Այսօր ծնվել է մարդ, ով գրականության մութ միջանցքներում վառեց սատանայական մի ջահ, և այդ լույսի տակ մարդկությունը տեսավ իր ամենախոր վախերը, իր կեղծ բարոյականությունը, իր ծիծաղելի փառասիրությունը և իր ողբերգական միայնությունը։
Այսօր ծնվել է Միխայիլ Բուլգակովը։
«Վարպետն ու Մարգարիտան»-ն ընդամենը վեպ չէ: Այն գիշերային կինո է, որտեղ լույսն ու մթությունը պարում են նույն երաժշտության տակ։ Այն փիլիսոփայական բալետ է բարու և չարի միջև, որտեղ նույնիսկ սատանան երբեմն ավելի ազնիվ է, քան մարդիկ։ Այն սիրո մասին ամենահուսահատ ու ամենահավերժ պատմություններից մեկն է, որ երբևէ գրվել է։
Բուլգակովի աշխարհում կատուները խոսում են, գլուխները կտրվում են տրամվայի անիվների տակ, լուսինը դառնում է ճակատագրի խորհրդանիշ, իսկ Մոսկվան՝ մարդկային հոգու լաբիրինթոս։ Բայց այդ ամբողջ միստիկայի խորքում ապրում էր մի շատ իրական ցավ՝ ազատ ստեղծագործողի ցավը։
Նա գրեց մի ժամանակաշրջանում, երբ ճշմարտությունը հաճախ աքսորվում էր, իսկ գրողը ստիպված էր գոյատևել սեփական լռության մեջ։ Եվ գուցե հենց դրա համար նրա գրականությունը դարձավ այդքան անմահ․ որովհետև այն գրվել էր ոչ թե միայն տաղանդով, այլ նաև ներքին կրակով։
Սիմոն Սարգսյան

Բաց մի թողեք
Փոքրիկ Իշխանի մոլորակից դեպի մարդու սիրտը․ Ներկայացումը՝ Դրամատիկական թատրոնում․ Լուսանկարներ
Սալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կինոյի այնպիսի մի հրաշք, որի հայացքում միաժամանակ ապրում են կրակն ու խոցելիությունը