02/05/2026

EU – Armenia

Մոսկվան չի ընդունում Եվրամիություն – Հայաստան գործընկերությունը

Մոսկվան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Երևան այցը «կգնահատի որպես հակառուսաստանյան»։ Հրապարակման ներքո ընթերցողներից մեկը թողել է մեկնաբանություն: «Իսկ Ռուսաստանը ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկում Ալիև-Զելենսկի համագործակցության դեմ»։

Հարցը տրամաբանական, բայց միաժամանակ էլ հուզական է։ Ռուսաստանը մոտ երկու տասնամյակ է՝ ՆԱՏՕ-ին «թշնամական կառույց» է ճանաչել, բայց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղում համատեղ «բարդ օպերացիա է իրականացրել»՝ ինչպես քառասունչորսօրյա պատերազմից հետո բացահայտել է Սերգեյ Շոյգուն։

Այնպես որ, մեր խնդիրը չէ, թե Պուտինը Զելենսկու Ադրբեջան այցը և Ալիևի հետ սպառազինությունների համատեղ արտադրություն սկսելու նրա պայմանավորվածությունը ինչպես է գնահատում։

Մեզ առավելապես պետք է հուզի, թե հայաստանյան լրատվամիջոցները և քաղաքական որոշ գործիչներ ինչո՞ւ են Ռուսաստանի ուշադրությունը հրավիրում Զելենսկու Երևան այցի հավանականության վրա կամ «Մոսկվայի պատվերով» ինչո՞ւ են հանրությանը ներշնչում, որ եթե Ուկրաինայի նախագահը «չտա աստված»՝ Հայաստան ժամանի, ապա «Պուտինը մեզ օրվա հացից կզրկի»։

Նման քարոզչություն պատվիրողները և իրականացնողները Հայաստանի քաղաքացուն փաստացի թերարժեքություն են ներշնչում և նվաստացնում ազգային պետությունը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը գումարվում է Երևանում, և ովքեր պիտի հրավիրվեն՝ ԵՄ և Հայաստանի որոշելիքն է, ոչ թե՝ Վլադիմիր Պուտինի։

Ըստ էության, դա Ռուսաստանի նկատմամբ հանրային վերաբերմունքին դրական ոչինչ չի տալիս։ Ավելին, պարզորոշ հասկացվում է, որ խնդիրը Վլադիմիր Զելենսկու Երևան ժամանելու մեջ չէ։

Մոսկվան չի ընդունում Եվրամիություն – Հայաստան գործընկերությունը, դեմ է Հայաստանի անվտանգային միջավայրի և արտաքին բոլոր տեսակի կապերի բարելավմանը։

Այս համատեքստում հազիվ թե հանրային ռուսաստանամետ տրամադրվածության «բում» լինի։ Ընդհակառակը, «կացնային» այդ վերաբերմունքը միայն մեծացնելու է Վլադիմիր Պուտինից հիասթափվածների թիվը։ Մոսկվայի քաղտեխնոլոգիական «դպրոցը», երևում է, մնացել է անցյալ դարասկզբի «մակարդակին», ինչը վկայում է Ռուսաստանի իշխանությունների քաղաքակրթական ժամանակավրեպությունը։

Կարևոր է նաև դիտարկել, որ հայրենական ընդդիմությունը, որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին և բոլոր եվրոպամետներին «սորոսական» և «ժեխ» է անվանում, իրականում ինքն է «պլեբսի» վրա խաղադրույք դրել, որովհետև միայն այդ խավն է մնացել «ամեն ինչ Պուտինն է որոշում» և «առանց Ռուսաստանի մենք կորած ենք» խորհրդային մտակաղապարների գերի։

Ըստ այդմ, Զելենսկու դեմոնացման և Պուտինի անունից սպառնալիքների քարոզչությունը վստահաբար կարելի է անվանել «գովք հիմարության»։