Վլադիմիր Պուտինը Սանկտ- Պետերբուրգում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիին։ Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են արտգործնախարար Լավրովը, նախագահի օգնական Ուշակովը և ԳՇ հետախուզության Գլխավոր վարչության պետ Կոստյուկովը։
Իրանը Արաղչիից բացի ներկայացրել են նրա տեղակալ Ղարիբաբադին և Իսլամական հանրապետության Մոսկվայում դեսպան Ջալալին։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Պուտինը հայտնել է, որ ստացել է Իրանի հոգևոր առաջնորդի անձնական ուղերձը։ Ռուսաստանի նախագահը Մոջթաբա Խամենեիին առողջություն է մաղթել։ Իրանի արտգործնախարարը «նշագծել է նոր ղեկավարության արտաքին քաղաքական ուղեգիծը և ընդգծել, որ Իրանը հաղթահարել է Միացյալ Նահանգների ճնշումները և առաջիկայում կշարունակի մնալ նույն դիրքորոշման վրա»։
Իր հերթին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է «ամեն ինչ անել՝ պաշտպանելու Իրանի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների շահերը՝ հանուն Մերձավոր Արևելքում խաղաղության շուտափույթ հաստատման»։
Իրանի արտաքին գործերի նախարարը ՛աջակցության համար երախտագիտություն է հայտնել և հավաստել Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական գործընկերության ուղեգծին հավատարմությունը», ինչին ի պատասխան Պուտինը ասել է, որ Ռուսաստանը նույնպես Իրանի հետ ռազմավարական գործընկերությունը շարունակելու «մտադրություն ունի»։
Աչքի է զարնում առնվազն երկու հանգամանք։ Ռուսական կողմից բանակցությունների երկու մասնակից՝ նախագահի օգնական Ուշակովը և ԳՇ հետախուզության Գլխավոր վարչության պետ Կոստյուկովը ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների առանցքային դեմքերն են։
Կարելի է այնպես հասկանալ, որ Իրանի արտգործնախարարը Ռուսաստանի նախագահին ոչ թե միջնորդության, այլ աջակցության առաջարկություն է փոխանցել։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Իրանի ռազմաքաղաքական վերնախավում որոշիչ է այն խմբավորման տեսակետը, որ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացման կողմնակից է։
Երկրորդ էական հանգամանքը, որ ուղղակի առաջինից է ածանցված, Միացյալ Նահանգների հետ դիմակայությունը շարունակելու վճռականության մասին Աբաս Արաղչիի հավաստիացումն է, որից հետո Վլադիմիր Պուտինը փոխադարձաբար հաստատել է Իրանի հետ ռազմավարական գործընկերությունը շարունակելու մտադրությունը։
Հասկացվում է, որ Մոսկվայի «մտադրության» գործնականացումը պայմանավորվում է Իրանի դիմադրողականության հեռանկարով։
Ավելի վաղ նկատել ենք, որ Ռուսաստանը իրանա-ամերիկյան շուտափույթ համաձայնությամբ շահագրգռված չէ, քանի որ նախադեպը կարող է կիրառելի դիտվել նաև ուկրաինական կարգավորման համար։
Արաղչիի հետ Պուտինի հանդիպումն, այսպիսով, ոչ թե իրանա-ամերիկյան գործարքին Ռուսաստանի աջակցության, այլ Ռուսաստանի օգնությամբ ԱՄՆ-ի հետ դիմակայության ռեժիմում Իրանի հնարավորությունները մեծացնելու մասին է։
Այս ֆոնին Reters- ը, հղելով Թեհրանի իր աղբյուրներին, հայտնել է, որ «իրանցի բժիշկների աշխատավարձը իջել է ամսական 75 դոլարի, կառավարությունը նույնիսկ բյուջետային աշխատողներին երկրորդ ամիսն է՝ աշխատավարձ չի վճարում»։
Հեղինակավոր լրատվամիջոցի կանխատեսմամբ՝ եթե ԱՄՆ-ը ծովային շրջափակումը չհանի, Իրանի կառավարությունը «մի քանի շաբաթվա ընթացքում սնանկ կճանաչվի»։ Բացառված չէ, որ Թեհրանը Մոսկվայից առաջին հերթին ֆինանսական աջակցություն է ակնկալում, բայց Ռուսաստանը «ազատ միջոցներ» ունի՞։

Բաց մի թողեք
Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամն արժենում է 22 միլիոն դոլար
Թոֆիգ Զուլֆուգարովը «սպառնում է, որպեսզի օգնի Փաշինյանին», ոչ ոք չի չեղարկել
Երեսուն տարի Ալիևը չկարողացավ Կանդազին կալանավորել, Փաշինյանը կալանավորեց