11/06/2026

EU – Armenia

Ընդդիմությունը հաղթել է Ներքին Խնձորեսկում

Գորիսի քաղաքապետ՝ նախկին ընդդիմադիր Առուշ Առուշանյանը ընտրությունների հաջորդ օրը «վենդետա» է սկսել, քանի որ Գորիսում «Ուժեղ Հայաստանը» գրանցել է ավելի բարձր արդյունք՝ 5 հազար ձայն, քան ՔՊ-ն:

Հրապարակ թերթը գրել է․ Գրել էինք, որ Գորիսի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ են արդեն աշխատանքից ազատվել, օրինակ` համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, նրա խորհրդականն ու օգնականը, ինչպես նաեւ՝ Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Արամ Արզանյանը։ Պարզվում է, որ Առուշանյանն իշխանություններին խոստացած է եղել 60-70 տոկոս ձայն բերել, սակայն չի ստացվել:

Օրինակ` Ներքին Խնձորեսկում ՔՊ-ն խայտառակ պարտություն է տարել, իսկ ընդդիմադիր ուժերը միասին բավականին շատ ձայներ են հավաքել, ՔՊ-ն ընդամենը 61 ձայն է ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 49, «Լուսավոր Հայաստան»-ը` 64, «Հայաստան» դաշինքը` 21, ԲՀԿ-ն՝ 8, «Միասնության թեւերը»` 3 ձայն: Խնձորեսկի վարչական ղեկավար Արամ Արզանյանը «Հրապարակի» հետ զրույցում պնդեց, որ իր կամքով է լքել զբաղեցրած պաշտոնը, պատճառը գյուղատնտեսական աշխատանքներով ծանրաբեռնվածությունն է։

«Դեռ մեկ ամիս առաջ էի որոշել ազատման դիմում գրել, գյուղատնտեսությամբ պիտի զբաղվեմ, չեմ հասցնում»,- ասաց նա: Իսկ ինչո՞ւ հենց այս օրերին` ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, երբ ազատման դիմումներ են գրել նաեւ Առուշանյանի օգնականը, խորհրդականն ու տեղակալը։ «Ուզել էի մեկ ամիս առաջ գրեմ, էն էլ հիմա գրեցի, ես հողեր ունեմ, չեմ հասցնում համատեղել»: Նա չգիտեր, թե ով է իրեն փոխարինելու: Պարզ է, որ Առուշ Առուշանյանն ում ուզի, կնշանակի, նա այլեւս ՔՊ-ից ազատ գործելու քարտ-բլանշ է ստացել: Կրկին հարցրինք` իսկ գուցե չե՞ք կարողացել Առուշանյանի հրահանգով ՔՊ-ի համար ձայներ ապահովել, դրա համար եք ազատվել, ասաց. «Չէ, ես ուղղակի ուզում էի հեռանալ իմ անձնական խնդիրների պատճառով, ես արդեն ազատման դիմում եմ գրել ու հեռացել»: