Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք մանկապարտեզների կրտսեր խմբերի (2-3 տարեկանների) երեխաների թվակազմն ավելացրել են։ Եթե նախկինում երեխաների քանակը յուրաքանչյուր խմբում 20 էր, ապա այժմ մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների քանակը հասցրել են 30-ի։
Ընդ որում, գործող օրենքը չի փոխվել, եւ որեւէ նոր որոշում չի ընդունվել։ Ըստ գործող օրենքի, կրտսեր առաջին խմբում երեխաների քանակը պետք է լինի առավելագույնը 20, իսկ կրտսեր երկրորդ խումբ փոխադրվելիս՝ սեպտեմբերին, խմբում սաների քանակն ավելանում է 10-ով, դառնում 30 երեխա։
Սա արվել է մանկապարտեզի համար սպասողների հերթերը նվազեցնելու եւ վերանորոգվող մանկապարտեզների սաներին տեղավորելու նպատակով, բայց պարզ է, որ 2-3 տարեկան 30 երեխա մեկ դաստիարակն ու դայակը չեն կարող խնամել։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ նման անհաժեշտություն առաջացել է հիմնանորոգվող մանկապարտեզներից երեխաներին տեղափոխելու ժամանակ․ «Հիմնականում կրտսեր առաջին խմբերում երեխաների 3-4 տարեկանները լրացել են, խմբերը համալրած երեխաները, այսպես թե այնպես, պետք է սեպտեմբերին հաճախեին մանկապարտեզ, որեւէ մեկի իրավունքի հաշվին չեն տեղի ունեցել խմբերում համալրումները։ Այդ երեխաները ոչ միայն հիմնանորոգման գնացող մանկապարտեզների երեխաներ են, նաեւ երեխաներ են, ովքեր հերթում սպասում էին եւ նոր են սկսել հաճախել»։
Հարցին՝ խմբերում երեխաների քանակի ավելացմանը զուգահեռ, դայակ-դաստիարակների թիվը ե՞ւս ավելացրել են, Խաչատրյանը պատասխանեց․ «Իհարկե, անհրաժեշտություն առաջացել է, եւ հաստիքացուցակով առանձին դեպքերում ունեն, իսկ որոշ դեպքերում էլ առաջիկայում ունենալու են։
Այդ հարցը եւս մտածված է, սակայն եթե այս պահին համալրված էլ չէ, անձնակազմի այլ ներկայացուցիչներ այդ դերը կատարում են, մինչեւ կհամալրվեն։ Բոլոր մանկապարտեզներում չէ, որ համալրվել են կրտսեր առաջին խմբերը, կան, որ անձնակազմի, տարածքի խնդիրներ ունեն, կամ խմբում խնդրով բալիկներ կան, մենք ցուցաբերել ենք անհատական մոտեցում, որտեղ հնարավոր է եղել, ավելացրել ենք, հատկապես որ արդեն ձեւավորված խմբեր են, եւ կարծել ենք, որ մի քանի ամիս շուտ խնդիր չի լինի»։

Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել