Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվիրիշվիլին Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության և առևտրի ու տրանսպորտի նախարարներ Լազիզ Կուդրաթովի և Իլհոմ Մահկամովի հետ այցելել է Փոթի և հյուրերին ներկայացրել նոր նավահանգստի և ազատ արդյունաբերության գոտու հետ։
Հուլիսի 2-3-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը երկրօրյա պետական այցով գտնվել է Թբիլիսիում, բանակցություններ վարել նախ Վրաստանի նախագահ Կավելաշվիլիի, ապա վարչապետ Կոբախիձեի հետ։
Ուզբեկստանի նախագահի Վրաստան այցը համընկել է Ժնևում ռուս-վրացական «խորհրդատվությունների» հերթական փուլին։ Ինչպես և սպասելի էր, կողմերը որևէ էական համաձայնության չեն եկել։
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գալուզինը պաշտոնական Թբիլիսիին հերթական անգամ հորդորել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ «չհարձակվելու մասին» պայմանագիր ստորագրել։
«Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները Վրաստանի համար այլևս գլխավոր առաջնահերթություն» չեն,- Կենտրոնական Ասիայի երկրների հետ վերջին շրջանում ձեռք բերված համաձայնությունների և սպասվող գործնական պայմանավորվածությունների առթիվ գրել է saqinform պաշտոնական գործակալությունը։ Վրաստանը կենտրոնանում է «Միջին միջանցքի» ընձեռած հնարավորությունների վրա։
Ռուսաստանի և Վրաստանի միջև Աբխազիայի կարգավիճակի հարցում, ամենայն հավանականությամբ, որևէ համաձայնություն բացառված է։ Այդ խնդիրը Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի։
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է «աբխազական երկաթուղու գործարկման» մասին՝ որպես TRIPP-ի այլընտրանքի։
Ժնևում կայացած ռուս-վրացական «խորհրդատվությունները», Կենտրոնական Ասիայի երկրների հետ Վրաստանի պայմանավորվածությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» տեսանելի ապագայում գործնականացնելու որևէ հնարավորություն չկա։
Մնում է կանխատեսել, թե TRIPP-ի իրականացումը Հայաստանին ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգային ի՞նչ շահ կբերի։ ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ Դոնալդ Թրամփին հղած ուղերձում Իլհամ Ալիևը այդ նախագիծն անվանել է «Եվրոպայի և Ասիայի միջև կայուն և անվտանգ այլընտրանքային հաղորդուղի»։

Բաց մի թողեք
ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ ի՞նչ հեռանկար է ընտրում Թուրքիան
«Ապոկալիպսիսից զգուշացման» կամ «աշխարհաբաժանման առաջարկի» տպավորություն
Սառը հաշվարկ. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը