Փարիզում Վրաստանի վեց քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև յոթ տարվա խիստ ռեժիմի բանտարկության՝ Փարիզի և Լիոնի հեղինակավոր գրադարաններից ռուս դասականների գրքեր գողանալու համար, գրում է Le Monde-ը։
Մեղադրյալները մեղավոր են ճանաչվել հանցագործություն նախապատրաստելու նպատակով հանցավոր համաձայնության գալու և մշակութային արժեքներ գողանալու մեջ։ Դատախազն իր մեղադրական ճառում խոսել է «գանձերի իսկական գողության» մասին։
Դատարանի առաջ կանգնել են երեք մեղադրյալներ։ Նրանցից երկուսն արդեն դատապարտվել և կալանավորվել էին արտերկրում, սակայն փոխանցվել են Ֆրանսիային՝ դատավարության համար։ 50-ամյա Միխայիլ Զ.-ն Լիտվայում դատապարտվել էր 19-րդ դարի հրատարակություններ գողանալու համար երեք տարի և չորս ամիս ազատազրկման, իսկ 49-ամյա Բեքա Տ.-ն Էստոնիայում դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման։
Պարբերականը նշում է, որ հենց Միխայիլ Զ.-ի նկատմամբ է կայացվել ամենախիստ դատավճիռը՝ յոթ տարվա ազատազրկում։ Բացի այդ, պատիժը կրելուց հետո նրան արգելվել է մուտք գործել Ֆրանսիայի տարածք։ Բեքա Տ.-ն դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ։
Եվս երկու մեղադրյալներ բացակայում էին դատարանից. նրանց ձերբակալել էին Վրաստանում՝ մի երկրում, որն իր քաղաքացիներին չի արտահանձնում։ Հայրենիքում նրանք դատապարտվել են հինգ տարվա բանտարկության, ընդ որում՝ Փարիզի դատարանը նրանց հեռակա կարգով դատապարտել է վեց տարվա ազատազրկման և ձերբակալման օրդեր է տվել։
Ինչպես հայտարարել է դատախազը, ամբաստանյալները կատարել են «զանգվածային, կազմակերպված, ծրագրված գողություն, որն իրականացվել է մանրախնդրությամբ և ցինիզմով»։
Գրքերի գողությունները տեղի են ունեցել 2023 թվականին Լիոնի Բարձրագույն նորմալ դպրոցի Դիդրոյի անվան գրադարանում, ինչպես նաև Ֆրանսիայի ազգային գրադարանում և Փարիզի Լեզուների և քաղաքակրթությունների համալսարանական գրադարանում։
Գողերը գալիս էին գրադարաններ, որոշում իրենց «թիրախը», լուսանկարում գրքերը և վերցնում չափերը։ Ավելի ուշ նրանք վերադառնում էին և հազվագյուտ գրքերը փոխարինում կեղծ պատճեններով։
Ինչպես գրում է Le Monde-ը, Ֆրանսիայի ազգային գրադարանից գողացվել է Ալեքսանդր Պուշկինի վեց գիրք, Միխայիլ Լերմոնտովի երկու գիրք և Եվգենի Բարատինսկու մեկ գիրք, իսկ գողերի գործողություններից հասցված վնասը գնահատվել է 770 հազար եվրո։
Ավելի վաղ France24 հեռուստաալիքը հայտնել էր, որ ֆրանսիական դատախազությունը գրքի գողերի համար մինչև ութ տարվա ազատազրկում էր պահանջել։
Հետաքննությունը համակարգում էր ֆրանսիական կողմը, այն ստացել է «Պուշկինի օպերացիա» անվանումը։ Գործի նյութերի համաձայն՝ գողություններին առնչություն ունի անձանց մի ամբողջ ցանց, որոնցից ոմանք արյունակից բարեկամներ են։ Գողություններից հետո ֆրանսիական գրադարանները զգոնության կոչ են արել ռուս դասականների գրքերը ընթերցողներին տրամադրելիս։

Բաց մի թողեք
Միգրանտների դեմ «որս» է սկսվել
Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին
«Ֆիդես» կուսակցությունը լուրջ սխալներ է թույլ տվել ընտրարշավի ընթացքում․ Հունգարիայի նախկին վարչապետ