CNN-ը, հղում անելով եվրոպական հետախուզության աղբյուրներին, հայտնել է, որ Կրեմլը բարձրաստիճան զինվորականների և նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության ապահովման նոր միջոցառումներ է ձեռնարկել։
Լրատվամիջոցը ակնարկել է նաև «պալատական հեղաշրջման վտանգի» մասին։ Ըստ տեղեկությունների, «կասկածի տակ է Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն, որի նախկին տեղակալներից մի քանիսը կալանավորված են, և նա մտահոգված է, որ իրավապահները կզբաղվեն նաև իրենով»։
Բարդ է ասել, թե որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները, բայց նման հրապարակումները երբեք պատահական չեն եղել և չեն կարող լինել։ Հատկանշական է, որ CNN-ի հրապարակումը համընկնում է ուկրաինական կարգավորման ռուս-ամերիկյան «պայմանավորվածություններին վերադառնալու» մասին ռուսաստանյան մամուլի հրապարակումներին և, կարծես, վկայում է, որ Վաշինգտոնում ՌԴ նախագահ Պուտինի քաղաքական լիարժեքությունը և պաշտոնավարման ապագան «կասկածանքով են գնահատում»։
«Դոյչե վելլեն» այս ֆոնին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ՌԴ ռազմատիեզերական ուժերի հրամանատար Վիկտոր Աֆզարովը զբաղեցրած պաշտոնից ազատվել է։ Նրա փոխարեն նշանակվել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չայկոն։
Վերջինս Ռուսաստանի հերոս է, 2010-ական թվականներին հանդիսացել է Սիրիայում ռուսաստանյան զորքերի ընդհանուր հրամանատարը։ Չայկոն Եվրամիության կողմից պատժամիջոցների է ենթարկված, նա մեղադրվում է ուկրաինական Բուչայում «ռազմական հանցագործություններ կատարելու» մեջ։
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը ներառնում են նաև հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերը։ Տարեսկզբից ուկրաինական ուժերը Ռուսաստանի խորքում մի քանի ռեզոնանսային գործողություններ են իրականացրել։ Խոցվել են նավահանգստային ենթակառուցվածքներ, նավթավերամշակման գործարաններ և նավթամաբարներ։
ՌՏՈՒ հրամանատարի փոփոխության նախօրեին ուկրաինական դրոնը Մոսկվայի արևմուտքում «բնակելի բազմաբնակարան շենք է խոցել»։ Ռուսաստանը պատրաստվում է ավանդական զորահանդեսի։ Ոչ մի երաշխիք չկա, որ ուկրաինական դրոնները «չեն գրոհի նաև Կարմիր հրապարակը»։ Իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը եւ բարձրաստիճան զինվորականությունը լիովին պաշտպանված չէ։
Խնդիր է, թե ո՞րն է Մոսկվայի և մյուս քաղաքների անպաշտպանվախության պատճառը։ Ռուսաստանի հակաօդային և հակահրթիռային համակարգը հնացա՞ծ է, թե՞ ռազմաըիեզերական ուժերի արդեն նախկին հրամանատար Աֆզորովը «սաբոտաժի է ենթարկել» նաև Վլադիմիր Պուտինի անվտանգության ապահովումը։

Բաց մի թողեք
Հասնել «աբխազական երկաթուղու» վերագործարկմանը և լուծել Հայաստանի ապաշրջափակման հարցը
Ովքե՞ր են որոշելու Ուկրաինայի, մեծ հաշվով՝ Եվրոպայի ապագան
Ներքին մասնատվածությամբ Թուրքիան չի կարող սպասարկել այն նպատակները, որ իր առջև դրել է