28/04/2026

EU – Armenia

Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները

Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կարելի է տեսնել այն արժեքային բախման դաշտը, որի առանցքում հայտնվում են ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր ավանդույթի նկատմամբ վերաբերմունքի հարցերը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Իսկ նման ընկալումը ձևավորվել է ոչ թե մեկ առանձին դրվագի կամ պատահական իրադարձության արդյունքում, այլ կուտակային գործընթացի միջոցով, որի ընթացքում տարբեր դրվագներ՝ մեդիա քաղաքականությունից մինչև կրթական և մշակութային որոշումներ, դառնում են միևնույն ուղղության բաղադրամասեր։

Այդ համատեքստում շատերը զարմանալի ու ինչ-որ առումով յուրահատուկ ահազանգ են համարում այն, որ ապրիլի 24-ին, երբ Ծիծեռնակաբերդ էին այցելել Ամենայն հայոց կաթողիկոսն և բարձրաստիճան այլ հոգևորականներ, Հանրային հեռուստաընկերության եթերում կադրը միանգամից այսահարված հեռացրին նրանցից, ապա ինչ-որ անհայտ մեկի հետ անիմաստ հարցազրույց եթեր հեռարձակեցին, մինչև Վեհափառ Հայրապետն ու հոգևորականները կավարտեին Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգը անմար կրակի մոտ:

Ավելին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում տեղադրվել, ապա նույն այսահարվածությամբ հեռացրել էին Հայոց եկեղեցու Գահակալի այցի մասին տեղեկությունը:

Էժանագին ու ճղճի՞մ է: Այո: Զայրացուցի՞չ է: Անշուշտ: Սակայն այս ամենի մեջ որևէ նորություն չկա, և չկա նաև զարմանալու բան, քանի որ այն ոչ թե անձի հետ կապված հարց է, այլ տեղավորվում է ավելի լայն՝ արդեն տարիներ շարունակ իրականացվող քաղաքական գծի մեջ։ 2018 թվականից հետո ձևավորված քաղաքական միջավայրում իշխանությունները հատուկ և նպատակաուղղված քաղաքականություն են վարել, որի գլխավոր հարվածային թիրախը եղել են ազգային ու հոգևոր արժեքները։

Պատահական չէ, որ Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում իշխանությունների և Եկեղեցու հարաբերությունները աստիճանաբար լարվել են՝ անցնելով երբեմն բացահայտ հակադրության փուլեր։ Այս համատեքստում խորհրդանշական և խորքային նշանակություն ունեցան «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության շրջանակներում ծավալված իրադարձությունները, որոնք ուղեկցվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի շուրջ տեղի ունեցած բախումներով և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ դրսևորված բացահայտ անհարգալից վերաբերմունքով ու քաշքշուկներով։ Դա լոկ տարերային բողոքի դրսևորում չէր, քանի որ այդ գործընթացներում առանցքային ու ակտիվ դերակատարություն ունեցած մի շարք անձինք հետագայում իրենց տեղը գտան պետական կառավարման բարձր օղակներում, ինչը փաստում է նշված գործողությունների և քաղաքական իշխանության միջև առկա արտաքուստ անտեսանելի, բայց ամուր կապի մասին։

Հենց այս հետևողական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է այն իրողությունը, որ այսօր բարձրաստիճան հոգևորականները պարբերաբար թիրախավորվում են իշխանական քարոզչամեքենայի կողմից, իսկ նրանցից ոմանք քաղաքական և հանրային ակտիվ դիրքորոշման համար հայտնվել են անազատության մեջ։

Այս ամենին զուգահեռ՝ պետական մակարդակով հետևողականորեն իրականացվում են Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը նվազեցնող և ազգային ինքնության հիմքերը խարխլող համակարգված միջոցառումներ, որոնց շարքում ամենացավալի ու հեռուն տանող հարվածը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հեռացումն էր հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից։ Սա ոչ թե պարզ կրթական բարեփոխում էր, այլ կազմակերպված արշավ՝ ուղղված երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության շղթայի ընդհատմանը և ազգային արժեհամակարգի փոխարինմանը օտարամուտ ու ապազգային գաղափարական մոդելներով, որոնք նպատակ ունեն նոր սերնդին կտրել իր պատմական ու հոգևոր արմատներից՝ դարձնելով նրանց առավել խոցելի և մանիպուլ յացիաների ենթակա։

Ավելին, հակաեկեղեցական այս լայնածավալ արշավը չի կարելի դիտարկել լոկ ներքաղաքական տիրույթում։ Հարկավոր է այն վերլուծել շատ ավելի լայն՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Այս շրջանակում ՀՀ գործող իշխանությունների կատարած քայլերը մեկին մեկ համընկնում են տարածաշրջանային մեր հակառակորդների երկարաժամկետ շահերի հետ, քանի որ Եկեղեցու թուլացումը նշանակում է հայկական գործոնի և դիմադրողականության թուլացում թե՛ երկրի ներսում, թե՛ Սփյուռքում։ Այս ամենի արդյունքում հանրության լայն շերտերի մոտ ձևավորվել է հիմնավոր ու խոր համոզմունք, որ Հայաստանի գործող իշխանությունները ոչ թե առաջնորդվում են ազգային-պետական օրակարգով, այլ քայլ առ քայլ կյանքի են կոչում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից թելադրված կոնկրետ պահանջներն ու ռազմավարական ցանկությունները։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ շարունակում է իր մշակութային եղեռնը, որի ցայտուն դրսևորումներից մեկն էլ Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացումն էր։ Պատահական չէ նաև, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն դատապարտում, այլ անգամ որևէ ծպտուն չեն հանում այս մասին։ Փոխարենը «հոգովսրտով» դատապարտում են իրենց սիրելի Թուրքիայի դրոշի այրումը: Իսկ այս գործընթացի վերջնանպատակը թուրք-ադրբեջանական տանդեմի համար պարզ է՝ Հայաստանը վերածել սեփական դիմագծից, պատմական հիշողությունից ու հոգևոր պաշտպանունակությունից զուրկ մի տարածքային կազմավորման, որն այլևս չի ունենա ներքին դիմադրողականություն և սեփական շահերը պաշտպանելու կամք։

Երբ քաղաքացին տեսնում է, որ հարվածի տակ են դրվում պետականության հիմնասյուները, Եկեղեցին և ազգային ինքնությունը, քաղաքական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը ստանում է որակական նոր հարթություն։ Եթե ընտրողը համոզված է, որ տվյալ իշխանությունը կամ քաղաքական ուժը ուղղակի սպառնալիք է ներկայացնում իր համար անկյունաքարային արժեքներին՝ լինի դա հայությանը համախմբող հոգևոր կառույցը, պատմական հիշողությունը, թե ազգային ինքնության բնականոն շարունակականությունը, ապա նրա քաղաքական վարքագիծն ու ընտրությունը փոխվում են հիմնովին։ Այս պարագայում ընտրողի որոշումը պայմանավորված է լինում ոչ այնքան սոցիալ-տնտեսական խոստումներով կամ կենցաղային հաշվարկներով, որքան գոյաբանական ու արժեքային գնահատականներով։

Այլևս առաջնային է դառնում ոչ այնքան «ինչպես ապրելու», ինչքան «ով լինելու» հարցը, ինչը նշանակում է, որ արժեքային ճգնաժամը վերածվում է քաղաքական անվստահության անհաղթահարելի պատնեշի՝ իշխանության և սեփական ինքնությունը կարևորող քաղաքացու միջև։