Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրկուստսկում այցելել է ռազմական ինքնաթիռաշինական գործարան, որ հիմնադրվել է 1934 թվականին։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին այն ռազմաճակատին մատակարարել է ավելի քան 2 հազար մարտական ինքնաթիռ։ Պուտինը ծանոթացել է MC 21 ռազմական նոր ինքնաթիռի արտադրությանը։ Նրան ուղեկցել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Չեմեզովը։
ՌԴ նախագահի Իրկուտսկ այցը, անշուշտ, առաջին հերթին քարոզչական է և խորհրդանշում է «թիկունք-ռազմաճակատ անխախտ միասնությունը»։ Ռուսաստանում սեպտեմբերի 18-20-ին տեղի կունենան պետական դումայի ընտրություններ, իսկ Վլադիմիր Պուտինի վարկանիշը վերջին հարցումների արդյունքով 71 տոկոսից իջել է 66-ի։ «Եդինայա Ռոսիա»՝ կրկին «նախագահական» անվանված կուսակցությանը վստահել է հարցման մասնակիցների ընդամենը 31 տոկոսը։
Ղազախստանի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հրավերով Կասիմ Ժոմարթ Տոկաևը մեկնել է Օմսկ, որտեղ նախատեսված է երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցության խորհրդաժողով անցկացնել։
Ռուս-ղազախական բարձր մակարդակի հանդիպման վայրը ակնհայտորեն թե ներքին, թե արտաքին քարոզչական նպատակով է ընտրվել։ Հուլիսի 6-ին Օմսկի նավթավերամշակման գործարանը, որ Ռուսաստանում խոշորագույնն է, ենթարկվել է ուկրաինական անօդաչուների հարձակմանը և աշխատանքները դադարեցրել։
Անցյալ շաբաթ Նովոռոսիյսկում հարձակման է ենթարկվել «Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի» նավթաբեռնման թերիմինալը։ ԿԽԿ-ն ղազախստանյան նավթի արտահանման գլխավոր «երակն» է։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն քննադատել է Ուկրաինային։ Օմսկում Պուտին-Տոկաև հանդիպումը այդ առումով առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի։
Օկուպացված Շուշիի «գլոբալ մեդիաֆորումի» հարթակից Ռուսաստանի հասցեին Իլհամ Ալիևի կողմից թույլ տրված կոշտ գնահատականների առթիվ ղազախստանցի փորձագետ Նուսուպբաևը կարծիք է հայտնել, որ Տոկաևը Ադրբեջանի նախագահի օրինակին հետևել չի կարող, որովհետև ոչ միայն Ռուսաստանի հետ երկու հազար կիլոմետրանոց ցամաքային սահման ունի, այլև նավթի արտահանման լոգիստիկայով կախված է նրանից։
Ռուսաստան-Ղազախստան միջտարածաշրջանային համագործակցության խորհրդաժողովի հիմնական հարցը, ըստ tengrinews-ի, Իրտիշ գետից Ղազախստանի տարածքով մինչև Չինաստան ջրատարի կառուցումն է։
Նման հավակնոտ նախագծի քննարկումը վկայում է, թե Ռուսաստանի համար որքան կարևոր է Ղազախստանի՝ որպես Չինաստանի հետ հաղորդակցության «կապող օղակի» դերը։ Ղազախստանը նաև Թուրքական պետությունների կազմակերպության շատ ազդեցիկ երկիր է, Կասպյան «հնգյակի» անդամ, իսկ Տոկաևը Մայամիում կայանալիք G20-ի գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։
Ղազախստանի նախագահի հետ հանդիպումից թիկունքային ապահովության իրական ի՞նչ երաշխիքներ կստանա Վլադիմիր Պուտինը, ցույց կտան հետագա իրադարձությունները։ Քաղաքական առումով Մոսկվա-Աստանա երկխոսության շարունակականությունը Ռուսաստանի համար արդեն իսկ որոշակի ձեռքբերում է։
Մանավանդ որ Պուտին-Տոկաև գագաթաժողովը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան կարող է ցրել։

Բաց մի թողեք
Վիկտոր Օրբանը կոչ է անում «դիմադրության քաղաքականության» նոր դարաշրջանի
Լավրովը կրկին խոսել է «ոչ կոնվենցիոնալ պատերազմի հավականությունից»
Ռուսաստանը պատասխանել է Տոկաևին. Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է