13/05/2026

EU – Armenia

Ալիևը կհամաձայնի՞ ԱՄՆ «գործարքին»` ևս ընդդեմ Հայաստանի

ԱՄՆ-ում գործող «Ատլանտյան խորհուրդը», որ ունի ՆԱՏՕ-ի «ուղեղային կենտրոնի» համարում, զեկույց է հրապարակել և Միացյալ Նահանգների կառավարությանը խորհուրդ է տվել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատել։

Հեղինակավոր վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ Սպիտակ տունը պետք է նախաձեռնի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու գործընթաց։

Այդ ուղղումը Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդունել է 1992թ․-ի աշնանը։ 2001թ․-ին ամերիկյան օրենսդիրները ԱՄՆ նախագահին արտոնել են մասնակիորեն շրջանցել Ադրբեջանի կառավարության հետ համագործակցության արգելքը։ Դա պայմանավորված էր Աֆղանստան փոխադրումների համար Ադրբեջանի ենթակառուցվածքները օգտագործելու անհրաժեշտությամբ։

Այդուհանդերձ, օրենքը շարունակում է մնալ ուժի մեջ և, մասնավորապես, Սպիտակ տանը արգելում է Ադրբեջանին սպառազինություններ վաճառել։

Ըստ մամուլի տեղեկացվածության, «Ատլանտյան խորհուրդը» Սպիտակ տանը առաջարկում է Ադրբեջանում «քաղբանտարկյալների և հայազգի պահվող անձանց ազատ արձակման դիմաց չեղարկել այդ արգելքը»։ Որպես նախադեպ, ընդ որում, վկայակոչվում է Բելառուսի իշխանությունների հետ վերջերս իրականացված «գործարքը»։

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը իրավական միակ ակտն է, որ ղարաբաղյան հակամարտությունը ճանաչել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ, ինչպես նաև՝ նրա կողմից Հայաստանի շրջափակումը։

«Ատլանտյան խորհուրդը», այսպիսով, Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի խնդրի «լուծումը» և Հայաստանի «ապաշրջափակումը», եթե Իլհամ Ալիևը համաձայնի իր երկրի քաղբանտարկյալներից մի քանիսին և ԼՂՀ ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին ազատ արձակել։

Կա՞ն, արդյոք նման քննարկումներ, Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են ներգրավված՝ այդ մասին ոչինչ հայտնի չէ։ Այդ կարեւորագույն հարցում Թրամփի վարչակազմը Հայաստանի մոտեցումները նկատի կունենա՞։ Ալիևը կհամաձայնի՞։