Կարո՞ղ է մի մարդ` հանուն իշխանության եւ հանուն աշխատանքը չկորցնելու, սպառնալիք դառնալ հազարավոր մարդկանց աշխատանքի եւ բնականոն գործունեության համար:
Հրապարակ թերթը գրել է․ Մեր աչքի առաջ հենց այդպիսի տեսարան է: Փաշինյանի` սեփական աթոռը պահելու քաղաքականության արդյունքում անորոշության են մատնվել հարյուրավոր ձկնաբուծական տնտեսություններ, դրանց հազարավոր աշխատակիցներ ու ընտանիքների անդամներ:
Արդեն մեկ ամիս է` հունիսի 2-ից, Ռուսաստանը փակել է իր շուկան, արգելել հայ ձկնաբույծների արտադրանքի ներմուծումը ՌԴ: Մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ, ում դիմեն կամ ինչ սպասեն:
Մենք խոսեցինք ձկնաբուծական տնտեսություն ունեցողներից մեկի հետ, որը ներկայացրեց իրենց ոլորտում ստեղծված վիճակը:
«Հունիսի 2-ին Վերին Լարսի անցակետում գտնվող իմ ապրանքը չեն թողել մտնի Ռուսաստան, մեքենան հետ է վերադարձել, 20 տոննայից ավել ձուկը դրել եմ սառնարան, սպասում եմ, չգիտեմ, թե դրա հետ ինչ եմ անելու:
Բայց դա հարցի ամենափոքր մասն է. ջրավազաններում հարյուրավոր տոննա ձուկ կա, ես չգիտեմ, թե այդ ապրանքը ոնց պետք է իրացվի: Հենց հիմա կերի խնդիր կա, ամեն օր հարյուրավոր կիլոգրամ կեր ենք օգտագործում, սա ջերմոց չէ, որ պոմիդորը կամ վարունգը սպառում չունենա` թողնես քոլի վրա ու ծախս չանես, մեր տնտեսություններն ամեն օր հազարավոր դոլարների ծախս են ուզում: Կեր վաճառողները, որ նախկինում ապառիկով կեր էին տալիս, գիտեին, որ այսօր կտան, 10 օր հետո փողը Ռուսաստանից կստանամ` կվճարեմ, հիմա չեն տալիս, որովհետեւ ահագին պարտք է կուտակվել:
Իրենք էլ փողի խնդիր ունեն, որ նորից կեր պատվիրեն, վաղը կարող է նույնիսկ կերի խնդիր առաջանալ: Գումարած՝ մեր տնտեսությունները մեծ քանակով էլեկտրաէներգիա են օգտագործում, ամսական ծախսը 5-20 միլիոն դրամ է` կախված տնտեսության չափից, եթե չվճարենք, ի՞նչ է լինելու, հոսանքազրկելու են, ու ձկները սատկե՞ն, թե՞ ինչ-որ լուծում են տալու: Գումարած՝ վարկերի մարման հարցը. ցանկացած գործարար ընդլայնում է իր բիզնեսը, տեսում ես, որ եկամուտ կա` մեծացնում ես տնտեսությունը, նոր ջրավազաններ ես կառուցում, ավելի շատ մանրաձուկ ես առնում, ավելի շատ սարքավորումներ: Հիմա վաճառք չկա, եկամուտ չկա, իսկ վարկը, տոկոսը կա, բանկին չի հետաքրքրում` դու վաճառք ունե՞ս, թե՞ չունես»:
Հարցնում եմ` արդյո՞ք պետական մարմիններին դիմել են, խնդիրը ներկայացրել են։ «Մեր ձկնաբույծների միությունը դիմել է, էկոնոմիկայի նախարարության հետ քննարկում եղել է, ասել են, որ իրենք էլ են քննարկում, տեսնեն, թե ինչ կարող են անել, ինչով կարող են օգնել, բայց այս պահի դրությամբ որեւէ քայլ չի արվել»: Մինչեւ Ռուսաստանի կողմից ներմուծման սահմանափակումը, ձկան մեծածախ վաճառքի դեպքում 1 կիլոգրամն արժեցել է 2 հազար 500 դրամ, այդ գնով վաճառվել է նաեւ տեղական շուկայում, իսկ վերավաճառողներն արդեն ձուկը վաճառել են 3200-4000 դրամով, հիմա մեծածախի գինն իջել է մինչեւ 1500-1600 դրամ: Ըստ մեր զրուցակցի, դա ձկան ինքնարժեքն է, դրանից պակաս վաճառելու դեպքում տնտեսությունը կորուստներ է կրում, դրա համար մարդիկ դրանից ներքեւ չեն իջեցնում․ «Հասկանում ենք, որ բոլորն էլ փողի խնդիր ունեն, բայց եթե հանուն փողի ավելի ցածր վաճառենք, ոչ միայն ուրիշներին ենք վնասելու, այլեւ մենք մեզ ենք կործանելու»:
Ամենակարեւոր եւ այս օրերին ամենաշատ տրվող հարցը. իսկ ինչո՞ւ չեն արտահանում եվրոպական շուկա, կամ՝ աշխարհում 7 միլիարդանոց շուկա կա, փոքրիկ, ընդամենը 150 միլիոնանոց ռուսական շուկան է Փաշինյանը փակել, դրա փոխարեն բացվել է համաշխարհային 7 միլիարդանոց շուկան, կարո՞ղ է իրենց արտադրանքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, թե՞ իրենք այնքան անորակ ապրանք են արտադրում, որ միայն Ռուսաստան կարող են արտահանել: Մեր զրուցակիցը ծիծաղում է. «Երեք տարի է՝ այդ ուղղությամբ աշխատում ենք, խոսքը միայն իմ մասին չէ, տարբեր տնտեսություններ իրենց արտադրանքի փորձանմուշներ են ուղարկել տարբեր երկրներ, նաեւ՝ եվրոպական, տարբեր երկրների լաբորատորիաներ: Արդյունքները նորմալ են եղել, ոչ մի խնդիր չեն տեսել, բայց ապրանքը չեն ուզում գնել: Մեր արտադրանքի որակի հետ կապված՝ Եվրոպայում խնդիր չի կարող լինել, եւ գիտե՞ք, թե ինչու․ որովհետեւ կերը մենք գնում ենք եվրոպական երկրներից, եվրոպական չափանիշներով արտադրված, մեր ջուրն էլ այնքան մաքուր եւ որակով է, որ համապատասխանում է խմելու ջուր լինելու չափանիշներին, ինչո՞ւ պետք է այդ մաքուր ջրում եւ եվրոպական կերով արտադրված ձուկը խնդիր ունենա: Բայց իրենք մեր ապրանքը չեն ուզում, իրենց կերը մեզ ծախում են, բայց մեր ձուկը չեն ուզում առնել»:
Մեր զրուցակիցը ցույց է տալիս իր տնտեսության դիմաց գտնվող հայ-թուրքական սահմանը եւ ասում է. «Տես` մի քանի կիլոմետր այն կողմ Թուրքիան է, այնտեղ էլ են ձկնաբուծարաններ կառուցել, մեզնից են սովորել, տեսել են, որ մենք աշխատում ենք, եկամուտ կա, իրենք էլ են սարքել, մենք ու իրենք նույն ջուրն ենք օգտագործում, նույն ստորերկրյա ավազանից ենք օգտվում: Իրենք էլ են իրենց աճեցրած ձուկը Ռուսաստան արտահանում, Ռուսաստանում վաճառում են որպես «հայկական ձուկ, հայկական իշխան», որովհետեւ մենք սպառողին համով ու որակով ապրանք էինք մատակարարում: Հիմա մենք չենք կարողանում մեր ապրանքն արտահանել, պատկերացնո՞ւմ ես` իրենց համար ինչ հնարավորություն է բացվել»:
Իմ զրուցակիցը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի օգտին, դրա համար ամաչում է ասել իր անուն-ազգանունը, ամաչում է, որ մարդիկ կճանաչեն եւ կասեն, թե դու ինչու ես բողոքում, քո ընտրած իշխանությունն է, դու էիր մարդկանց համոզում` քվեարկել այդ կուսակցության օգտին: Երբ հունիսի 2-ին իր ձուկը հետ է եկել Հայաստան, իրեն վստահեցրել են, որ շատ կարճ ժամկետում այդ հարցը տեղը կընկնի, հիմա էլ են ասում, ինքն այն ժամանակ հավատացել է, վստահեցնում է, որ հիմա էլ է հավատում: ՔՊ-ականների հավատը «փրկչի» նկատմամբ անսասան է:
Իրականում, մարդկանց մի մասի մոտ վախը մթագնել է բանականությունը, նրանք այնքան են վախեցած իշխանությունից, որ առաջնորդվում են բացառապես վախով, եւ սա է իշխանության հիմնական զենքը:

Բաց մի թողեք
Քաղաքական աճպարարը և «զենքայնացում» հնարքը
Սեդա Սաֆարյանը գլխի չի ընկնում, թե որտեղ է գտնվում
Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է