13/05/2026

EU – Armenia

Թուրք բիզնեսմենները ռիսկերն են գնահատում

Ըստ որոշ տեղեկությունների, թուրքական կողմը պատրաստվում է մինչեւ հունիսի 7-ն ինչ-որ քայլեր անել` սահմանների բացման ուղղությամբ: Գուցե երրորդ երկրների քաղաքացիների համար դեռ երկու տարի առաջ խոստացած բացումն իրականացվի:

Հրապարակ թերթը գրել է․ Այլ քայլեր էլ են մտմտում: Օրինակ, ուսումնասիրում են Հայաստանի շուկան, որ տեսնեն, թե թուրքական որ ապրանքները կարող են ներմուծել Հայաստան: Առհասարակ, ծրագրում են մեր շուկան ամբողջությամբ իրենց տնօրինության տակ վերցնելու հարցը եւ ոչ միայն դրսից են մոնիտորինգ անում, այլեւ այցելություններ են իրականացնում:

Սահմանների բացման դեպքում հայաստանյան շուկան թուրքական ապրանքով ողողելու գործի գլխին, ըստ թուրքական աղբյուրների, կանգնած են Իգդիրում ապրող ու գործունեություն ծավալող երեք թուրք գործարար եղբայրներ՝ Բահար ազգանունով:

Եղբայրներից Օսման Բահարն Արեւմտյան Անատոլիայի կազմակերպությունում ընդգրկված արտահանողներից է: Եղբայրներին են պատկանում ընկերություններ Նախիջեւանում, Իգդիրում, Ռիզեում, Սակարյայում: Նրանք արտադրում են մթերքներ, կենցաղային քիմիա, շինարարական նյութեր, գյուղատնտեսական ապրանքներ:

Հատկանշական է, որ, մեզ հասած տեղեկություններով, այս երեք եղբայրներն արդեն մի քանի անգամ այցելել են Երեւան, հանդիպումներ ունեցել որոշ շրջանակների հետ, ռիսկերն են գնահատել: Տեղեկություններ կան, որ արդեն հասցրել են նույնիսկ փորձնական այդպիսի մի գործարք կնքել իրենց ընկերների միջոցով եւ ինչ-որ ապրանք են ներմուծել «Արգո գրուպ» ՍՊԸ-ի միջոցով: