«Հրապարակի» զրուցակիցը դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանն է։
– Մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկեց հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավը։ Մասնակից ուժերը ներկայացնում են իրենց նախընտրական ծրագիրը։ Որո՞նք են ԱԺԲ-ի առանձնահատկությունը, թիրախը, լսարանը, որոնց առաջնություն եք տալու։
– ԱԺԲ-ի (ընտրաթերթիկում՝ № 8) առանձնահատկությունն այն է, որ մենք ընտրություններին մասնակցում ենք ոչ թե հերթական իշխանափոխության, այլ՝ պետականության վերականգնման օրակարգով։ Այսօր քաղաքական դաշտում շատերը խոսում են միայն սոցիալական կամ տնտեսական առանձին խնդիրների մասին, մինչդեռ մենք ասում ենք՝ առանց ինքնիշխան պետության, անվտանգության եւ ազգային արժանապատվության վերականգնման, որեւէ սոցիալական խոստում երկար կյանք ունենալ չի կարող։ Մեր հիմնական տարբերությունն այն է, որ մենք հստակ ձեւակերպել ենք Հայաստանի առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը՝ պետականության եւ ինքնիշխանության ճգնաժամը։ Մենք դեմ ենք պարտվողականության, անվերջ զիջումների եւ «խաղաղության» անվան տակ նոր պահանջների ընդունման քաղաքականությանը։ ԱԺԲ-ն առաջարկում է արժանապատիվ եւ իրատեսական այլընտրանք՝ ուժեղ պետություն, ազգային շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականություն եւ անվտանգության նոր համակարգ։ Ինչ վերաբերում է լսարանին, ապա մենք չենք սահմանափակվում որեւէ նեղ սոցիալական կամ տարիքային խմբով։ Մեր հիմնական թիրախը Հայաստանի այն քաղաքացին է, որը հասկանում է, որ այս ընտրությունները պարզապես կուսակցությունների մրցակցություն չեն, այլ՝ Հայաստանի ապագայի ընտրություն։ Մենք հատկապես ուշադրություն ենք դարձնելու երիտասարդությանը, որը ցանկանում է ապրել ոչ թե վախի եւ անորոշության, այլ արժանապատիվ եւ հեռանկար ունեցող երկրում, անվտանգության հարցերով մտահոգ քաղաքացիներին, պետականամետ եւ ազգային մտածողություն ունեցող մարդկանց, Արեւմուտքի հետ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ սերտ ռազմաքաղաքական գործընկերության կողմնակիցներին, այն մեծ թվով հիասթափված քաղաքացիներին, որոնք այլեւս չեն հավատում հին քաղաքական համակարգին, բայց տեսնում են, որ ներկայիս իշխանությունն էլ երկիրը տանում է վտանգավոր ուղղությամբ, ինչպես նաեւ՝ այն ընտրողներին, որոնք չեն խաբվում նորելուկ ու ինքնահավան ուժերի խաբեպատիր խոստումներին։ Մենք փորձելու ենք մարդկանց հետ խոսել պարզ եւ ազնիվ լեզվով՝ առանց կեղծ խոստումների։ Չենք խոստանում հրաշքներ, բայց ասում ենք, որ հնարավոր է փոխել իրավիճակը, եթե Հայաստանը վերադառնա ազգային շահի, ինքնիշխանության եւ պատասխանատու պետական կառավարման ճանապարհին։
– Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանության տարբեր տրամաչափի գործիչներն առիթը բաց չեն թողնում՝ իրենց գլխավոր ընդդիմախոսներին անվանարկելու համար, հետապնդում են եւ այլն։ Ձեր հանդեպ, կարծես, հատուկ ընդգծված քննադատական վերաբերմունք չկա, թերագնահատո՞ւմ են Ազգային ժողովրդական բեւեռի ներուժը։
– Դա միանգամայն սխալ պատկերացում է։ Ընդհակառակը՝ ԱԺԲ-ն եղել եւ մնում է Հայաստանի քաղաքական դաշտի ամենահալածյալ ուժերից մեկը։ Պարզապես իշխանության վերաբերմունքը մեր նկատմամբ հաճախ արտահայտվում է ոչ այնքան հրապարակային քննադատությամբ կամ հեգնանքով, որքան շատ ավելի գործնական եւ համակարգային ճնշումներով։ Մեր բազմաթիվ կողմնակիցներ եւ համախոհներ տարբեր ժամանակներում ենթարկվել են հետապնդումների, զգալի մասը հայտնվել է բանտերում։ Շատերի նկատմամբ անհիմն քաղաքացիական եւ քրեական գործեր են հարուցվել։ Պետական համակարգում աշխատող մարդկանց սպառնացել են աշխատանքից ազատել, եթե կապ ունենան Բեւեռի հետ։ Գործարարների նկատմամբ կիրառվել է հարկային եւ վարչական ճնշում։ Մինչ այսօր էլ բազմաթիվ մարդիկ շարունակում են ենթարկվել քրեական հետապնդումների՝ բացառապես իրենց քաղաքական հայացքների եւ գործունեության համար։ Բացի այդ, ԱԺԲ-ն տարիներ շարունակ ենթարկվել եւ շարունակում է ենթարկվել տեղեկատվական լիակատար շրջափակման։ Իշխանության վերահսկողության կամ ազդեցության տակ գտնվող բազմաթիվ լրատվամիջոցներ անտեսում են մեր գործունեությունը, մեր օրակարգը, մեր նախաձեռնությունները։ Սուտն ու զրպարտությունը մեր հասցեին մշտապես անպակաս են։ Սա նույնպես քաղաքական հալածանքի ձեւ է՝ փորձել հանրությունից թաքցնել այն ուժին, որը ներկայացնում է այլընտրանքային ազգային եւ ինքնիշխանական օրակարգ։ Այնպես որ, հակառակը՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ ԱԺԲ-ն գաղափարական ուժ է, որն ունի հստակ աշխարհայացք, կազմակերպված կորիզ եւ երկարաժամկետ քաղաքական նպատակներ։ Եվ հենց դրա համար էլ փորձ է արվում մեզ մեկուսացնել, լռեցնել կամ թուլացնել։
– Այս իշխանությունների մեղքով Հայաստանը հայտնվել է խոր փոսի մեջ, անվտանգային սպառնալիքներ, հասարակության բեւեռացում։ Օրերս Պուտինն առաջարկեց Հայաստանին՝ կողմնորոշվել, հանրաքվե անցկացնել ԵՄ եւ ԵԱՏՄ նախընտրության հարցով։ ԱԺԲ-ն արտաքին քաղաքական ո՞ր կուրսի ջատագով է։
– ԱԺԲ-ն մշտապես եւ հետեւողականորեն հանդես է եկել Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի հետ հնարավորինս սերտ, կայուն եւ հարաճուն հարաբերություններ ունենալու օգտին։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության եւ զարգացման համար անհրաժեշտ է ոչ թե մեկ կենտրոնից կախվածություն, այլ՝ իրական ռազմավարական գործընկերություն այն ուժերի հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ, օրենքի գերակայությամբ եւ պետությունների ինքնիշխանության պահպանմամբ։ ԱԺԲ-ն միակ քաղաքական ուժն է, որը ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլեւ իր երկու նախորդ եւ ներկա ընտրական ծրագրերում հստակ ներառել է Հայաստանի համար ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ գլխավոր դաշնակցի՝ Major Non-NATO Ally (MNNA) կարգավիճակ ստանալու դրույթը։ Սա պարզապես խորհրդանշական ձեւակերպում չէ, այլ՝ ռազմավարական ուղղություն, որը կարող է Հայաստանին տալ անվտանգության, ռազմական համագործակցության, տեխնոլոգիական զարգացման եւ քաղաքական աջակցության բոլորովին նոր մակարդակ։ Մեր մոտեցումը հիմնված է պարզ իրողության վրա․ վերջին տասնամյակների փորձը ցույց տվեց, որ Հայաստանի անվտանգության ամբողջական կապումը մեկ ուժային կենտրոնի հետ ոչ միայն չապահովեց անվտանգություն, այլեւ ստեղծեց վտանգավոր կախվածություն։ Արդյունքում մենք ունեցանք ե՛ւ անվտանգային ճգնաժամ, ե՛ւ ինքնիշխանության սահմանափակում։ Միեւնույն ժամանակ, ԱԺԲ-ն չի դիտարկում արտաքին քաղաքականությունը որպես «կամ-կամ»-ի պարզունակ ընտրություն։ Մենք կողմ ենք հավասարակշռված, բայց հստակ ինքնիշխան շահերից բխող քաղաքականության։ Հայաստանը պետք է հարաբերություններ ունենա բոլոր կարեւոր կենտրոնների հետ, սակայն այդ հարաբերությունները պետք է լինեն արժանապատիվ եւ փոխշահավետ, այլ ոչ թե ենթակայության կամ կախվածության ձեւաչափով։ Ինչ վերաբերում է ԵՄ-ԵԱՏՄ հակադրությանը, ապա նախ պետք է հասկանալ, թե որն է Հայաստանի ազգային շահը։ Մեզ համար առաջնայինը Հայաստանի անվտանգությունն է, ինքնիշխանությունը, տնտեսության զարգացումը եւ պետականության ամրապնդումը։ Այդ տեսանկյունից ԱԺԲ-ն կարծում է, որ Հայաստանի Հանրապետության ռազմավարական ապագան ավելի բնականորեն կապված է ժողովրդավարական եւ տեխնոլոգիական զարգացած աշխարհի հետ։
– Օրերս Փաշինյանը կրկին հայտարարեց, թե Արցախը հայկական չէ, արցախցիների վերադարձի հարցը նա Հայաստանի համար համարում է վտանգավոր։ Ինչ դիրքորոշում ունեք Արցախի, այդ թվում՝ նաեւ Բաքվում պահվող հայ բանտարկյալների հարցում։
– ԱԺԲ-ի բեւեռի համար Արցախի հարցը փակված չէ եւ չի կարող փակված համարվել որեւէ մեկի քաղաքական հայտարարությամբ։ Արցախը մեզ համար ոչ միայն պատմական կամ զգացմունքային հարց է, այլեւ ՀՀ անվտանգության, իրավունքի եւ պետականության հարց։ Այսօր պետք է հստակ հասկանալ, որ Ադրբեջանն իր քաղաքականությունն իրականացնում է երկարաժամկետ եւ համակարգված ռազմավարության հիման վրա։ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը խարսխում է իր սահմանադրության եւ մի շարք հիմնարար փաստաթղթերի, մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սահմանադրական ակտի (1991 թ. հոկտեմբերի 18), ինչպես նաեւ՝ Ադրբեջանի Գերագույն խորհրդի Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին հռչակագրի (1991 թ. օգոստոսի 30) վրա, ըստ որոնց՝ իրեն հռչակում է Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ։ Այդ կեղծ պատմական, քաղաքական եւ իրավական հիմքերի վրա էլ կառուցում է իր ներկայիս պահանջները։ Միաժամանակ Ադրբեջանը խորհրդային շրջանը ներկայացնում է որպես «օկուպացիայի շրջան» եւ, հետեւաբար, խորհրդային վարչական սահմանները չի համարում վերջնական, լեգիտիմ եւ օրինական հիմք։ Նա երբեք չի ընդունել խորհրդային վարչատարածքային բաժանումը՝ որպես սահմանազատման կամ քաղաքական բանակցությունների վերջնական հիմք։ Սա նշանակում է, որ, անկախ Հայաստանի ներկայիս իշխանությունների զիջողական քաղաքականությունից, մենք շարունակելու ենք բախվել Ադրբեջանի նոր տարածքային, քաղաքական, ֆինանսական եւ նույնիսկ բարոյահոգեբանական պահանջներին։ Հետեւաբար, Հայաստանը պետք է պատրաստ լինի հակադարձելու Ադրբեջանին ոչ միայն ռազմական, այլեւ՝ քաղաքական, դիվանագիտական եւ իրավական դաշտերում։ Նա պիտի պատրաստ լինի կիրառելու հակընդդեմ հայցեր եւ լայնորեն օգտագործելու միջազգային իրավունքի բոլոր միջոցները, ինչպես նաեւ՝ Միջին Արեւելքում ձեւավորվող նոր աշխարհակարգի ընձեռած բոլոր հնարավորությունները։ Ցավոք, այսօր իշխանությունը հաճախ հրաժարվում է հենց այդ պայքարից՝ զիջումները ներկայացնելով որպես, այսպես կոչված, խաղաղության գին։ ԱԺԲ-ն համոզված է, որ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է՝ թե՛ իրավական, թե՛ պատմական, թե՛ արդարության առումներով, եւ Արցախի նկատմամբ հայկական իրավունքը չի վերանում որեւէ հայտարարությամբ կամ պարտադրանքով, կամ հայ բնակչությանը բռնագաղթի ենթարկելով։ Արցախի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում, արդարության հաստատումով, խաղաղ ճանապարհով, արժանապատիվ եւ սկզբունքային դիրքերից։ Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիներին ու բանտարկյալներին, ապա նրանց հարցը մեզ համար միայն մարդասիրական թեմա չէ։ Դա ազգային արժանապատվության եւ պետական պատասխանատվության հարց է։ Այս մարդիկ փաստացի քաղաքական պատանդներ են, եւ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է օգտագործել բոլոր հնարավոր միջազգային իրավական, դիվանագիտական եւ քաղաքական մեխանիզմները՝ նրանց ազատ արձակման համար։ Անթույլատրելի է, երբ պետությունը փաստացի համակերպվում է իր քաղաքացիների կամ հայերի գերեվարման ու ստորացման հետ։ Միեւնույն ժամանակ, մենք հստակ տարբերակում ենք անում արտաքին գերությունից ազատելու եւ հետագա իրավական պատասխանատվության հարցերի միջեւ։ Եթե այդ մարդկանցից ոմանք կատարել են հանցագործություններ Հայաստանի Հանրապետության դեմ, ապա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն արդեն ՀՀ իրավազորության ներքո՝ օրենքի եւ արդար դատավարության սկզբունքների համաձայն, այլ ոչ թե մնան Ադրբեջանի բանտերում՝ որպես քաղաքական պատանդ եւ նվաստացման գործիք։

Բաց մի թողեք
ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ
Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն
«Վիվա Արմենիայի» դեմ՝ սեփականության իրավունքի խախտման հայց. գործը հասել է դատարան. Լուսանկար