Հեռացող խորհրդարանի վերջին արտահերթ նիստը երեկ աչքի ընկավ դրամատիկ տեսարաններով։
Հրապարակ թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանի կողմից մերժված, ՔՊ վարչությունում Ռուբեն Ռուբինյանին պարտված, բայց դեռեւս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը երեկ ԱԺ նիստ էր վարում` ասես ոչինչ չի եղել, ինքը չի նեղացել թիմից, որ ԱԺ նախագահի պաշտոնում ոչ թե իրեն, այլ անզուսպ ու հայհոյախոս Ռուբինյանին ընտրեցին։
Նա վերջին անգամ ինքնադրսեւորվեց բարձր ամբիոնից, ընդդիմադիրների հետ կոշտ լեզվակռվի մեջ մտավ, կանգնեց թիմակցի թասիբին, երբ Արծվիկ Մինասյանը Ժոկոյի աղջկան՝ Ծովինար Վարդանյանին նախատեց նախագծի քննարկման ընթացքում՝ ասելով. «Շուտով կորոշեք, թե ով հաց ուտի, ով՝ չուտի, դուք ո՞վ եք ընդհանրապես»։
Ալեն Սիմոնյանը Մինասյանին կոչ արեց կոռեկտ լինել։ Մինասյանն էլ հետաքրքրվեց Սիմոնյանից, թե ինչու է եկել ԱԺ։ «Ի՞նչ ա նշանակում՝ դուք ինչու եք եկել։ Եկել եմ, որ ձեզ աշխատավարձ ու պարգեւավճար տամ»,- իբրեւ թե խայթեց Սիմոնյանը։ Եվ չնայած ցուցադրական անվրդով պահվածքին, նա դահլիճից արագ հեռացավ, եւ նրա փոխարեն դերի մեջ մտավ խորհրդարանի ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որի նստած դիրքը, հայացքն անգամ արդեն իսկ փոխվել են: Ռուբինյանն ինքնավստահ բազմել էր դեռ փոխնախագահի աթոռին եւ փորձում էր հավասարակշռված մարդու տպավորություն թողնել, մինչդեռ այդ հարցում բոլորը վստահ են, որ դա շատ կարճ է տեւելու, եւ հենց այդ պատճառով դեմ էին նրա թեկնածությանը, բայց պարզվեց` Փաշինյանն այլ հաշվարկներ ու ծրագրեր ունի։ Ռուբինյանը փորձում էր համարժեք վերաբերմունքի արժանացնել թե՛ ընդդիմությանը, թե՛ իր թիմին, եւ թիմակիցներին նույնպես զգուշացնում էր ելույթների համար սահմանված ժամանակը գերազանցելու մասին։ Մինչ նա իրեն ԱԺ նախագահ էր զգում, Ալեն Սիմոնյանը հերթով անցնում էր խորհրդարանի բաժիններով եւ հրաժեշտ տալիս աշխատակազմին: Հետո որոշեց նաեւ այդ կարգավիճակում վերջին ճեպազրույցը տալ լրագրողներին եւ դա արեց վերջերս կառուցված երկնագույն մամուլի սրահում, որը դեռեւս չէր շահագործվել եւ պատրաստ էլ չէր` չուներ օդափոխման համակարգ, եւ անմարդկային շոգ էր: Բայց հավանաբար չցանկացավ, որ լրագրողների համար իր նախաձեռնությամբ ստեղծված բարեկեցիկ սրահի բացումն իր իրավահաջորդն անի, եւ իր վերջին ճեպազրույցը տվեց՝ մեկ ժամից ավելի դիմանալով այդ պայմաններին։
Նա իր խոսքում չթաքցրեց, որ թիմի որոշումն իր համար անակնկալ է եղել, ինքը ցանկացել է կրկին ԱԺ նախագահ դառնալ․ «Ես ցանկացել եմ շարունակել աշխատանքս ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն գոյություն ունի վարչություն, ես ենթարկվում եմ իմ վարչությանը։ Նեղվածություն չունեմ։ Ենթադրում եմ՝ ինչ-որ տեղում օգտակար կլինեմ իմ պետությանը»։ Սիմոնյանի խոսքերից հասկանալի դարձավ, որ նրան ոչ միայն «քցել» են ԱԺ նախագահի պաշտոնից, այլեւ որեւէ այլ պաշտոնի առաջարկ էլ չեն արել, խոստովանեց՝ ապագայի հետ կապված քննարկում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա էլ Փաշինյանի պես պնդեց, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարց չի քննարկվել։ «Ենթադրում եմ՝ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, նաեւ վարչության հետ եմ խոսել` չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր»,- հայտարարեց նա։
Օրեր առաջ մենք գրել էինք, որ Սիմոնյանը չի ցանկանում շարքային պատգամավորի կարգավիճակով խորհրդարան գնալ, հատկապես որ շարունակելու է մնալ հատուկ պետական պաշտպանության տակ գտնվող անձ եւ առաջիկա հինգ տարին թիկնապահներով է շրջելու, կեցության գումարներ է ստանալու։ Հարցին, թե ինչու չգնահատվեց իր հավատարմությունը, ինչը չներեց իրեն ՔՊ թիմը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այո, կա այդպիսի տրամաբանություն, այդպիսի դեպքերը պատմության մեջ շատ են, բայց իմ հարաբերությունը, իմ վերաբերմունքը, իմ նվիրվածությունը դա իմ որոշումն է, իմ տեսակն է, եւ ես ասել եմ ու նորից եմ կրկնում՝ իմ քաղաքական գործունեությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հետ համատեղ գործունեություն է, ես չեմ տարանջատում, չեմ տարանջատել ինձ որեւիցե դեպքում։ Ես շարունակելու եմ պաշտպանել իմ թիմին, այն գաղափարները, այն սկզբունքները, որ ես ունեմ, մենք ունենք, եւ չեմ ուզում, որ դուք պաշտոնով պայմանավորեք, մտածեք, որ դա պատիժ էր։ Դա պատիժ չէր, ես իմ ծառայությունը կատարեցի, ես լավ կատարեցի իմ ծառայությունը, ես, այսպես ասած, պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը։ Կապրենք՝ կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի։ Չեմ բացառում, որ կարող է մոտակա, չգիտեմ, ինչ-որ ժամանակահատվածում ընդհանրապես որեւիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ»:
Ի դեպ, չնայած ՔՊ խմբակցությունում Ալեն Սիմոնյանով հիացած չէին, բայց երեկ ասում էին՝ «մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը», եւ շատերն ափսոսանքով էին ճանապարհում Սիմոնյանին, տագնապով սպասում Ռուբինյանի ինտրիգներին ու քմահաճություններին: Թիմում կա մի ստվար խումբ, որն այս «ռակիրովկան» ամենեւին տեղին չի համարում, մանավանդ՝ հիմա, երբ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն եւ առաջիկայում բազում խնդիրների է բախվելու, ուստի կարծում են, որ չարժե փոխել մեկին, ով արդեն լեզու է գտել ոչ միայն թիմի, այլեւ նոր ընդդիմության գոնե մի հատվածի՝ «Հայաստան» դաշինքի հետ։
Ալեն Սիմոնյանի դեպքը նաեւ դաս է շատերի համար, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց օգտագործելու եւ դեն շպրտելու սովորություն ունի, ոչ մի մարդկային կապվածություն եւ պարտավորություններ չունի թիմակիցների նկատմամբ, եւ նույնը վաղ թե ուշ տեղի է ունենալու նաեւ մյուսների հետ:

Բաց մի թողեք
Վերաատեստավորումից «կտրվածների» թիվը թաքցնում են
Դպրոցների կառավարումն անցնում է նախարարությանը
Եթե արդեն թեկնածուներ են առաջադրում, նշանակում է` գիտեն ՍԴ-ն ինչ վճիռ է կայացնելու