13/06/2026

EU – Armenia

Մանդատների հետ կապված դեռ վերջնական որոշում չունենք

Մանդատների հետ կապված դեռ վերջնական որոշում չունենք, այն պետք է կայացվի մնացած ընդդիմադիր ուժերի հետ խորհրդակցելով, պայքարը եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր է, մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար:

Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ «Իրենց անցկացրած ընտրության փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն»։

Ռոբերտ Քոչարյանը մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում, անդրադառնալով ներկա քաղաքական իրավիճակին, ասել է, որ այսօր ընդդիմության հնարավորություններն ավելի մեծ են, քան նախկինում. «Կարծում եմ՝ ձևավորվում է պայքարի նոր և ավելի լայն հնարավորություն։ Բացի այդ, այս ամբողջ ժամանակահատվածում իշխանության լեգիտիմությունը լինելու է քննարկումների և կասկածների առարկա, ինչը նախկինում չի եղել։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների թիվն աճել է։ Եթե հաշվի առնենք նաև այսպես կոչված փոշիացված ձայները, ապա դրանց զգալի մասն էլ ընդդիմադիր է։ Խոսքը 600 հազարից ավելի ձայների մասին է։ Եթե դրանց թեկուզ 10 տոկոսը դուրս գա փողոց, ապա մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել այս իշխանության հարցը»:

Ռոբերտ Քոչարյանը մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում անդրադարձել է խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցին, ինչպես նաև պատասխանել այն քննադատություններին, թե նախորդ հինգ տարիների ընթացքում ընդդիմության ստացած մանդատները չեն ծառայել իրենց հիմնական նպատակին՝ իշխանափոխությանը. «Մեր մանդատների հավաքական ներուժի շրջանակում կիրառել ենք բոլոր հնարավոր մեխանիզմները, որոնք մշտապես զուգորդվել են փողոցային պայքարով։ Մենք ունեցել ենք առնվազն երկու խոշոր պայքարի փուլ։ Արդյո՞ք հասել ենք մեր նպատակին։ Ոչ։ Սակայն չեմ կարող նշել որևէ ժամանակահատված, երբ կարող էինք ավելին անել և չենք արել։ Դա փաստ է»։

Ինչպես ասել է՝ ընդդիմադիր ուժերն այժմ ունեն ավելի մեծ ներկայացվածություն, իսկ քաղաքական դաշտում առկա է նաև մեկ այլ ուժ, որը ստացել է ավելի շատ մանդատներ և հանդես է գալիս նոր դեմքերով։