Թերևս կայունություն, խաղաղություն, ապահովություն երազող մարդիկ: Ազնիվ ձգտում է` բան չունեմ ասելու: Մարդիկ իրավունք ունեն վախենալ փոփոխություններից ու ցնցումներից, խաղաղ ու կանխատեսելի ապագա ուզենալ, կայուն եկամուտ և բարեկեցիկ կյանք:
Հրապարակ թերթը գրել է․ Դեր է խաղում նաև այն, որ փորձած թանը չեն ուզում փոխել անփորձ մածունի հետ:
Բայց այդ դիրքորոշումը միանգամայն հասկանալի եւ ընդունելի կլիներ, եթե գործող իշխանությունը լիներ այդ կայունության, ապահովության, խաղաղության, անցնցում ապագայի երաշխավորը:
Սակայն այնպես է ստացվել, որ այսօր ճիշտ հակառակն է` գործող իշխանությունը հենց անկայունության, անապահովության, ցնցումների, պատերազմների, ճգնաժամերի ու անհայտ ապագայի երաշխավորն է:
Եկեք առանց էմոցիաների քննարկենք ներկա իրավիճակն ու ՔՊ-ի` մեզ բերելիք ապագան:
ՔՊ-ի իշխանության մնալը նշանակելու է նորանոր շանտաժներ Ադրբեջանի կողմից եւ պատերազմի վախով կամ հենց պատերազմներով` նորանոր զիջումների կորզում Հայաստանից: Այսինքն, պատերազմից ու նոր տարածքներ կորցնելուց ապահովագրված չենք:
ՔՊ-ի իշխանության մնալը նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա լարում, անկայունություն, գուցե նաև պատժամիջոցներ, որոնք կարող են արտահայտվել եւ գազի գնի բարձրացմամբ, եւ Ռուսաստանից 2 միլիոն հայերի դեպորտով, եւ տնտեսական կապերի խզմամբ, իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր արտադրանքի ուղիղ կեսը գնում է Ռուսաստան, Հայաստան եկող փոխանցումների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանից:
ՔՊ-ի իշխանության մնալը նշանակում է հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների նոր ալիք` նորից շրջիկ պատարագներ, եկեղեցում նոր տիրադավների ու կարգալույծների ի հայտ գալ, հոգեւորականների նոր կալանավորումներ, դատ ու դատաստան, կաթողիկոսին հեռացնելու փորձեր, եկեղեցու պառակտում, Հայաստանյան ու սփյուռքի եկեղեցիների տարանջատում: Ինչպես նաև սփյուռքի համայնքների առավել օտարում հայրենիքից…
Ի դեպ, այս բոլորի մասին ՔՊ-ն բացեիբաց ու անամոթաբար գրել է իր նախընտրսկան ծրագրում:
ՔՊ-ի մնալը նշանակում է, որ ցանկացած օր ՔՊ առաջնորդի դուրը կարող է չգալ ձեր կանգնելու կամ խոսելու ձեւը, ձեր տված հարցը, ձեր շորի գույնը… եւ դուք մի քանի րոպեում աշխատատեղից զրկվեք, ինչպես «վարչապետի հետ զգաստ չխոսող» զինվորականի հետ եղավ:
ՔՊ-ի մնալը նշանակում է այլախոհների հետապնդումներ, Բաքվում գերիների առկայություն, բիզնեսին ուղղված ոտնձգություններ, նորանոր մարդկանց ելք ու մուտքի սահմանափակումներ…
Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանի մնալը վարչապետի պաշտոնում դա նշանակելու է նորանոր ստատուսներ` գռեհիկ բառամթերքով, ամենօրյա լայվեր, հայտարարություն-ոտնձգություններ ուղղված հայոց պատմությանն ու հայկական արժեքներին…
Այնպես որ խաղաղ, կայուն և ապահով կյանքի հույս չունենաք…

Բաց մի թողեք
ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ
Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն
«Վիվա Արմենիայի» դեմ՝ սեփականության իրավունքի խախտման հայց. գործը հասել է դատարան. Լուսանկար