06/07/2026

EU – Armenia

Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի է նշանակել, բայց պատերազմ կհայտարարի՞»

Պատերազմ է գնում, դա իսկական պատերազմ է։ Դուք գիտե՞ք, ինչու է պատերազմ։ Որովհետև սկսվել է «հատուկ ռազմական գործողություն», իսկ շարունակվում է որպես պատերազմ, որովհետև Կիև թիկունքին կանգնած են և Բեռլինը, և Փարիզը, և Հաագան, և Օսլոն, և, ցավոք, Վաշինգտոնը։

Քանր որ նրանց օգնում են իրենց արբանյակների միջոցով թիրախավորել, նրանց օգնում են արտասահամնյան սպառազինությունները ուղղորդել մեր նշանակետերի վրա՝ իրենց բոլոր ենթակառուցվածքների ներգրավմամբ։

Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության մասին «Վեստի» ծրագրին հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։

Այս գնահատականը նոր չէ, բայց, թերևս, առաջին անգամ է, որ Ռուսաստանը Ուկրաինային աջակցող երկրների շարքում ուղղակի նշում է նաև Միացյալ Նահանգները։ Ընդ որում, դա արվել է Թրամփ-Պուտին մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցից հետո։

Որ այդ ընթացքում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում «ընդհանուր հայտարարի չեն եկել», պարզ էր ամերիկյան բանագնացների Մոսկվա այցը առնվազն մինչև ամառնավերջ հետաձգելու մասին Պուտինի օգնական Ուշակովի հայտարարությունից, բայց որ ՌԴ նախագահը մամուլի քարտուղարի շուրթերով Վաշինգտոնին պատերազմող կողմ, այն է՝ թշնամի «կնշանակի», սա արդեն ռուս-ամերիկյան «ճգնաժամի նախերգանք» է։

Ընդ որում, Պեսկովը այդ կարևոր արձանագրումը արել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մեկնարկին ընդառաջ, երբ հայտնի է, որ Դաշինքի անդամ բոլոր երկրները քննարկվելիք հարցերին Ուկրաինայի նախագահ Զելենսկու և նրա գլխավորած պատվիրակության «լիարժեք մասնակցությանը հավանություն են տվել»։

Կարելի է վստահության մեծ չափաբաժնով ենթադրել, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը ուկրաինական կարգավորման վերաբերյալ նրան «ոչ հաճելի» դիրքորոշում է փոխանցել։

Սոցիալական մեդիայում տեղեկություններ են հայտնվել, որ «հուլիսի կեսերին Ռուսաստանում նոր զորահավաք կանցկացվի, որ կսկսվի առանձին մարզերից»։ Ակնկալվում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին «կխնդրի ժամանակավորապես փակել ցամաքային սահմանի բոլոր անցակետերը, որպեսզի կանխի զինապարտ քաղաքացիների արտահոսքը»։

Ռուսաստանը արդեն իսկ Ֆինլանդիայի և մերձբալթյան երկրների հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը դադարեցրել է։

Ըստ երևույթին, Մոսկվան ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների մասին ոչ միայն պաշտոնական, այլև խորհրդապահական տեղեկությունների է սպասում։ Ամեն դեպքում, հավանաբար, կարելի է արձանագրել, որ Ուկրաինայի հարցում բացառապես ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու և այն Կիևին և Բրյուսելին պարտադրելու պուտինյան մարտավարությունը, մեղմ ասած, հաջողությամբ չի հասել։ Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի է նշանակել, բայց պատերազմ կհայտարարի՞»։