13/05/2026

EU – Armenia

Ծագման երկիրը՝ «Հայաստան»․ տրվել է Հայաստան – Թուրքիա ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը․ Էկոնոմիկայի նախարարություն

2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։

Արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն, ինչը կնպաստի ծախսերի և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Էկոնոմիկայի նախարարությունը՝ տեղեկացնելով․

«Միաժամանակ երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ևս ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես «Հայաստան» կամ «Թուրքիա»։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝ 011597211»։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Շենգավիթում քարոզարշավի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Փաշինյանի ականջին ինչ-որ բան էր շշնջացել, որից լսելի էր եղել հետևյալը՝ «թուրքերն էսօր բացում են… կոդերը… մի հատ welcome-ինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ»:

Վարչապետն այնուհետև լրագրողների հետ զրույցում պարզաբանել ու բացատրել էր՝ ինչ է իր ականջին փորձել ասել Արարատ Միրզոյանը, ու Թուրքիայի հետ կապված ինչ նորություն կա, և տեղեկացրել էր Թուրքիայի հետ ուղիղ առևտրի հնարավորության մասին։

Թուրքիայի ԱԳՆ-ն մայիսի 13-ին հայտնել էր, որ Հայաստանի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են մայիսի 11-ին։