Իլհամ Ալիևը ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների Խորհրդարանական միության հերթական նստաշրջանին։
Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տեղեկատվության, Իլհամ Ալիևը ընդգծել է, որ պատերազմի ընթացքում «ադրբեջանական պետությունը և ժողովուրդը կանգնած էին իրանական ժողովրդի և պետության կողքին»։
Իրանի խորհրդարանի նախագահը ըստ էության այդ գնահատականը կիսել է: «Պատերազմի փուլում Իրանը ճանաչել է բարեկամներին և թշնամիներին։ Ադրբեջանը որպես բարեկամ երկիր Իրանի կողքին» էր,- ասել է Ղալիբաֆը։ Իրանի խորհրդարանի նախագահը Բաքու է մեկնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ Շվեյցարիայում բանակցություններից հետո, և նրա այդ գնահատականը, երևի, պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։
Իսրայելա-ամերիկյան հարձակումից ի վեր Ղալիբաֆը Իրանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ Ադրբեջանի նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպում է ունեցել։ Եվ եթե այդ մասին պաշտոնական տեղեկատվության տեքստում ոչ մի խոսք չկա մարտի 5-ի «միջադեպի» առթիվ երկկողմ լարվածությունը լիցքաթափելու մասին, պետք է ենթադրել, որ Բաքուն և Թեհրանը այդ «էջը փակել» են։ Իսկ այդ օրերին իշխող տպավորություն էր, որ Իրանը և Ադրբեջանը «պատերազմի շեմին» են։
Բավական է հիշել, որ Նախիջևանի օդանավակայանի դեմ «իրանական ԱԹՍ-երի հարձակումից» հետո Ալիևը Իրանի բարձրագույն ղեկավարությանը անվանել է «ստոր, տմարդի, վախկոտ» և սպառնացել «երկաթե բռունցքով»։
Ոչ ոք չի կարող ասել, թե կողմերը ի՞նչ մակարդակի, ծավալի և որակի քննարկումներ են ունեցել, ի՞նչ «բացահայտումներ են եղել», բայց փաստ է, որ ԱՄՆ հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Ղալիբաֆը գոնե այս փուլում հստակ սահմանել է, որ Ադրբեջանը «Իրանի բարեկամն» է։
Ալիևը և Ղալիբաֆը անդրադարձել են նաև Արաքսի վրայով կամրջի շահագործման թեմային։ Ըստ տեղեկությունների, այդ կարևոր կառույցի բացման արարողությունը նախատեսված է հուլիսին։
Կարելի է ենթադրել, որ միջոցառումը կկազմակերպվի այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո։ Իրանի նախկին Գերագույն հոգեւոր առաջնորդի վերջին հրաժեշտին Ադրբեջանը կներկայացնի Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովան։
Աղբենդ- Քելելե կամրջի կարեւորության մասին խոսելիս կողմերը ընդգծել են, որ «Իրանի տարաշքով անցնող Արաքսի միջանցքը միաժամանակ կծառայի տարածաշրջանի տրանսպորտային հնարավորությունների ընդլայնմանը»։ Խոսքը Իրանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային, իսկ հեռանկարում նաև երկաթուղային հաղորդակցության մասին է։
Ադրբեջանը անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին նախորդած շրջանում բազմիցս հայտարարել է, որ եթե Հայաստանը «հրաժարվի, ապա Նախիջևանի հետ հաղորդակցությունը կիրականացվի Իրանի տարածքով»։
Ալիևի աշխատակազմի տարածած տեղեկատվությունից հասկացվում է, որ «Արաքսի միջանցքը» TRIPP-ին այլընտրանք չի դիտարկվել։

Բաց մի թողեք
Կարո՞ղ է Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան ուժերը պատճենել-փոստացնել Մելոնիի մեթոդը
Ավրամոպուլոսը չի արդարացվել, ասում է Եվրոպական հանձնաժողովը
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում