Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային մեծ ժողովում հանդիպել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ։
Այդ մասին հայտնել է «Անադոլու» պետական գործակալությունը, որի փոխանցմամբ՝ նրա հիմնական ուղերձը հնչել է հետևյալ ձևակերպմամբ․ «Ոչ ոք չի կարող կանգնել մեր և մեր եղբայրների միջև»։
Էրդողանը հայտարարել է, որ հանդիպման օրը խորհրդանշական է, լրանում է Կուտ էլ-Ամարայում բրիտանական զորքերի դեմ հաղթանակի 110-ամյակը։ Առաջին համաշխարհային պատերազմի այդ նշանավոր իրադարձությունը Թուրքիայի նախագահը ներկայացրել է այլ կտրվածքով։
Նա հերքել է թուրքական հանրային գիտակցության մեջ արմատավորված կարծրատիպը, թե ամիսներ տևած այդ ռազմագործողության ընթացքում «արաբները դավաճանել են Օսմանյան կայսրությանը»։
Էրդողանը հավաստիացրել է, որ Կուտ էլ-Ամարան պաշարած օսմանյան զորքերի շարքերում «հերոսաբար մարտնչել են ինչպես արաբները, այնպես էլ քրդական կամավորական ջոկատները»։
Թուրքիայի նախագահը հատուկ ընդգծել է, որ օսմանյան բանակի կողմից բրիտանացիների դեմ կռված «արաբներից և քրդերից շատերը շիադավան» էին։ Նա ամփոփել է, որ Թուրքիան «ոչ է ասում տարածաշրջանի մասնատմանը» և որպես դրա երաշխիք կարևորել «թուրք-արաբ-քուրդ միասնությունը»։
Ո՞վ է «մասնատում» տարածաշրջանը, Էրդողանը հասցեագրում չի արել։ Իրանի դեմ պատերազմի մեկնարկին, սակայն, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ «շիադավան չարիքի վերացումից հետո» թույլ չի տա «սուննի չարիքի առանցք ձևավորել»։
Նաթանյահուի այդ հայտարարությունը Թուրքիան մեկնաբանել է որպես «սիոնիստական էքսպանսիոնիզմ», որի հաջորդ թիրախը «ինքը կդառնա»։
Հռչակելով տարածաշրջանի ամբողջականությունը թուրք-արաբ-քուրք միասնականությամբ պահպանելու նպատակ, Թուրքիայի նախագահն, ըստ էության, արաբական աշխարհին ռազմավարական դաշինք կնքելու առաջարկություն է հնչեցրել։ Այդ ուղղությամբ Էրդողանը որոշակի հաջողություն արդեն իսկ ունի:
Թուրքիան ռազմավարական համագործակցություն է հաստատել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի հետ։ Անկարան բարեկամական հարաբերություններ ունի նաև Իրաքի և Իրաքյն Քրդստանի հետ։
Բարդ է Արաբական միացյալ էմիրությունների, ինչպես նաև Հորդանանի խնդիրը։ Այդ երկրները հակված են Իսրայելի հետ հարաբերությունների պահպանման ուղեգծին։ Իսրայելական մամուլի տեղեկացվածությամբ՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկին զուգահեռ Իսրայելը ԱՄԷ-ում «հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգեր է տեղաբաշխել, որոնց մարտական սպասարկումն իրականացնում են իսրայելցի զինվորականները»։
Խիստ ուշագրավ է, որ ԱՄԷ-ի հետ հարաբերությունները սերտացնում է նաև Ադրբեջանը։ Ապրիլի 28-ին Իլհամ Ալիևը Գաբալայում ընդունել է ԱՄԷ ներդրումների նախարար Մոհամեդ Հասան ալ Սուվեյդիին։

Բաց մի թողեք
Ինչ իրոք էքզիստենցիալ փորձություն կլինի Մուստաֆաևի այցը Հայաստանի համար
Ադրբեջանը «Միացյալ Նահանգների հետ նույն ճամբարն է ընտրել»
Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամն արժենում է 22 միլիոն դոլար