15/05/2026

EU – Armenia

37 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Աժ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամներից 37-ը ինքնաբացարկ են հայտնել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում կուսակցության ընտրական ցուցակի 5-րդ համար Միքայել Նահապետյանն, անդրադառնալով ինքնաբացարկներին, նշել է․ «Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ կոնկրետ խնդիր ենք լուծում՝ մեր ցուցակի անդամները մեր առաջ քաշած ռեֆորմները կյանքի կոչելու ճանապարհին կոնկրետ ֆունկցիա ունեն՝ ԱԺ անցնելու դեպքում քվեարկեն մեր առաջ քաշած 3 օրենքների փոփոխությանը՝ ապահովելով արտահերթ ընտրությունների նշանակումը։ Այդ պրոցեսում մարդկանց պատգամավոր դառնալը չէ որ հետաքրքրում է։ Օրենքը թույլ էր տալիս գրանցվելուց հետո ինքնաբացարկ հայտնել, մարդիկ ինքնաբացարկ են հայտնել։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել նաև, որ որոշ քաղաքական գործիչներ կան, որ մեզ ասում էին՝ դուք ձեր մանդատները վայր կդնեք, իսկ ցուցակի վերջին համարները վայր չեն դնի, բայց հիմա ինքնաբացարկ հայտնել են ցուցակի վերջին համարները»։

Հարցին՝ առաջիկայում ինքնաբացարկների դիմումներ էլի կլինե՞ն՝ Նահապետյանը պատասխանեց․ «Մենք քարոզչական տեխնոլոգիաների առումով ամենաանկանխատեսելի ուժն ենք, ինչ ասես կարող եք սպասել»։

Պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ ինքնաբացարկ հայտնած թեկնածուները շարունակում են մնալ թիմի անդամ և մասնակցելու են նախընտրական քարոզարշավին։