21/05/2026

EU – Armenia

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Բաքվի հավակնություններին ենթարկեցնելու գործիք

Անցյալ շաբաթ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովը, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարին, հայտարարել է, որ այդ հարցում Անկարան խորհրդակցում է Բաքվի հետ և առաջնորդվում «մեկ ազգ՝ երկու պետություն սկզբունքով»։

Բաքվի իշխանական minval politika-ն ոչ լրիվ մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ ընդարձակ հրապարակումն է արել և վերստին քննադատություն հնչեցրել Թուրքիայի «որոշակի գլոբալիստական շրջանակների և նախկին դիվանագետների» հասցեին, որոնք «դեմ են Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցությանը»։

Ադրբեջանական լրատվամիջոցի գնահատմամբ՝ Թուրքիայում «որոշ ուժեր դավանում են հետազգայնականության գաղափարախոսություն և փորձում են երկիրը տանել արևմտականացման ուղղությամբ»։

Խիստ ուշագրավ է, որ minval politika-ի երկրորդ հրապարակումը հաջորդել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, որի ընթացքում ֆոն դեր Լայենը Թուրքիան անվանել է «անկայուն տարածաշրջանում Եվրամիության կայուն գործընկեր»։

Մայիսի 5-ին, Եվրոպական համայնքի երեւանյան գագաթաժողովին Իլհամ Ալիևի հեռավար ելույթի հաջորդ օրը Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը մեկնել է Բաքու։

Նախորդ օրը Իլհամ Ալիևը ընդունել է Իտալիայի վարչապետ Մելոնիին։ Ակնհայտ է, որ Կալասը և Մելոնին փորձել են հասկանալ, թե Եվրախորհրդարանի հասցեին Ալիևի կոշտ քննադատությունը գործնականում ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

Երևում է, Ալիևի «դեմարշը» նրան ցանկալի դիվիդենտներ չեն բերել։ Եվ նա ոչ այնքան հայ-թուրքական հարաբերություններում «սեպարատ առաջընթացից», որքան որ Եվրամիություն-Թուրքիա համագործակցությունից է դժգոհ։

ԹՊԿ մայիսի 15-ի ոչ պաշտոնական գագաթաժողովը, կարծես, արձանագրել է, որ ռազմավարական իմաստով Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա հիպերտարածաշրջանում Թուրքիայի «հենակետը» ոչ թե Ադրբեջանը, այլ Ղազախստանն է։

Քսաներկու միլիոն բնակչություն ունեցող այդ երկիրը արդեն տարեկան 360 միլիարդ դոլարի ՀՆԱ է գեներացնում, ունի ոչ միայն նավթի ու գազի, այլև հազվագյուտ մետաղների, ինչպես նաև ուրանի մեծ պաշարներ։

Ղազախստանի այդ ներուժը ռազմավարական հետաքրքրություն է ոչ միայն Թուրքիայի, այլև Ռուսաստանի, Եվրամիության, Չինաստանի համար։ Իսկ անցած դեկտեմբերին Վաշինգտոնում գումարված ԱՄՆ-Կենտրոնական Ասիայի գագաթաժողովին ակնհայտորեն տոն է տվել Ղազախստանի նախագահ Տոկաևը։

Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն, անշուշտ, ռազմավարական-դաշնակցային են և որպես այդպիսին մնալու են։ Բայց տպավորություն է, որ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքն ավելի շատ Ադրբեջանը Ռուսաստանից կտրելու, քան Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Բաքվի հավակնություններին ենթարկեցնելու գործիք է։