04/07/2026

EU – Armenia

Ռուսաստանը իսլամական արմատականության գերին է դառնում, ինչ սպասել մեզ համար

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում ահաբեկչություն է կանխվել, որ ծրագրել էր իրականացնել ծագումով Կենտրոնական Ասիայի մի երկրից անձը։ Նա Ռուսաստանում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի համակիր է։

Այդ մասին հուլիսի 3-ին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ահաբեկչության կազմակերպիչը գտնվել է Սիրիայում, որի հանձնարարությամբ անձը «երկաթուղային տրանպորտի օբյեկտը» պետք է հարձակման ենթարկեր «հրկիզող սարքի միջոցով»։

Նախաքննությունը պարզել է, որ նա «լուսանկարել է օբյեկտը, այնուհետև ձեռք է բերել քիմիական նյութեր, որպեսզի դյուրավառ հեղուկով շշեր պատրաստի»։ Ահաբեկչությունը իրականացնելուց հետո նա պետք է մեկներ Սիրիա։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ ԱԴԾ-ն գրեթե ամեն շաբաթ այս կարգի հաղորդագրություններ է տարածում։ Պյատիգորսկում ահաբեկչություն կանխելու մասին հաղորդագրությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ ձերբակալված անձի ծրագիրը կապվում է ոչ թե Ուկրաինայի հատուկ ծառայությունների, այլ Սիրիայում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ։

Ըստ երևույթին, խոսքը իսլամական ահաբեկչական կազմակերպություններից մեկի մասին է, որի համակիրն է ծագումով Կենտրոնական Ասիայից կասկածյալը։ Այսինքն, Պյատիգորսկի երկաթուղային կայարանը հրկիզելու գործողությունը ծրագրել են իսլամիստները։ Ստավրոպոլի երկրամասը սահմանակից է ՌԴ հյուսիսկովկասյան ինքնավարություններին։

Անցյալ ամիս Ռուսաստանում «վարչական իրավախախտումների» համար բերման են ենթարկվել ՌԴ Մուսուլմանների հոգեւոր վարչության մի քանի սպասավորներ։ Մամուլում տեղեկություն է տարածվել, որ նրանցից «առնվազն երկուսը կասկածվում են իսլամական արմատականության կենտրոնների հետ կապերի մեջ»։

Տարեսզբին Regnum-ի թղթակիցը այցելել է Դաղստան և տպավորություն ստացել, որ «ՌԴ այդ սուբյեկտում Պաղեստինի դրոշներն ավելի շատ են, քան Ռուսաստանինը»։