04/08/2026

EU – Armenia

Թրամփն իրականում փուչիկ է, անկարող կերպար, TRIPP-ը՝ սուտ մի բան

Իրանի հետ վեց ամիս շարունակվող զինված հակամարտությունը գնալով ավելի է նմանվում Վաշինգտոնի ռազմավարական պարտության, և ԱՄՆ դաշնակիցները հետեւանքներին նայում են խոր անհանգստությամբ,- գրել է «Նյու Յորք թայմս»ը, փոխանցել է ուկրաինական Unian-ը։

Ամերիկյան պարբերականը դիմել է քաղաքական մեկնաբաններին։ Նրանցից բրիտանական հայտնի Chatham House -ի նախկին տնօրեն Ռոբին Հիբլեթի գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփին «չի հաջողվել ռազմական առավելությունը վերածել քաղաքական երկարաժամկետ արդյունքի, ինչը նրա գործընկերների համար լուրջ ահազանգ» է։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահը սոցցանցային գրառմամբ տեղեկացրել է, որ Իրանի դեմ «խորտակիչ հարվածը հետաձգվել» է։ Ըստ Դոնալդ Թրամփի, դա տեղի է ունեցել Իրանի և տարածաշրջանի մի քանի այլ երկրների «խնդրանքով»։

Իսրայելական ynet-ի տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ նախագահը որոշումը փոխել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում վերջինս մտահոգություն է հայտնել, որ իր և հարևան երկրների «կրիտիկական ենթակառուցվածքները կարող են իրանական կողմից հրթիռային և դրոնային հարվածների թիրախ դառնալ»։

Իրանական tasnim և mehr գործակալությունները հերքել են Թրամփի հավաստիացումը, որ Իրանի հետ «գործարքը» մոտ է և վերստին պնդել, որ Հորմուզի նեղուցում «ամերիկյան որևէ ներկայություն բացառված» է։ Ավելի վաղ Իրանը սպառնացել է Իսրայելը և տարածաշրջանի մյուս երկրները «վերադարձնել քարե դար», եթե ԱՄՆ-ը թիրախավորի իրանական էլեկտրակայանները և նավթավերամշակման գործարանները։

Այս համապատկերին «Նյու Յորք թայմսի» գանահատականը,կարծես թե, իրականությանը մեծ չափով մոտ է։ Ամերիկյան պարբերականը ընդգծել է, որ զուգահեռաբար «տարածաշրջանում թուլանում է նաև Իսրայելի ազդեցությունը»։

Օգոստոսի 1-ին պաշտպանության նախարար Գյուլերը խորհրդարանում ներկայացրել է Միջերկրականի արևելյան հատվածում և Սիրիայում Թուրքիայի «զսպիչ» դեր։ Գյուլերը պարզորոշ հայտարարել է, որ Թուրքիան «բավարար ուժեր և միջոցներ է կենտրոնացնում, որպեսզի հակակաշռի» այդ տարածաշրջանում իսրայելա-կիպրական «բոլոր ձեռնարկումներին»։

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Թուրքիայի պաշտպանության նախարարը կարևորել է 1974թ․ «պայմանավորվածությունների անշեղ հարգումը»։

Խոսքը Սիրիայի և Իսրայելի միջև «սահմանազատման» մասին է, երբ Գոլանի բարձունքներում բաժանարար գիծը դե-ֆակտո ճանաչվել է։ Բաշար Ասադի վարչակազմի տապալումից հետո Իսրայելը ամբողջությամբ գրավել է Գոլանի բարձունքները և հարակից տարածքներում ռազմական ներկայություն հաստատել։

«Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին, մենք հանդես ենք գալիս ի պաշտպանության արաբական հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգման»,- վստահեցրել է Գյուլերը։

Ի՞նչ ելք կունենա իրանա-ամերիկյան պատերազմը, դժվար է նույնիսկ ենթադրություն անել, բայց փաստ է, որ առկա իրավիճակը ուժային մյուս կենտրոնների և տարածաշրջանային դերակատարների համար բոլոր առումներով ուսանելի է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղությունը կառուցվել է անցյալ տարվա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան քաղաքական համաձայնությունների հիմքով։

ԱՄՆ նախագահ Թրամփին առայժմ չի հաջողվել հասնել ռուս-ուկրաինական կարգավորման «գործարքի», իսկ Իրանի դեմ պատերազմը «հաղթական ավարտի հասցնելու» հեռանկարը խիստ մշուշոտ է։ Չնայած մոտ մեկ ամիս առաջ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի «դրական մթնոլորտին», ԱՄՆ եվրոպական դաշնակիցները դարձյալ հրաժարվել են մասնակցել «Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը»։

Իրավիճակը զգաստացնող է այնքանով, որ Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումը զգալի ժամանակ և ջանքեր է պահանջում, բայց առարկայական երաշխիք չկա, որ այն վեց ամիս հետո միջազգայնորեն նույնքան պահանջված կլինի, որքան՝ մեկ տարի առաջ։