրենի պաշտոնավարման շրջանում։


Բաց մի թողեք
Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ
Ինչու է Էստոնիան խաղադրույք կատարում դպրոցներում արհեստական բանականության վրա
Աշխատանքից կազատե՞ն