21/05/2026

EU – Armenia

Հայաստանում գրանցվել է վերջին 90 տարվա ամենատեղումնառատ մարտ ամիսը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ 2026 թվականի մարտը ամենատեղումնառատն է եղել Հայաստանի համար:

«2026 թվականի մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0․3 °C, որը նորմայի սահմաններում էր։

Մարտը ամենատեղումնառատն էր՝ սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98․7 մմ կամ նորմայի 199%-ը։

Մարտ ամսվա յուրաքանչյուր տասնօրյակին դիտվեցին տեղումներ, որոնք ընդգրկեցին հանրապետության բոլոր շրջանները, սակայն առավել տեղումնառատ էր վերջին տասնօրյակը։ Ամսական տեղումների առավելագույն քանակը դիտվել է Արագածոտնի լեռնային շրջաններում՝ Ամբերդ և Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայաններում՝ կազմելով 217.9 մմ-ից 278.6 մմ, որը գերազանցել է ամսական նորման 3-ից 5 անգամ։

Մարտի 31-ի դրությամբ ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմել է 274 սմ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում, սակայն ամսի 28-ին ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է մարտ ամսվա համար։ Առանձին լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը մարտի 31-ին տատանվել է 64 սմ-ից 110 սմ-ի սահմաններում՝ Ամբերդ, Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում, իսկ նախալեռնային և ցածրադիր շրջաններում ձնածածկույթը բացակայել է։

2026 թվականի մարտ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը մարտի 21-ին՝ Կապանում՝ 23․5 °C ։

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք մարտը դիտվել է 2023 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 4․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1943 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -6․3 °C։

Ամենաչոր մարտը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 13 մմ։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մարտ ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 3․6 °C-ով 1935-2026թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 8%-ով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հանդես են եկել ասուլիսով, որի ժամանակ ներկայացրել են 2026 թվականի գարնանային վարարումների, սպասվող եղանակային պայմանների կանխատեսումը։

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը կպահպանվի մինչև ապրիլի 13-ը ներառյալ։

Այս ընթացքում հանրապետության ողջ տարածքում պարբերաբար կդիտվեն տեղումներ, որոնք Շիրակի, Լոռու, Տավուշի նախալեռնային հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով։

Ապրիլի 12-13-ը տեղումները կլինեն առավել ինտենսիվ, հնարավոր են ամպրոպներ և քամու պոռթկումներ մինչև 24 մ/վ, լեռնային շրջաններում՝ բուք և տեսանելիության նվազում։

Ապրիլի 14-ից ցիկլոնը աստիճանաբար կհեռանա, և մինչև ապրիլի 17-ը կդիտվի եղանակի փոփոխություն։

Ապրիլի 15-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով՝ հասնելով առավել նկատելի տաքացման։

Ապրիլի 18-ից հնարավոր է նոր ցիկլոնի ազդեցություն, որի հետևանքով տեղումները կվերսկսվեն արդեն անձրևի տեսքով։