Հարգելի գործընկերներ,
Ի պատասխան 12.05.2026 Ժողովուրդ օրաթերթում հրապարակված և mitk.am լրատվականում վերատպված՝ «Վիվա Արմենիայի» դեմ՝ սեփականության իրավունքի խախտման հայց. գործը հասել է դատարան» հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն առ այն, որ, մեջբերում ենք՝ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հերթական ուշագրավ քաղաքացիական վեճը, որի կենտրոնում այս անգամ հեռահաղորդակցության ոլորտի խոշոր խաղացողներից մեկն է՝ «Վիվա Արմենիա» ընկերությունը»:
Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ թիվ ՏԴ/0270/02/26 քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր Նանա Դալլաքյանին, բայց դեռևս վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացվել և, հետևաբար՝ ներկայում դատական գործի քննություն չի իրականացվում, իսկ Viva-ն դեռևս որևէ դատական ծանուցում չի ստացել (գործի կարգավիճակի վերաբերյալ քաղվածքը, որն ունի բաց հասանելիություն Դատալեքս www.datalex.am համակարգում, կցված է սույն գրությանը)։ Ելնելով վերը նշվածից, պահանջում ենք հեռացնել հրապարակումն ամբողջությամբ կամ համապատասխան շտկում մտցնել տեքստում՝ հեռացնելով տեքստում տեղ գտած, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը։
Քանի որ այս փուլում datalex.am համակարգը չի ներկայացնում հայցապահանջի ամբողջ բովանդակությունն ու խնդիրը, ստորև հարկ ենք համարում ներկայացնել խնդրո առարկայի հակիրճ նկարագրությունը․
Հայցվոր Ալեքսան Ներսիսյանը դատարան է դիմել պահանջով՝ պարտավորեցնել «Վիվա Արմենիա» ՓԲ Ընկերությանը վերացնելու հայցվորի սեփականության իրավունքի խախտումը, այն է՝ իր միջոցներով հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ ՀՀ, Տավուշի մարզ, Դիլիջանի համայնք, գ․ Աղավնավանք, 1-ին փ, թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքով անցնող էլեկտրահաղորդման օդային գիծը և դրա համար տեղադրված մետաղական հենասյունը։
Առհասարակ՝ տարակուսանք է առաջացնում քաղաքացու կողմից դատարան դիմելու հանգամանքը։ Ընկերությունը մշտապես ձգտում է գտնել կառուցողական լուծումներ, և այս դեպքում ևս Viva-ն նույնպես իրականացրել է այդպիսի քայլեր։
Հայցվոր Ալեքսան Ներսիսյանի կողմից նախորդ տարի հենասյան ապամոնտաժման վերաբերյալ դիմումը ստանալուց հետո կազմակերպվել է հանդիպում, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պատվիրել նախագիծ և իրականացնել ինչպես հենասյան ապամոնտաժումը, այնպես էլ օդային գծի տեղափոխումը։
Նախ՝ չափագրության արդյունքում պարզվել է, որ մետաղական հենասյան մեկ ոտքը գտնվում է Ալեքսան Ներսիսյանի հողամասում, իսկ էլեկտրասնուցման օդային գիծը մոտ 70-80 մետր հատվածով անցնում է նրա տարածքի վրայով։
Նախագիծը պատվիրվել է, ինչպես նաև ստացվել են սնման կետի փոփոխության տեխնիկական պայմանները։ Ներկայում նախագիծը գտնվում է համայնքի կողմից հաստատման գործընթացում, որի ընթացքում տեխնիկական խնդիրներ են առաջացել կադաստրային քարտեզների հետ կապված։ Նախագիծն իրականացնող ընկերությունը դիմել է նաև Կադաստրի կոմիտե, սակայն խնդիրը դեռևս լուծում չի ստացել։
Միաժամանակ, Viva-ի աշխատակիցը և կապալառու կազմակերպության ներկայացուցիչը այցելելու են տարածք՝ համայնքի վարչական ղեկավարի հետ քննարկելու և հարցի լուծմանը նպաստելու նպատակով։
Մեր նպատակն է հնարավորինս արագ իրականացնել հենասյան ապամոնտաժումն ու օդային գծի տեղափոխումը Ալեքսան Ներսիսյանի տարածքից, ինչի մասին վերջինս արդեն տեղեկացվել է նաև հեռախոսազրույցի ընթացքում։
Շնորհակալություն
Հարգանքով, «Վիվա Արմենիա» ՓԲԸ


Բաց մի թողեք
Բրազիլիան բախվում է ԵՄ մսի արտահանման արգելքի՝ հակաբիոտիկների կանոնների պատճառով
ԵՄ-ն քննարկում է Գերմանիային նկատողություն անելու բյուջեի խախտման համար
Թրամփի ոճով պատերազմը հողմաղացների դեմ տարածվում է ամբողջ Եվրոպայում