ԱՄՆ-ը և Իրանը «անցած կիրակի էլեկտրոնային տարբերակով ստորագրել են փոխըմբռնման մասին հուշագիրը»։
Պետական դեպարտամենտի դիվանագիտական աղբյուրը «այդ տեղեկությունը հերքել» է։ Turkiye պարբերականի տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ և Իրանի պատվիրակությունները «հունիսի 19-ին կհանդիպեն Շվեյցարիայում, որպեսզի երկրորդ ստորագրությամբ հաստատեն համաձայնագիրը, որից հետո այն պաշտոնապես կհրապարակվի»։
Այդ առթիվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովից հետո լրագրողներին ասել է, որ Իրանի հետ ձեռք բերված «համաձայնագրի տեքստը պակիստանյան կողմի խնդրանքով նախապես չի հրապարակվել»։
Թե Միացյալ Նահանգներում, թե հատկապես Իրանում կան ուժեր, որ դեմ են իրանա-ամերիկյան «փոխըմբռնման մասին» հուշագրին, թեև այն, դատելով մամուլում տեղ գտած «արտահոսքերից», սկզբունքորեն պայմանավորվածություն է պատերազմի ավարտի և վաթսունօրյա ժամկետում մնացած բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու մասին։
Վերջին մի քանի օրերին իրանա-ամերիկյան «հաշտության» թեմայով քննարկումների պակաս չկա նաև հայաստանյան մամուլում և սոցիալական հարթակներում։ Մի շարք մեկնաբանություններում այն տեսակետն է գեներացվում, որ եթե Միացյալ Նահանգները Իրանի հետ «հաշտվում է, TRIPP նախագիծը ակտուալությունը կորցնում» է։ Առաջ է քաշվել վարկած, որ «փոխըմբռնման մասին» հուշագրով ԱՄՆ-ը «պարտավորվել է Մերձավոր Արևելքից և Իրանին սահմանակից տարածքներից հեռանալ»։
Turkiye իշխանամետ պարբերականը հրապարակել է իրանա-ամերիկյան համաձայնագրի «կրկնօրինակը», որտեղ կա այսպիսի դրույթ․ «Միացյալ Նահանգները վերացնում է Իրանի շրջափակումը, երեսունօրյա ժամկետում վերականգնում ծովային հաղորդակցության նորմալ մակարդակը և վերջնական համաձայնություն ձեռք բերելուց հետո սկսում տարածաշրջանից իր զորքերի դուրսբերումը»։
Եթե այս տեքստը «բնագրին» համապատասխանում է, ապա խոսքը ոչ թե Մերձավոր Արևելքից, այլ Իրանի նավահանգիստների բլոկադան իրականացնող և Հորմուզի նեղուցի շուրջ պատերազմի ընթացքում տեղաբաշխված զորքերի դուրսբերման մասին է։ Ընդ որում, ԱՄՆ-ը պարտավորվում է զորքերի դուրսբերումը «սկսել վերջնական համաձայնություն ձեռք բերելուց հետո»։
Ինչ վերաբերում է TRIPP-ի «ակտուալության կորստին», ապա Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը «ցամաքային միջանցքների» համար լուրջ մրցակցություն է խթանել Թուրքիայի և Իսրայելի միջև։ Միացյալ Նահանգները պարզապես չի կարող հնարավորությունը բաց թողնել և TRIPP-ը «մոռացության մատնել»։ ԱՄՆ -Իրան համաձայնությունը ենթադրում է Իրանում լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։ Եթե «հաշտությունը» կայանա, ապա ԱՄՆ գործարար շրջանակները նաեւ Իրանում «հետաքրքրություններ կունենան»։
Չափազանց կարևոր է, որ իրանա-ամերիկյան համաձայնությունը ստորագրվի։ Որոշակի ուժերի, իհարկե, դա ձեռնտու չէ։ Հարց է, թե սկզբունքորեն ի՞նչ դիրքորոշում ունի Ադրբեջանը։ Իլհամ Ալիևը իրանա-ամերիկյան նախնական համաձայնությունը պաշտոնապես չի ողջունել, տեսակետ չի հնչեցրել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Բաց մի թողեք
Օրբանը խոստանում է շարունակել պայքարել ԵՄ-ի դեմ
ԱԺ ընտրությունների քարոզարշավում տեղ է գտել նաև «քֆուր դնելը»
Արևմտյան «նվաճողներից մերժված» Ռուսաստանը և Թուրքիան