23/05/2026

EU – Armenia

Դպրոցի տնօրեններն՝ ընդդեմ Արմավիրի մարզպետի

Արմավիր մարզի Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Լիլիթ Պետրոսյանը հայց էր ներկայացրել դատարան, խնդրելով՝ անվավեր ճանաչել Արմավիրի մարզպետի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի ոևոշումը՝ Լիլիթ Պետրոսյանին «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնից ազատելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին N ՄՈ/896-Ա և Լիլիթ Պետրոսյանին վերականգնել նախկին աշխատանքին։

Նաև Արմավիրի մարզպետից հօգուտ Լիլիթ Պետրոսյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, տնտեսական, սոցիալական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում: Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը դպրոցի տնօրենին ազատել է աշխատանքից՝ վստահությունը կորցնելու հիմքով: Դատաքննության ժամանակ մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ դպրոցի տնօրենին բանավոր տեղեկատվություն է փոխանցվել այն մասին, որ նա խախտել է «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 26-րդ մասի պահանջները, համաձայն որի՝ տնօրենը պաշտոնավարման ընթացքում պարտավոր է դրսևորել
քաղաքական զսպվածություն։

Դատարանը Լիլիթ Պետրոսյանի հայցը բավարարել է՝ անվավեր ճանաչել Արմավիրի մարզպետի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը։ Պետրոսյանին վերականգնել էբ Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում: Արմավիրի մարզպետարանից հօգուտ Լիլիթ Աշոտի Պետրոսյանի բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար սկսած 17.10.2025 թվականից, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Արմավիրի մարզպետարանը բողոքարկել է վճիռը: Նշենք, որ ամիսներ առաջ մամուլում գրվեց, որ Լիլիթ Պետրոսյանին ազատել են այն պատճառով, որ տնօրենի պաշտոնի մրցույթին մասնակցել է նաև Արգիշտի Մեխակյանի քեռակինը, իսկ արդյունքում տնօրեն է ընտրվել Լիլիթ Պետրոսյանը, և նրա նկատմամբ սկսվել են տարատեսակ ճնշումներ:

Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը եւս հայց է ներկայացրել Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի դեմ, խնդրել դատարանից՝ անվավեր ճանաչել Խաչատրյանի կողմից 30.03.2026թ-ին կայացված տնօրենի պաշտոնից ազատելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ ՄՈ/177-Ա որոշումը և Կարինե Սմբատյանին վերականգնել իր նախկին պաշտոնում, իսկ նախկին պաշտոնում վերականգնելու անհնարինության դեպքում վճարել հատուցում վերջինիս միջին ամսական աշխատավարձի տասներկուապատիկի չափով։ Հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Արմավիրի մարզպետից հօգուտ Կարինե Սմբատյանի բռնագձել վերջինիս միջին աշխատավարձը։ Նշենք, որ Վահրամ Խաչատրյանը Սմբատյանին աշխատանքից ազատել էր Արցախի դրոշը դպրոցի փառքի անկյունից չհեռացնելու համար: Կարելի է ենթադրել, որ Սմբատյանի հայցն էլ դատարանը կբավարարի: